Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանին կասկածում են իշխանության հետ գործարքի գնալու մեջ

Սեպտեմբեր 18,2014 15:00

Ըստ Վարդան Բոստանջյանի,
նա նպաստում է իշխանության վերարտադրմանը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց 3 կետից կազմված իրենց պայմանը՝ իշխանություններին, որը կատարելու դեպքում կհամաձայնեն մասնակցել քննարկումներին եւ փոխել Սահմանադրությունը: Այդ պայմաններն են՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ընդդիմությանը տալ վերահսկողական լուրջ լծակներ եւ 2016-ի գարնանը համապետական ընտրություններ անել՝ բարեփոխված Սահմանադրությամբ:

Այս կետերը լսելուց հետո ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը դուրս եկավ սրահից եւ ասաց, որ տրամադրությունն ընկել է: «Առավոտը» հարցրեց՝ դավաճանությո՞ւն եք համարում Ռուբեն Հակոբյանի այդ պայմանները, անակնկա՞լ էր սա ձեզ համար: Նա պատասխանեց. «Հերթական անգամ ես տեսա, որ մեղկ ու կրակ է ազգս, քան որոշում կայացնողները»: Մեր հարցին՝ գործարքի կասկածնե՞ր ունեք՝ նա պատասխանեց. «Գործիչ կա, իշխանությունը վերարտադրում է, այդքան բան: Մենակ դա է նշանակում, ուրիշ ոչինչ»:
Մեզ հետ զրույցում իշխանության հետ գործարքի մասին Ռուբեն Հակոբյանն ասաց. «Եթե մենք հստակ, փաստարկված ներկայացնում ենք իրավիճակը, ասում ենք՝ պայմաններ կան, որոնք այսօր խոսում են այն մասին, որ քեզ իշխանություն չի կարելի վստահել, այս պայմանները իրականացնես՝ մենք կմտնենք քննարկման դաշտ, եթե դրանով մենք նպաստում ենք իշխանության վերարտադրմանը՝ ես այստեղ ձեռնպահ կմնամ: Շատ-շատ եմ կասկածում, որ այս մեր առաջարկությունները իշխանությունը կանի»: Ըստ Ռուբեն Հակոբյանի, եթե իշխանությունները գնան զիջումների, ո՞վ կհրաժարվի քննարկումների մեջ մտնել. «Ի՞նչ է եղել, եթե իսկապես մենք ճանապարհային քարտեզ գծենք: Մի հակադրեք սպասվող հանրահավաքները եւ այն առաջարկությունները, ինչ ես արել եմ: Առանց իշխանության վրա ճնշումների ես բացառում եմ, որ այդ առաջարկությունները կկարողանան միս ու արյուն ստանալ: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի մոտեցումներին, մի քիչ ավելի համբերատար սպասեք իշխանությունների ռեակցիային»:
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի խոսքերով՝ «Պարոն Հակոբյանի կարծիքը իր կարծիքն է եւ իր կուսակցության կարծիքն է: Գնահատականներ տալ, կարծում եմ, տեղին չէ: Ընդհանուր առմամբ, մենք համակարծիք ենք: ԲՀԿ-ի անունից կարող եմ ասել, որ մենք երբեք չենք ասել, որ այդ փոփոխություններն անընդունելի են, ուղղակի ժամանակավրեպ են: Հիմա այդքան ռեսուրս ծախսել՝ Սահմանադրություն փոխելու համար, գտնում եմ անընդունելի»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն էլ իր մի քանի կետանոց պայմանները դնի իշխանության առաջ եւ համաձայնի փոխել Սահմանադրությունը՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Կքննարկվի կուսակցությունում, հասարակությունը տեղյակ կլինի: Այս պահի դրությամբ մեր տեսակետները բաց են»: Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից հասկացվում է, որ ավելի կոշտ դիրքորոշում կա այս հարցում, խոստանում է հանրահավաքներ, եթե Սահմանադրության փոփոխության հարցը դրվի՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Մենք պետք է ուշադիր լինենք՝ արդյո՞ք հասարակությունը կողմ է դրան: Պետք է հանդիպումների, հանրահավաքների միջոցով հասկանալ՝ հասարակությունն ուզո՞ւմ է գնալ սահմանադրական բարեփոխման, թե՞ սա ֆարս է, որին պետք է մասնակցի ժողովուրդը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930