Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014թ. ապրիլի 3-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան` խնդրելով հայտնել, թե իրավագիտություն եւ իրավագիտության ոլորտի առարկաներ (իրավունքի տարբեր ճյուղեր, իրավունքի պատմություն, իրավունքի տեսություն, դատավարական իրավունք եւ այլն) դասավանդող քանի դասախոս (ներառյալ՝ սեմինարավարները) ունի լեզվաբանական համալսարանը, ինչպես նաեւ հայտնել, թե լեզվաբանական համալսարանում իրավագիտություն եւ իրավագիտության ոլորտի առարկաներ դասավանդող դասախոսներից (ներառյալ` սեմինարավարները) որքանն են փաստաբան։
Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կայքէջի, համալսարանը իրենց հարցմանը չի պատասխանել:
2014թ. հունիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի` խնդրելով ճանաչել ԻԱԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտավորեցնել համալսարանին տրամադրել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ պահանջված տեղեկությունները:
2014թ. հունիսի 10-ի թվագրված գրությամբ համալսարանը տրամադրել է ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով այն, որ տեղեկությունները տրամադրվել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի էական խախտմամբ` հարցումն ուղարկելուց ավելի քան երկու ամիս անց` ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու իրավունքի խախտումը ճանաչելու պահանջը շարունակում է պնդել:
Նախնական տեղեկատվության համաձայն, հայցը գտնվում է ընդունելության փուլում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
17.09.2014