Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն չարաշահվում է Կոմիտասի անունը»

Սեպտեմբեր 18,2014 12:30

Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի դիտարկումները

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 26-ին կմեկնարկի «Կոմիտասյան օրեր» խորագրով փառատոնը՝ նվիրված Վարդապետի ծննդյան 145-ամյակին: Հինգ երեկոներից բաղկացած միջոցառումը հոկտեմբերի 8-ին կեզրափակվի Կամերային երաժշտության տանը՝ կոմիտասյան փառահեղ Պատարագով: Փառատոնի մասնակիցներն են հայաստանյան առաջնակարգ երգչախմբերը:

Կոմիտասյան գանձերի ժողովրդականությունը, ենթադրվում էր, թե ավելի մեծ ընդգրկում կունենար Հայաստանի անկախության տարիներին: Ու թեեւ մեզանում եւ արտերկրում մշտապես կազմակերպվում են կոմիտասյան տարբեր միջոցառումներ, սակայն երաժշտի արժեքավոր ժառանգության բովանդակությունն այդպես էլ հասանելի չի դառնում լայն հասարակությանը: Ավելին, վերջին շրջանում իրենք՝ մասնագետներն են բարձրաձայնում, թե Կոմիտասը դեռեւս ամբողջովին ուսումնասիրված չէ… Մասնագետի խոսք լսելու ակնկալիքով «Առավոտը» հանդիպեց արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի հետ:

Մեր զրուցակիցը, համակարծիք լինելով մեզանում եւ արտերկրում անցկացվող կոմիտասյան տարբեր ուղղվածության միջոցառումների հետ, ասաց. «Երբեմն շատ ենք շրջանառում Կոմիտաս անունը, նույնիսկ չարաշահում: Վարդապետի անունը հաճախ տալիս ենք այնպիսի մշակութային երեւույթների առնչությամբ, որ լավ կլիներ՝ այդ հնչեղ անունը չտրվեր ընդհանրապես: Կոմիտաս անունը տալիս ենք առանց հասկանալու, առանց այդ մեծության դերն ու նշանակությունը գիտակցելու, ու երբեմն այնպիսի երաժշտական իրողությունների կապակցությամբ, որոնք ոչ մի աղերս չունեն Վարդապետի հետ, ավելին՝ հակոտնյա են նրա ստեղծած ու թողած ժառանգությանը»: Ինչ վերաբերում է մասնագետների կողմից շրջանառվող այն մտքին, թե Կոմիտասի արվեստը դեռեւս ամբողջովին ուսումնասիրված չէ, պարոն Նավոյանը հավաստիացրեց, որ այն հիմնականում ուսումնասիրված է, հավելելով, թե այլ հարց է, որ նրա ժառանգությունը նորանոր էջեր կարող է բացել ու նորովի ներկայանալ: «Վերջին հաշվով, գիտական ցանկացած արդյունք լայն մասսաներին հնարավոր չէ մատուցել ու երեւի դրա կարիքը չկա էլ: Իմ համոզմամբ՝ մենք խնդիրներ ունենք մշակութային տարբեր շերտերի միջեւ շփոթ առաջացնելու, դրանց համար նախասահմանված դերերն իրար խառնելու, անկարեւորը կարեւորելու, նույնիսկ կարեւորը դեն նետելու ու էլ նման բաներում»: Դիտարկմանը՝ շփոթ առաջացնողները, ենթադրվում է՝ մասնագետներն են, պարոն Նավոյանը նշեց, որ դրանք առաջացնում են զանգվածային մշակույթի ներկայացուցիչները, մեդիայի միջոցները, մասնագիտական կրթություն չունեցող երգիչներն ու երաժշտական կենցաղ «ձեւավորողները»:

Դիտարկմանը, թե կոնսերվատորիան իր բացթողումն ունի այս հարցում, պարոն Նավոյանը պատասխանեց. «Հարցազրույցի կամ հրապարակախոսության ժանրերը ենթադրում են, որ լսեիք պատասխան՝ այո՛, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք… Սակայն եթե խոսում ենք մշակութային դաշտի կանոնակարգման մասին, «մշակութային շփոթը» վերացնելու մասին, ուրեմն հարկ է, որ յուրաքանչյուրն իր գործը կատարի: Այսինքն՝ կոնսերվատորիան պետք է պատրաստի, բնականաբար, երաժիշտ կադրեր, մեդիա միջոցները՝ գրագետ խմբագրակազմ, ինչի առիթով թույլ տվեք, որոշ երջանիկ բացառություններով, կասկածել: Երաժշտական կենցաղի ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ իրենց դերը սոսկ դրա կազմակերպումն է, եթե շատ չգռեհկացնեմ՝ ժամանցը: Միանշանակ աննորմալ է, երբ մերօրյա փոփ երգիչը ենթադրում է, թե ինքը ազգային մշակույթի ամենամնայուն շերտերը կերտելով է զբաղված ու դրանք կերտելիս անպայման պետք է անթիվ-անհամար անգամ Կոմիտաս անունը հնչեցնել, կարծելով, թե դրանից իր արածն ավելի արժեքավոր է դառնալու…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Երբեմն, թվացիալ մեծությունները (այդ թվում հայտնիները), հոգու խորքում իրենց թերությունները գիտակցելով և ցանկանալով այն քողարկել, բանավոր խոսքով, (հաճախակի ելույթներով) իրենց կապում են իրական մեծությունների հետ, (օրինակ` Կոմիտասի, կամ մեր ազգային մշակույթի ակունքների հետ), դրանով իսկ փորձ անելով լրացնել իրենց չիրականացած ձգտումը: Բայց, օրինակ, Ավետ Տերտերյանը, որը, ըստ իս, Կոմիտասի գործի անմիջական շարունակողն է, երբեք Կոմիտասի անունը չէր տալիս, բայց իր մեջ կրել է և՛ Կոմիտասին, և՛ եվրոպական ժամանակակից երաժշտական արտահայտչամիջոցները, և՛ հայ միջնադարյան երգեցողությունը: Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Մարտիրոսյան says:

    Լավ էլի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930