Հատված տնտեսագետ, 1994-1998թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանի հետ հարցազրույցից:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար ակտիվություն է դրսևորում և վերջերս խիստ բացասական գնահատականների է արժանացրել վարվող տնտեսական քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կառավարման շրջանում տնտեսական քաղաքականությունները համեմատության ի՞նչ եզրեր ունեն և ինչո՞վ են հակասում իրար։
– Էական տարբերություն չկա։ Այս համակարգը Ռ. Քոչարյանի ստեղծած համակարգն է, որտեղ ինչ-որ տարրեր թուլացել են։ Ռ. Քոչարյանը ստեղծեց կենտրոնաձիգ կոռուպցիոն համակարգ, որը որոշիչ դերակատարություն ունեցավ հետագա բոլոր գործընթացների համար։ Իհարկե, մի բան պետք է ընդունել՝ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներն արտաքին կոնյունկտուրայի տեսանկյունից լավագույն շրջանն էր։ Դրսից ֆինանսական հոսքը, ինչո՞ւ չէ, թե՛ նախկինում իրականացված բարեփոխումների, թե՛ արտաքին ու ներքին համեմատական կայունության, ու թե՛ նաև այդ ժամանակահատվածում ձևավորված կոռուպցիոն, սակայն արդյունավետ գործող համակարգը տվեցին որոշակի արդյունք։
– Բայց դա Քոչարյանի՞ շնորհքն էր։
Կարդացեք նաև
– Իր ժամանակաշրջանում էր, իսկ քաղաքական ու կառավարման համակարգը՝ իր ստեղծած։ Հիշում եք, անգամ մի պահ բանավեճ եղավ իշխող կուսակցության դերի վերաբերյալ, և Քոչարյանն ուղղակի հայտարարեց, որ ընտրությունների նախօրեին ինքն է այդ ցուցակը ձևավորել։ Հիմա կարող ենք իրեն վերագրել, կարող ենք՝ չվերագրել։
Ունեցել ենք 10-11% աճ, բայց, կարող ենք միանշանակ ասել, որ եթե ավելի խելացի լինեինք, այդ աճը կարող էր շատ լինել, եթե այս-այս խնդիրները ճիշտ լուծվեին։ Այո, արտաքին հոսքը կար, բայց դա մեր վաստակած փողը չէր, և մեր արժույթը չպետք է արժևորվեր, որի արդյունքում արտահանման հնարավորությունները փոքրացան և կտրուկ ավելացան ներկրման ծավալները։ Այս ընթացքում ունեցանք տնտեսական աճ, սոցիալական վիճակի բարելավում տեղի ունեցավ, բայց նշեք տնտեսության մի ոլորտ, որը զարգացում ապրեց և երաշխավորեց տնտեսության վերարտադրողական ներուժը։
Մնաց տեսանելի տնտեսական աճի կարևոր տարրերից մեկը՝ Հյուսիսային պողոտան, որն ուղղակի կոռուպցիայի ձեռնարկ է, որի հեղինակը Ռ.Քոչարյանն է։ Պետք է՝ մարդկանց տներից կշպրտեն դուրս, միայն թե ոչ մի խոչընդոտ՝ ներդրում իրականացնելու համար։ Այս յուրաքանչյուր գործողության հետևում կանգնած են եղել կոնկրետ շահեր, և իշխանությունը սպասարկել է դրանք։ Ու եթե դա ի վնաս հասարակության չարվեր, իրոք, ողջունելի կլիներ։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում