Ինչի՞ համար է քառյակը հանրահավաք կազմակերպում։ Նպատակը ո՞րն է։ Ցույց տալ, որ իրենք դե՞մ են սահմանադրական բարեփոխումներին, որ դրանց միակ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությո՞ւնն է։ Բայց դա առանց այն էլ բոլորը գիտեն, եթե չիմանան էլ՝ երեք ուժերի ներկայացուցիչները կարող են օրը մի քանի անգամ ելույթներ ունենալ, հարցազրույցներ տալ եւ այլն։
Հանրահավաքի ժամանակ երեք ուժերը պիտի մարդկանց բացատրեն, որ իշխանությունները չե՞ն կատարել իրենց 12 պահանջները։ Բայց դա նույնպես կարելի է անել լրատվամիջոցներով։ Այսինքն՝ հանրահավաքի բուն նպատակը հասարակությանն ինֆորմացիա տալը չէ։ Բուն նպատակը, եթե կարելի է այսպես արտահայտվել, ուժի ցուցադրումն է։ Բանն այն է, որ իշխանություններն այլ լեզու պարզապես չեն հասկանում, եւ եթե ինչ-որ դրական բան ասում են՝ ապա միայն հասարակական ճնշման տակ։ Ընդ որում՝ ինչքան մեծ է լինում ճնշումը, այնքան մեծ են լինում իշխանությունների զիջումները։ Ապացույց՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, պարտադիր կուտակայինի հարցում զիջումները եւ այլն։
Եթե հարցին հայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ ինչքան հզոր լինի առաջիկա հանրահավաքը, այնքան մեծ է հավանականությունը, որ իշխանությունները լուրջ զիջումներ կանեն սահմանադրական բարեփոխումների հարցում եւ դա չեն դարձնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման գործիք։ Եվ ահա այս իրավիճակում ՀՅԴ-ն հրաժարվում է մասնակցել այդ հանրահավաքին, այսինքն՝ հրաժարվում է իր կարողությունների շրջանակներում հզորացնել հանրահավաքը։ Պարզ ասած՝ հրաժարվում է անել մի բան, որի արդյունքում իշխանությունների՝ զիջումների գնալու հավանականությունը կմեծանա։ Մնացածը լոլոներ են, բուն իրողությունը սա է։
Ճիշտ է, հանրահավաքի հզորությունը դրանից առանձնապես չի տուժի (ոչ թե այն պատճառով, որ Դաշնակցության համակիրները փոքրաթիվ են, այլ որովհետեւ նրանց զգալի մասն այսպես թե այնպես ներկա կգտնվի հանրահավաքին), բայց փաստը մնում է փաստ՝ ՀՅԴ-ն պաշտոնապես չի ցանկանում հարաբերությունները փչացնել իշխանությունների հետ։ Ավելին՝ պատրաստ է «կառուցողական երկխոսության»։ Իսկ որտեղ «կառուցողական երկխոսություն»՝ այնտեղ փոխզիջումներ, հետաքրքիր առաջարկներ, դիվանագիտական պաշտոններ եւ այլն։
Կարդացեք նաև
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում