Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Իշխանությունը գործող սահմանադրությամբ էլ կարող է վերարտադրվել»

Սեպտեմբեր 18,2014 12:14

ՀՀԿ-ն նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է`լրագրողներից մեկի հարցին, այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ըստ իս, ճիշտը, համենայնդեպս, կիսանախագահականն է: Բայց, քանի որ խորհրդարանը ներկայացնում է հիմնական խորհրդարանական ուժերին, ճիշտ է, որ խորհրդարանն ավելի շատ լիազորություններ ունենա»:

Սուքիաս Ավետիսյանի համար անհասկանալի են սահմանադրական բարեփոխումների դեմ խոսողների բերած փաստարկներն այն պարագայում, երբ երկրի եւ ՀՀԿ-ի նախագահը բազմիցս հնչեցրել է, թե ի՞նչ խնդիր է ուզում լուծել իշխանությունն այս բարեփոխումներով`մարդու իրավունքները հնարավորինս պահպանել չինովնիկների ոտնձգություններից, դատական իշխանությունն իսկապես անկախ դարձնել ու բարելավել, իշխանության թեւերի տարանջատում եւ փոխադարձ հսկողություն:

«Ես հիմա ուզում եմ դեմ փաստարկը հասկանալ: Ինչի՞ն են դեմ սրանք: Ի՞նչ է նշանակում`ժամանակը չի: Իսկ ե՞րբ է ժամանակը. Նոր ընտրություն լինի ընտրություններից հետո՞: Ես դա չեմ հասկանում: Այն, ինչի մասին խոսում ենք, թողնենք ավելի խորանա, որ ընդդիմությանն ավելի ձեռնտո՞ւ լինի: «Ինչքան վատը`այնքան լավ» տարբերա՞կը լինի: Մինչեւ ընտրություններն ասում էին`եկեք սահմանադրական բարեփոխումներ անենք: Հիմա ի՞նչ է փոխվել: Ընտրություններից հետո մենք սահմանադրական բարեփոխումներ ենք անում: Ի՞նչ կապ ունի սահմանադրական բարեփոխումները երկրի տնտեսական վիճակի հետ»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով ընդդիմադիրների այն դիրքորոշմանն էլ, որ սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը վերարտադրության խնդիր է լուծում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Հաշվենք՝ սահմանադրական բարեփոխումներ չենք անում, ամեն ինչ մնում է նույն ձեւով. Իշխանությունն էլ չի՞ վերարտադրվելու: Նորից վերարտադրվելու է, մենք այդ խնդիրը չունենք: Հանեք բոլոր ժամանակների տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները, այսօրվա վիճակը նայեք`քանիսն են ՀՀԿ-ական: Այսինքն, գործող Սահմանադրությամբ էլ իշխանությունը կարող է վերարտադրվել: Էդ խնդիրը մենք հիմա էլ չունենք: Հակառակը, ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները եթե լինեն, ընդդիմախոսներին ավելի ձեռնտու է»:

Իշխանական պատգամավորի մոտ նաեւ տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, թե սահմանադրական բարեփոխումների պահանջը հասարակության մոտ չկա. «Էդ ե՞րբ է ժողովուրդը նախաձեռնում սահմանադրական բարեփոխում: Միշտ էլ իշխանությունը կամ որեւիցե մի քաղաքական ուժ է նախաձեռնում դա»:

Նա գտնում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք սոցիալական հարցերը կապում են այդ բարեփոխումների հետ, այդքան էլ հեռանկարային ուժեր չեն: «Ցավոք, կան քաղաքական ուժեր, որոնք մի բան անում են, մի շաբաթ հեռուստացույցով ցույց են տալիս`գիտեք, գնացինք էս ինչ տեղն ու բարեգործություն արեցինք: Իսկ իշխանությունը դա չի անում, որովհետեւ գտնում է, որ ինքը պարտավոր է ամեն տեղ, ամեն համայնքում մարդու կողքին լինել եւ օգնել»,- ասաց իշխանական պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930