Սիրիական պատերազմի ընթացքում իննամյա հայ տղան ռումբի պայթյունից լուրջ վնասվածքներ էր ստացել՝ կոտրվել էին երեխայի սրունքները: Նրան վիրահատել էին Դամասկոսում, ապա տեղափոխել Երեւան՝ հետվիրահատական բուժում ստանալու նպատակով:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փոքրիկների բուժման ընթացքին ծանոթանալիս, նախարարին ներկայացվել էր նաեւ Դամասկոսից մայիսի 30-ին Հայաստան ժամանած, սիրիական պատերազմի ընթացքում ռումբի պայթյունից լուրջ վնասվածքներ ստացած իննամյա Նարեկ Մարաշլյանը: Երեխայի ոտքերը պատկերող ռենտգեն նկարի վրա ամբողջովին բեկորներ էին, ինչը հստակ երեւում էր անգամ ոչ մասնագիտական աչքով:
Արմեն Մուրադյանը երեխային սփոփելու համար ասաց, որ նա պետք է շուտափույթ ապաքինվի, որպեսզի սեպտեմբերին դպրոց գնա, ինչին երեխան պատասխանեց, որ երբեք չի ցանկանա դպրոց մտնել, քանի որ ռումբի պայթյունը հենց դպրոցի տարածքում էր տեղի ունեցել: Հիվանդասենյակում երեխայի առողջական վիճակի վերլուծությանն ակտիվորեն մասնակցում էր նաեւ նրա հայրը՝ Ռաֆայել Մարաշլյանը։ Պարզվեց, որ մասնագիտությամբ բժիշկ է: Առողջապահության նախարարը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա չի ցանկանա իր մասնագիտական գործունեությունը Հայաստանում շարունակել, ինչին Ռաֆայելը դրական պատասխան տվեց:
Նույն օրը լրագրողների հետ ունեցած կարճ զրույցում ՀՀ առողջապահության նախարարը նշել էր, որ երեխաները չպետք է տուժեն մեծահասակների հիմարությունների՝ պատերազմների պատճառով:
Կարդացեք նաև
Շուրջ մեկ ամիս անց Նարեկի հայրը զանգահարեց նախարարություն եւ հայտնեց, որ իր որդու առողջական վիճակը բարելավվում է, եւ նա պատրաստ է անցնելու աշխատանքի, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել նախարարի հետ:
Քննարկվեցին մի քանի տարբերակներ: Ռաֆայել Մարաշլյանն ընտրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատանքի առաջարկը: Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը սիրով ընդունեց սիրիահայ բժշկին՝ նրա համար ստեղծելով աշխատանքային բոլոր անհրաժեշտ պայմանները:
Որոշ ժամանակ անց Ռաֆայելը խնդրեց նախարարությունում ընդունել իրեն, այս անգամ՝ Նարեկի հետ միասին: Արմեն Մուրադյանն առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց ապաքինվող փոքրիկին։
Հրաժեշտից առաջ Ռաֆայել Մարաշլյանը սեղանին դրեց 1981 թվականին Ծաղկաձորում արված մի լուսանկար:
Արմեն Մուրադյանը երկար եւ ուշադիր նայեց լուսանկարին: Նկատեց իրեն ծանոթ դեմքեր՝ մորը՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Լիլյա Չիլինգարյանին, ինչպես նաեւ իրեն՝ ճիշտ Նարեկի տարիքին: Լուսանկարում այն ժամանակ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Ռաֆայել Մարաշլյանն ընկերաբար ձեռքը դրել է իննամյա Արմեն Մուրադյանի ուսին: Կուրսի ղեկավար Լիլյա Չիլինգարյանը, որն այժմ էլ դասավանդում է բուհում, իր երկու երեխաների՝ 10-ամյա Գայանեի եւ 9-ամյա Արմենի հետ, ուսանողների հրավերով նույնպես ամառային հաճելի օր էր անցկացնում Ծաղկաձորում: Կուրսը ջերմ հարաբերություններով էր կապված սիրելի դասախոսի հետ եւ նրա հետ Հայաստանի գեղատեսիլ վայրեր պարբերական այցելություններ կազմակերպելը ձեւավորված ավանդույթ էր:
Լուսանկարը վկայում էր, որ Ռաֆայելն Արմեն Մուրադյանի մայրիկի ուսանողն է եղել, ում հետ նա առիթ է ունեցել 33 տարի առաջ ծանոթանալու եւ ընկերանալու:
Ավելի քան երեք տասնամյակ հետո, անակնկալ միմյանց հանդիպած, երկու տարբեր ճակատագրեր ունեցող, տարբեր ճանապարհներ անցած մարդիկ ունեցան երկու լուսանկար:
«Արմեն Մուրադյանին հանդիպելը շատ հաճելի անակնկալ էր ինձ համար: 33 տարի առաջվա իմ ճանաչած ազնիվ եւ համեստ անձնավորությունն է: Շնորհակալ եմ հարգարժան նախարարին եւ մեզ բոլոր նեցուկ կանգնողներին»,- ասաց իր պատմությունն «Առավոտի» միջոցով հանրությանը ներկայացնել ցանկացող Ռաֆայել Մարաշլյանը:
Նարեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա առողջական վիճակը բարելավվում է, թեեւ դեռեւս ստիպված է տեղաշարժվել անվասայլակի կամ հենակների օգնությամբ: Երեխայի երազանքն է՝ ապաքինվելուն պես ֆուտբոլ խաղալ:
Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Ռաֆայելն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես գաստրոէնտերոլոգ: Այժմ նա նույն կենտրոնում նաեւ վերապատրաստման դասընթացներ է անցնում:
Նրա կինը, ով ֆրանսերենի ուսուցչուհի էր Դամասկոսում, բացառված չէ, որ առաջիկայում կշարունակի դասավանդել նաեւ Երեւանում: Նարեկը եւ իր քույրիկը՝ Դալարը, ուսումնական տարվա սկզբից հաճախում են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 117 միջնակարգ դպրոց:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2014