Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Գործող սահմանադրությունը որոշ դեպքերում ուղղակիորեն խոչընդոտում է անվիճելի համարվող խնդիրների լուծմանը». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 18,2014 12:34

Հատված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Երկրի հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, պետք է բարեփոխել այն դեպքում, երբ գործողը խոչընդոտում է պետության զարգացմանը, կամ երկրում կա սահմանադրական ճգնաժամ: Ի՞նչ կասեք ընդդիմության այս դիտարկման առնչությամբ:

-Ընդդիմության այս ու մյուս բոլոր հարցադրումների պատասխաններն արտացոլված են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Այդ փաստաթղթի հիմնական հատվածը վերաբերում է հենց այն խնդրին, թե որքանո՞վ է իրավաչափ բարեփոխումներ նախաձեռնելը: Առանձնացրել ենք լուծման ենթակա խնդիրներն ու հնարավորինս պարզաբանել, թե գործող սահմանադրության շրջանակներում ինչո՞ւ հնարավոր չէ դրանք լիարժեքորեն իրականացնել:

Եթե հարցին պատասխանեմ ընդդիմության բառապաշարով, ապա, այո, գործող սահմանադրությունը որոշ դեպքերում ուղղակիորեն խոչընդոտում է անվիճելի համարվող խնդիրների լուծմանը:

Հնչում է նաեւ մեկ այլ հարցադրում. բոլոր խնդիրներն անվերապահորեն հնարավոր է լուծել գործող սահմանադրության շրջանակներում, սակայն դրանք չեն լուծվում, որովհետեւ դրա համար չկա անհրաժեշտ քաղաքական կամք ու քաղաքական մշակույթ:

Ըստ էության, համոզված եմ, սա ծայրահեղ դիրքորոշում է, մենք առանձնացրել ենք այն խնդիրները, որոնք անգամ իդեալական քաղաքական կամքի դրսեւորման դեպքում հնարավոր չէ լուծել, որ դրանց լուծման բանալին, այնուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումներն են: Հիմնավորումները բազմաթիվ են, սակայն բերեմ մեկ օրինակ. կառավարությունը, սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն, իրավունք չունի իր որոշմամբ սահմանել իրավունքների իրականացման կարգ, այն վերապահված է խորհրդարանին:

Ի դեպ, սա նախադեպը չունեցող եզակի իրավական լուծում է: Այն ակնհայտորեն խոչընդոտում է ե՛ւ կառավարության, ե՛ւ խորհրդարանի բնականոն գործունեությանը: Դժվար է պատկերացնել լիարժեք գործադիր իշխանություն, որը զրկված է իրավունքների իրականացման կարգ սահմանելուց, մինչդեռ գործադիրի գերխնդիրը դա պետք է լինի, նաեւ այդ եղանակով պիտի ապահովի օրենքների կատարումը:

Անդրադառնամ նաեւ մեկ այլ ծայրահեղության: Հարց են հնչեցնում. եթե սահմանադրությունը բարեփոխվում է, կարելի՞ է ակնկալել, որ այլեւս որեւէ խնդիր չի լինելու:

Իհարկե, խնդիրներ կարող են լինել բարեփոխումների արդյունքում, քանզի սահմանադրությունն ինքնըստինքյան չի լուծում երկրի տնտեսական, սոցիալական, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերը: Սահմանադրությունն ընդամենը իրավական հիմք է, որպեսզի այդ խնդիրները լուծելիս ձեռքի տակ ունենանք ունակ ու ողջամիտ լծակներ, այսինքն՝ սահմանադրությունը կարող է էապես նպաստել հիշյալ խնդիրների լուծմանը կամ խոչընդոտել. մենք նախապատվությունը տալիս ենք առաջին տարբերակին:

Բացի այդ, քաղաքական կամք եւ քաղաքական մշակույթ կոչվածը դատարկ տեղում չի ձեւավորվում, այն մեկուսացած երեւույթ չէ: Դրան մեծապես նպաստում է նաեւ իրավական մշակույթի ձեւավորումը, մեր մտածելակերպի վերափոխումը: Սրանք մեկ ամբողջական համակարգի փոխկապակցված բաղադրիչներ են, մեկի փոփոխությունը պայմանավորված է մյուսով: Եթե մենք ամեն ինչ թողնենք անփոփոխ ու ընդամենը ակնկալենք քաղաքական կամքի փոխոխություն, կնշանակի կատարում ենք անիրատեսական քայլեր:

Նաեւ շատ կարեւոր է, որ բարեփոխումները կատարվեն խելամտորեն: Ոչ թե պետք է մտածել, թե սահմանադրությունը ցանկացած մեթոդաբանությամբ բարեփոխելով՝ քաղաքական մշակույթն էլ արագ կվերափոխենք, այլ պետք է կատարենք այնպիսի փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն դրականի:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930