Դուք պատրա՞ստ եք ապրել Խալիֆայությունում: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: 7-րդ դարում էլ պատրաստ չէինք, բայց հարցնողն ո՞վ էր: Քաջարի սպարապետ Թեոդորոս Ռշտունու առաջնորդությամբ կռիվներ տվեցինք արաբների դեմ եւ մեկում նույնիսկ հաղթեցինք, բայց չօգնեց: Չմոռանամ նշել, որ բյուզանդական ռազմաբազա էլ ունեինք, բայց չկռվեցին, թողեցին գնացին՝ մեկը լիներ իրենց փրկեր: Սփոփիչն այն է, որ միայն մենք չեղանք Մուհամմադ մարգարեի հետեւորդների մղած սրբազան պատերազմի զոհը, ու մեկ էլ այն, որ Խալիֆայության մեկ վարչական միավորի մեջ միավորելով գրավված Հայաստանը, Վրաստանը, Աղվանքն ու Դերբենդը՝ մեր երկրի անունով կոչեցին այն՝ Արմինիա: Ի դեպ, հենց այդ ժամանակ էր, որ Արմինիայի տարածքում հայտնվեց առաջին ոստիկանը: Անունն էր ոստիկան, բայց իրականում ոստիկանապետ Վովա Գասպարյանին համարյա հավասար ֆիգուր էր՝ Արմինիայի կառավարիչն էր:
Դարերի հեռավորությունն է թույլ տալիս փոքր-ինչ թեթեւ ոճով խոսելու այդ ողբերգական անցքերի մասին, բայց դե, ցանկացած դպրոցական գիտի, որ հազարներով սրի քաշվեցինք, քաղաքներ եւ գյուղեր ավերվեցին ու թալանվեցին Մարգարեի սեւ դրոշի ներքո:
Մոտ 1300 տարի անց՝ միջուկային ռումբերի, սմարթֆոնների ու մարսագնացների մեր դարում, մինչ Հայաստանում խիարները թարս են բուսնում, համարյա նույն տեղում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղականների միավորումը նոր Խալիֆայություն է հռչակել:
Մի քանի տեղեկություններ 2006թ. «Ալ-Քաիդայի»՝ Իրաքի ստորաբաժանման հետ 10 այլ ծայրահեղական խմբերի միավորման արդյունքում ստեղծված այդ կազմավորման մասին: Սկզբում այն գործում էր միայն Իրաքի տարածքում, հետո սկսեց կռվել նաեւ Սիրիայի կառավարական զորքերի դեմ եւ, որպես իր հավակնությունների ընդլայնման հավաստիք, իր անվան մեջ նշեց նաեւ Լեւանտը: Հիշեցնեմ, որ Լեւանտ է կոչվել Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան ափը՝ սկսած ներկայիս Թուրքիայի ափերից մինչեւ Եգիպտոս: Բայց կա այդ անվանման ավելի նեղ հասկացողություն՝ Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի ու Պաղեստինի տարածքները: Թե ո՞ր Լեւանտը նկատի ունեին Ալլահի զինվորները՝ պետք է հարցնել իրենց ներկա առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադիից: Բայց նա արդեն կարող է խուսափել պատասխանից, քանի որ Իրաքի ու Սիրիայի՝ հիմնականում սուննիներով բնակեցված տարածքները գրավելուց, դրանց միջեւ պետական սահմանը ջնջելուց ու Խալիֆայություն հռչակելուց հետո կազմակերպությունը սկսեց կոչվել կրճատ՝ «Իսլամական պետություն»:
Չնայած «Ալ-Քաիդայի» վճռորոշ մասնակցությանը «Իսլամական պետության» ստեղծմանը՝ ներկայում «Ալ-Քաիդան» վճռականորեն տարանջատվել է «Իսլամական պետությունից»՝ հայտարարելով, որ որեւէ պատասխանատվություն չի կրում նրանց գործողությունների համար: Հայտնի է նաեւ, որ հիմա «Ալ-Քաիդայի» հովանավորությունը վայելում է «Ալ-Նուսրան»՝ մեկ այլ ծայրահեղական խմբավորում, որը նույնիսկ զինված բախումներ է ունեցել «Իսլամական պետության» հետ Սիրիայում:
Հստակ փաստեր չկան, բայց շատ հավանական է, որ այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ն ամեն ինչով օժանդակում էր սիրիացի իբր չափավոր ապստամբներին, միջնորդավորված զինել ու ֆինանսավորել է նաեւ «Իսլամական պետությանը»: Սա եւ ներկայիս «Իսլամական պետության» դիրքերի ամերիկյան ռմբակոծությունները ոմանց չարախնդալու առիթ են տալիս, ինչպես եւ «Ալ-Քաիդայի» դեպքում: Փաստ է, որ արդեն երկրորդ անգամ Ամերիկայի իսլամի հովանավորյալները, հսկողությունից դուրս գալով, դառնում են ոխերիմ թշնամի:
Կարդացեք նաև
Ինչեւիցե, «Իսլամական պետությունից» մեզ ուղղված անմիջական սպառնալիք դեռ չկա, եթե չհաշվենք դրանց հրապարակած խալիֆայության քարտեզը, որում ընդգրկված է ողջ Կովկասը: Անմիջական սպառնալիք դեռ չկա նաեւ Արեւմուտքի համար, բայց, բարեբախտաբար, շատերն են արդեն հասկացել, որ իսլամական ծայրահեղականության այս նոր դրսեւորումը պոտենցիալ սպառնալիք է ողջ աշխարհի համար: Արյունալի դեբոշը, որը սարքել են տարբեր երկրներից ժամանած «հավատացյալ» բաշիբոզուկները Իրաքում, անասնական մոլեռանդությունը, որով սկսեցին մորթել ու բռնաբարել Նինվեի քրիստոնյաներին ու եզդիներին, հիշեցնում են ոչ թե Արաբական խալիֆայության տիրապետության ժամանակները, այլ անցած դարասկզբի օսմանյան այլանդակ կայսրության գործելաոճը:
Նշենք նաեւ, որ «Իսլամական պետությունը» անմիջական սպառնալիք է Սիրիայում եւ Լիբանանում ապրող մեր հայրենակիցների համար: «Իսլամական պետությունը» արդեն իսկ գրոհել ու գրավել է Լիբանանի հյուսիսարեւելյան, Սիրիայի հետ սահմանամերձ՝ Աարսալ բնակավայրը, տասնյակ զինվորականների ու անվտանգության աշխատակիցների է պատանդ պահում իր մոտ՝ պահանջելով ազատ արձակել Լիբանանի բանտերում իրենց պատիժը կրող իսլամիստ ծայրահեղականներին: Հայերն, իհարկե, առանձին թիրախ չեն: Թշնամի են հռչակված Լիբանանի բոլոր «անհավատները»: Վերջերս խաչ են այրել Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում, ուր նաեւ քրիստոնյաների հասցեին սպառնալիքներ են գրվել մի քանի մարոնիտ եկեղեցիների պատերին:
Բնականաբար, սա չի կարող չանհանգստացնել լիբանանահայ համայնքին: Բարեբախտաբար, անհանգստացած է նաեւ Լիբանանի իշխանությունը, որը քայլեր է ձեռնարկում բանակի հզորացման ուղղությամբ, իսկ շիաների «Հըզբոլլահը»՝ Լիբանանի ամենամարտունակ ուժերից մեկը, Սիրիայի տարածքում ուղղակիորեն է ներգրավված «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Հուսադրող է նաեւ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության եւ այլ արեւմտյան տերությունների պատրաստակամությունը Իրաքի եւ Քրդստանի իշխանություններին զենք-զինամթերքով օգնելու հարցում, ինչպես նաեւ նրանց անմիջական օդային գործողությունները «Իսլամական պետության» դեմ: Այս հարցում համընկել են նաեւ Իրանի եւ Արեւմուտքի շահերը: Իրանը ճիշտ ժամանակին էական օգնություն տրամադրեց Իրաքի իշխանություններին, այլապես Բաղդադն էլ էր անցնելու ծայրահեղականների հսկողության տակ:
Բավականին երկիմաստ է Թուրքիայի դերը այս ամբողջ անցուդարձում: Որոշ աղբյուրներ մեղադրում են թուրքերին «Իսլամական պետությանը» ֆինանսապես ու սպառազինությամբ օգնելու մեջ: Այլ աղբյուրներ նշում են, որ Թուրքիան դարձել է իսլամիստների գրաված նավթահանքերից ապօրինաբար արդյունահանվող ու դեմպինգային գներով սեւ շուկայում վաճառվող նավթի հիմնական գնորդը, ինչով նույնպես մեծ օժանդակություն է ցուցաբերում նրանց: Փաստ է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են թույլ տալ ամերիկացիներին օգտագործել Ինջիրլիկի օդուժի բազան՝ «Իսլամական պետության» դիրքերը ռմբակոծելու համար:
Միայն ժամանակը ցույց կտա, թե որքան երկար կգոյատեւի նոր Արաբական Խալիֆայությունը: Հուսանք, որ կարճ: Միացյալ Նահանգները իսկական պատերազմ է հայտարարել «Իսլամական պետության» դեմ, իսկ պետքարտուղար Ջոն Քերին այս օրերին ջանադրաբար զբաղվում է «Իսլամական պետության» դեմ պետությունների նոր ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմամբ: Զավեշտալի է, որ լկտիաբար Ուկրաինա ներխուժած ռուսները սկսեցին դժգոհել այս առիթով՝ պնդելով, որ ծայրահեղականներին ռմբակոծելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի թույլտվությունը: Զարմանալի է, բայց Սիրիան էլ դեմ արտահայտվեց, որ իր կողմից չվերահսկվող տարածքներում ռմբակոծվեն իր իսկ ոխերիմ թշնամիները:
Ինչեւիցե, չարիքը պետք է խեղդվի օրորոցում: Մուհամմադի դրոշը ձեռներն առած այդ տմարդիները պետք է ոչնչացվեն անողոքաբար:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2014