Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա կայացած նիստի ժամանակ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը հանդես եկավ վերջին խոսքով:
Հիշեցնենք, որ նախկին տնօրենը մեղադրվում է այն բանի համար, որ նա ՊՆ ոլորտում մսի մատակարարման գործընթացի ժամանակ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել Է `ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 դրամի գույքային վնաս:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ալբերտ Օհանջանյանը իրեն մեղավոր է համարել եւ զղջացել կատարվածի համար:
«Շուրջ 17 տարի է հանդիսանում եմ պաշպանության նախարարության մատակարար, յուրաքանչյուր տարի կատարել եմ պայմանագրային պարտականությունները եւ մի շարք տարիների ընթացքում մեր կողմից նվիրատվություններ են կատարվել ՊՆ-ին: Իսկ ինչ վերաբերում է այս դեպքին` զղջում եմ եւ գիտակցում եմ իմ կատարած արարքը, դրա հետ կապված ՊՆ-ին հասցված վնասն ամբողջովին վերականգնել եմ, 8 ամիս 11 օր էլ պատիժ եմ ստացել, ընթացքում կատարվել է սրտի փակ վիրահատություն, առողջական վիճակս վատացել է: Ես զղջում եմ եւ ընդունում իմ կատարած արարքը, խնդրում եմ դատարանին հնարավորինս մեղմ պատիժ կիրառել», -իր վերջին խոսքում նշեց Ալբերտ Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ «գոմեշի մսի» գործով դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով:
Հայտնաբերված խախտումների առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, իսկ Ալբերտ Օհանջանյանը 8 ամիս 11 օր կալանքի տակ է գտնվել:
«Գոմեշի մսի» գործով դատավճիռը կկայացվի այսօր:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ