Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տուն-ինտերնատի տարեց բնակիչները երեխայի են սպասում: Նյարդահոգեբանական այս տուն-ինտերնատի 48-ամյա մի բնակիչ արդեն 6 ամիս է` հղի է, երեխայի հայրը եւս այս ինտերնատի բնակիչ է, նա 69 տարեկան է:
69-ամյա այս տղամարդն իր սիրո պատմությունը պատմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ու այլ հյուրերին, որոնք այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին: «Նորաթուխ» հայրիկն ասաց, որ ինտերնատում է ծանոթացել կնոջ հետ ու արդեն 6 տարի է շատ սիրում են միմյանց:
«Ոչ ոք չէր սպասում, որ այդ կինը կհղիանա, բժիշկներն էլ զարմացել էին, ապշել էին, երբ պարզեցին, որ կինն արդեն 6 ամսական հղի է»:
Կարդացեք նաև
69-ամյա տարեց այս տղամարդը, չնայած շատ ուրախ է, որ սիրելի կնոջից երեխա է ունենալու, սակայն, ինտերնատի աշխատակիցներն ասացին, որ, հավանաբար, նորածնին հնարավոր չի լինի նույն ինտերնատում պահել, երեխային գուցե` մանկատուն տեղափոխեն: Այս տուն-ինտերնատը մասնագիտացված է, բնակիչները հոգեկան խնդիրներ ունեն, ընդ որում, այստեղ բնակվում են 18-ից բարձր անձինք, ուստի նորածնին չի կարելի այստեղ պահել:
Արտեմ Ասատրյանը խոստացավ` հենց երեխան ծնվի, ծնողները նախարարից նվեր կստանան:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվում են 450 բնակիչ`350 խնամակալով, շենքային պայմանները, մեղմ ասած` այնքան էլ լավը չէին, վերջին անգամ վերանորոգվել է 7 տարի առաջ. հիմա սկսել են խոհանոցի վերանորոգումը, տղամարդկանց համար նախատեսված մի քանի սանհանգույցներից միայն մեկն է աշխատում, իսկ լվացքի մեքենաները, կարելի է ասել` «դարն ապրած են»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ տուն-ինտերնատում խնդիրներ կան թե գույքի հետ կապված, թե` խնամքի կազմակերպման: Ըստ նախարարի, այս հաստատության բնակիչների կյանքի որակը բարձրանելու խնդիր կա, խնդիր կա նաեւ` խնամյալների կարիքները հոգալու հարցում: Պարոն Ասատրյանը նորից խոստացավ այս խնդիրները լուծել, բայց դեռ պետք է հանձնաժողով ստեղծվի, գնահատվի ընդհանուր իրավիճակն ու հետո անցնեն գործի` ըստ առաջնահերթության:
Նախարարն, նախարարության մի խումբ աշխատակիցների ու Գեղարքունիքի մարզպետի հետ այցելեցին նաեւ Գավառի մանկատուն, որնի տարբերություն տուն-ինտերնատի, թարմ վերանորոգված էր եւ ապահովված բոլոր անհրաժեշտ պարագաներով: Այս մանկատանն ապրում է 3-18 տարեկան 68 երեխա:
Մանկատան բեռնաթափման մասին, մարզպետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարարն ասաց. «Նախ պետք է տեսնել նախապատրաստական ինչպիսի հիմքեր կան, ինչպես կազմակերպել խնամքը հաստատություններում, սոցիալական աշխատանքը ընտանիքների հետ ինչ հիմքերի վրա են դրված: Դոնոր կազմակերպությունները, որոնք իրականացնում են խնամքը, պետք է իրականացնեն այդ աշխատանքները, որպեսզի այն երեխաները, որոնք ունեն կենսաբանական ընտանիք կամ հարազատներ, հնարավորինս վերադարձվեն ընտանիք»:
Վարդենիս քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի աշխատակիցները նախարարին ասացին, որ համայնքում նեղ մասնագետների կարիք կա. բժիշկներ, հացթուխներ, տարբեր պրոֆիլի բանվորներ:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ մարզերում նեղ մասնագետներով ապահովելու համար խթանող որոշակի ծրագրեր պետք է կատարվեն:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը խթանում մասնագետներին մարզ ուղարկելու համար, նրանց կեցության եւ վարձատրության հարցն ինչպես է լուծվում, նախարարը վստահեցրեց, որ ավելացրել են լրացուցիչ միջոցներ, ինչի շնորհիվ կվճարեն աշխատավարձերը: Կան մասնագիտություններ, որոնք նվազագույն աշխատավարձի 200%-ի չափով կվարձատրվեն. «Բացի այս, հավելավճար ենք նախատեսել պետական բյուջեից: Այսինքն` այն խնդիրները, որոնք խոչընդոտում էին նախկինում այդ ծրագրերի իրականացմանը, հաշվի ենք առել, եւ դրանցից ամենակարեւորներից մեկը նշում եմ աշխատավարձի խնդիրը, 2-րդ` սոցիալական բնակարանի ինստիտուտի խնդիրն է, որը նոր է ներդրվում, որ կարողանանք ծառայողական բնակարան ունենալ»:
Նշենք, որ սեզոնային զբաղվածության ծրագիրն իրականացնելուց հետո վերջին ամսում, ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի, Վարդենիս քաղաքում 100- ով ավելացել է գործազուրկներ թիվը:
Անուշ ՄԱԹԵՎԵՈՍՅԱՆ