Հարցազրույց Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ
նվագախմբի մենակատար Նարինե Դելլալյանի հետ
Ջութակահար Նարինե Դելլալյանը, ամուսնու՝ թավջութակահար Լեւոն Մուրադյանի հետ, ավելի քան քսան տարի է՝ ապրում է Պորտուգալիայում: Նա Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է. վաղամեռիկ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի դուստրը եւ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ «Ակունք» անսամբլի հիմնադիր Մարո Մուրադյանի հարսը: Նրա զավակները նույնպես պրոֆեսիոնալ երաժիշտներ են:
– Ինչպե՞ս է հաջողվում ապրել Պորտուգալիայում եւ պահպանել ինքնությունը:
-Ծննդավայրս իմ լինելության կենտրոնն է: Հայրենիքս`այն մի բուռ հողը, որ հավասար է ամենամեծ մոլորակին: Դա իմ Հայրենիք մոլորակն է, այնքան մեծ, որ ուր էլ լինեմ՝ գրկում է ինձ ու դառնում ուղղորդողը ճանապարհի, ուր մտքերս են, նպատակը, գործը: Երբ վստահ ենք մեր գաղափարներում, ունենք անցյալ եւ գիտենք ուր ենք գնում, ոչինչ չի կարող փոփոխման ենթարկել մեր էությունը, իրեն հարմար կաղապարների մեջ դնել մեր բնույթը: Ես այն եմ, ինչ կամ ու ոչ ժամանակը, ոչ էլ տարածությունը ի զորու չեն փոխելու:
Կարդացեք նաև
– Ինչքա՞ն պարտավորեցնո՞ղ է լինել Հարություն Դելլալյանի դուստրը եւ Հայրիկ Մուրադյանի հարսը:
– Անշուշտ պարտավորեցնող է այս հանգամանքը իմ կյանքում: Այս երկու անունները, ամեն մեկը իր տեղում սյուներն են այն բազմաթիվ սյունաշարի, որոնց վրա հիմնվում է Հայ մշակույթը: Բայց ձեռնարկածս որեւէ գործ պարտավորվածության զգացողության արդյունք չէ, այլ ներքին ցանկություն՝ շարունակելու այն, ինչ վստահաբար իրենք կանեին, եթե ֆիզիկապես լինեին մեր կողքին: Իսկ խոնարհումը մեր մեծերին՝ մեր առօրյայում թող որ լինի, ամենուր, ամեն քայլափոխի, որ հաղորդակիցը դառնանք մեր անցյալի եւ ներկայի միջեւ: Խոնարհում Կոմիտասի ու Մաշտոցի ու նաեւ այն բանաստեղծի առջեւ, որին դեռ չենք ճանաչում, բայց նրա ծնունդի օգնողը պետք է լինենք:
– Դուք Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից եք, հետաքրքիր է՝ հարցազրույցներ տալիս կամ ոչ հայ երաժշտական շրջանակներում ներկայանալիս ինչպե՞ս եք շեշտադրում Ձեր ծագումը:
– Շատ կուզենայի հասած լինել այն շերտին, որ ծագման շեշտադրումը առաջին հերթին լիներ կատարողականությանս մեջ: Ես կրողն եմ ազգիս մշակույթի, մտածողության եւ անգամ եթե Մոցարտ կամ Դեբյուսի եմ կատարում, դա լինի հայ մարդու մեկնաբանություն, որը բացառիկ հմայքով է լեցուն, մեր գույներով ողողված: Հեշտ չէ երկիր ներկայացնել օտարների առաջ: Դա մեծ պատասխանատվություն է առաջին հերթին: Դուրս ես գալիս բեմ եւ վերջ, քո երկրի անվան պատասխանատուն ես: Սխալվելն էլ չի ներվում: Մյուս կողմից էլ՝ մեծագույն վայելք է ու շատ հուզական մեր մշակույթը ներկայացնելու հնարավորությունը: Օրինակ, անհամբեր սպասում եմ շուտով, հոկտեմբեր ամսին Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամում տեղի ունենալիք մեկշաբաթյա հայկական մշակութային օրերին, որի ժամանակ պետք է հնչեն մի շարք համերգներ, ֆիլմի ցուցադրում, կոնֆերանս: Համերգների ընթացքում պետք է ներկայացնենք Կոմիտաս, Բաբաջանյան, Մանսուրյան, Դելլալյան, Շարաֆյան, Խաչատրյան: Հայաստանից ժամանելու է «Շողակն» համույթը, աշխարհով մեկ հայտնի Ժորդի Սավալի խումբը: Ինձ համար առավել ոգեւորող է փաստը, որ նվագելու ենք կողքի սրահում ներկայացվող Արշիլ Գորկու եւ Երվանդ Քոչարի հանճարեղ ստեղծագործությունների հարեւանությամբ:
– Ինչպե՞ս եք պատրաստվում արժեւորել Հայրիկ Մուրադյանի ժառանգությունը եւ ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ եք տարել գալիք հոբելյանական տարվա հետ կապված: Հայաստանի հետ կապված երաժշտական նախագծեր ունե՞ք:
– Հաջորդ տարի լրանում է Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110-ամյակը: Գիտակցելով նրա բացառիկ դերը հայ ազգային երգարվեստի եւ մշակույթի մեջ, բոլորովին վերջերս իմ եւ ամուսնուս ջանքերով ստեղծեցինք «Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպությունը: Այդ գործում մեզ սատար եղան Հայրիկ Մուրադյանի սաները, նվիրյալներ, որոնք շարունակում են նրա գործը, մշակութային ընդերքում ունենալով Հայրիկ Մուրադյանի թողած ժառանգությունը: Այս աննման մարդիկ Հայրիկի հեռանալուց հետո էլ մեր կողքին են, մեր տանը, վերապրելու այն օդը իմաստության, որ թողել է նա այդ պատերի ներսում: Հիանում եմ՝ տեսնելով հատկապես ազգային հոգեկերտվածք ունեցող երիտասարդության մեջ Հայրիկյան շունչը, ոգին: Դա մի փառահեղ դաշտ է, ոգեղեն էներգիա, որ գոյություն ունի այսօր հատկապես նոր սերնդի մեջ:
Հոբելյանական տարին լեցուն կլինի մեծ եւ փոքր միջոցառումներով, Հայրիկյան առաքելությամբ փրկված գանձերը կրկին անգամ ազգին վերադարձնելու միտումով: Վերջին օրերին շատ մարդկանց հետ եմ զրուցել նրա մասին: Ինձ հատկապես հուզում է այն պատկառանքը, որով հակված են մարդիկ` խոսելով նրա մասին, ինչ ատյաններում էլ դա լինի: Զգացի եւ տեսա, որ Հայրիկ Մուրադյանի ամենամեծ տիտղոսը ժողովրդի անսահման սերն ու հարգանքն է իր անվան նկատմամբ, ամենաբարձր գնահատանքը:
Հոբելյանական տարին ավարտելուց հետո շատ կցանկանայի, որ այն դառնար շարունակական, փառատոնային կամ մրցույթների տեսքով, առավել եւս այսօր, քան երբեւէ ժողովրդի շփումը մեր հոգեւոր մասունքների հետ դարձել է անհրաժեշտություն:
– Ձեր երաժշտական գեղեցիկ ընտանիքի երազանքը:
– Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ Հայրիկ Մուրադյանի 110-ամյակը: Սա կարծես ոչ պատահական զուգադիպում է: Մեր շատ մեծերի պես Հայրիկ Մուրադյանը հաղթող է: Ուստի` թող որ այս տարեթիվը դառնա շրջադարձային դեպի լուսավորը, ու թող որ վերջակետը լինի աշխարհի առջեւ խնդրողի, կորցրածի մեր կեցվածքին, այլ հակառակը, զորեղանանք, մեր խորը արմատների իսկական գնահատողները դառնանք եւ զոհվածների անմար հիշատակն էլ հարգենք մեր հաղթանակներից կերտված տաճարով:
Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2014