Լրահոս
Օրվա լրահոսը

70 դերակատարով, թանկ զգեստներով պատմական ներկայացում` Գյումրու թատրոնում

Սեպտեմբեր 17,2014 22:35

Երկու օր հետո Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կբացվի 149-րդ թատերաշրջանը: Թատերաշրջանի բացումը կազդարարվի  երկու ներկայացումների ցուցադրմամբ, որոնք թեմատիկորեն խիստ տարբեր են: Մեկը Յուզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» ներկայացումն է, որը կբեմադրի թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, մյուսը` պատմական «Մեսրոպ Մաշտոց»-ն է, որի ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեցին թատրոնի  տնօրեն Գևորգ Խաչատրյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու դերասան-ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը:

IMG_3572

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ «Սեր, ջազ, սատանա» ներկայացման հանդիսատեսը ավելի շատ երիտասարդներ են, այն մեր կյանքի, իրականության ու հենց երիտասարդների մասին է: Շոշափում է երիտասարդների կայանալու,  ճիշտ ապրելու խնդիրը, ինչպես նաև բախումը ծնողների հետ: Պիեսը թեև շատ վաղուց է գրվել, սակայն, ըստ Լյուդվիգ Հարությունյանի, մինչև հիմա արդիական է:Այս ներկայացման մեջ խաղում են սկսնակ դերասաններ` թատերական ինստիտուտի ավարտական կուրսերում սովորողներ կամ նորավարտներ:

Ըստ թատրոնի գլխավոր ռեժիսորի,  թատրոնը երկար ժամանակ չէր ունեցել պատմական ներկայացում: «Մեսրոպ Մաշտոց» ներկայացման մեջ 70 դերակատար է, դե պատմական ներկայացումն է, զգեստները, ձևավորումը ամբողջությամբ արվել են թատրոնի ուժերով: Հանդիսատեսին ես կարծում եմ շատ հետաքրքիր կլինի տեսնել մեր «Մեսրոպ Մաշտոցին»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ, այս ներկայացումը այնքան գումար է նստել թատրոնի վրա, որ դրանով կարելի էր 4 ներկայացում բեմադրել: Թատրոնի գլխավոր ռեժիսորի տեղեկացմամբ, իրենք փորձել են, ինչքան հնարավոր է ժամանակաշրջանին հարիր բեմական զգեստներ կարել:

«Մեսրոպ Մաշտոց» ներկայացման ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելեց, քանի որ երկար ժամանակ պատմական ներկայացումներ չեն ցուցադրել, հետևաբար և իրենց նպատակն է հայ հերոսին վերադարձնել հայ բեմ: Ըստ նրա, մեր երիտասարդությունը պետք է իմանա, ով է Մեսրոպ Մաշտոցը, որին հայոց եկեղեցին սրբացրեց: «Մեր Մաշտոցը սովորական մահկանացու մարդ է, որը սիրելու ընդունակ է, որը ստիպված էր դիմել այդ քայլին, գնալ և ստեղծել հայոց տառերը, որոնք միգուցե կային, միգուցե պետք էր գտնել, էս ամբողջը հանդիսատեսը տեսնում է: Նաև ցուցադրվելու է, թե ինչպիսի բարդ ճանապարհով է ընդունվել քրիստոնեությունը 301 թվականին», -ասաց ռեժիսորը:

Ըստ բանախոսների, այս ներկայացումը ոչ միայն թանկ է, այլ բավականին բարդ:  Հովհաննես Հովհաննիսյանի ասելով, ազգային հարցերը կոմերցիոն նպատակներ չեն հետապնդում, այնպես որ ներկայացումը ինչքան էլ թատրոնի վրա թանկ նստի, միևնույնն է բեմադրելու են: «Էսօր դամոկլյան սրի պես կախված է մեր լինել- չլինելու հարցը, մենք փոքր ազգ ենք: Մենք անխնամ ենք վերաբերում մեր հայոց լեզվին` սկսած դպրոցից, ինստիտուտից, թատրոնից, օտարամուտ բառեր ենք սկսել օգտագործում, շփոթել, խառնել, շիլաշփոթ ենք դարձրել: Առաջին խնդիրը մեր հայ մնալու խնդիրն է, չարժե՞ էդ մարդու մասին մեկ անգամ ևս խոսել, մենք հազար անգամ պետք է խոսենք, տաս հազար անգամ պետք է խոսենք, որը տառապանքի գնով է ստեղծել հայոց այբուբենը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա ասելով, այս ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի ամբողջ ստեղծագործական խումբը, նաև Գյումրու թատերական ինստիտուտի մասնաճյուղի ուսանողությունը և պարային խմբերը:

Նշենք, որ թեև թատրոնի անձնակազմը փաթեթ է ներկայացրել «Մեսրոպ Մաշտոց» պատմական ներկայացման համար պետական ֆինանսավորում ստանալու, սակայն մշակույթի նախարարության հանձնաժողովը իրենց Մաշտոցին չի ֆինանսավորել: Թե ո՞րն է պատճառը, թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանի պարզաբանմամբ, այս մասին իրենց տեղյակ չեն պահում: Թեև ըստ տնօրենի, ՀՀ-ում որևէ թատրոն ֆինանսավորում չի ստացել:

Լյուդվիգ Հարությունյանի կարծիքով էլ, մշակույթի նախարարությունը իրենց կաջակցի թատրոնի 150-ամյակ տոնելու ժամանակ: «Ներկայացում թատրոնը կարող է բեմադրել, ոչինչ: Մեսրոպ Մաշտոցը չեղավ պետպատվեր, բայց հույս ունենք և ոչ միայն հույս ունենք, այլ պարտադրելու ենք, ես էդպես եմ կարծում, որ մշակույթի նախարարությունը մեր կողքին կլինի և 150-ամյակը մեծ շուքով կնշենք»,- -ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Ըստ նրա, պետք է աշխատես, տաս ճիշտ որակ ու պահանջես:

Որպես այս թատերաշրջանի նորարարություն` տնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց, որ բաժանորդագրային ներկայացումներ են անելու, այսինքն` բաժանորդագրված հանդիսատեսը մեկ ամսվա ընթացքում կկարողանա դիտել 3 ներկայացում: Իսկ բաժանորդագրային ներկայացումները լինելու են թվով 15-ը: «Արժեքը լինելու է 2 հազար դրամ, որից 2-ը տոմսի արժենք է, իսկ երրորդը հրավեր է թատրոնի կողմից: Ինձ թվում է, սա հանդիսատեսի մեծ հոսք կբերի: Գյումրիի հանդիսատեսը պետք է օգնի թատրոնին, և մարզի ղեկավարները և քաղաքի ղեկավարները, որովհետև էս նախաձեռնությունը ՀՀ-ում առաջին անգամն է, տեսնենք` ինչ է ստացվում: Եթե լավ ստացվեց, երևի որոշ թատրոններ կհետևեն մեր օրինակին, որովհետև հանրապետությունում բոլորն էլ հանդիսատեսի պակաս ունեն, բոլորն էլ նմանատիպ ինչ-որ բան պիտի մտածեն, որ կարողանան ինչ -որ բան ապահովել: Դիմում եմ մեր ուսուցիչներին, ամենակարևորը բժիշկներին, մտավորականներին հեռու չմնան այս նախաձեռնությունից: Ինձ թվում է եթե թատրոնում գովազդվում է Մեսրոպ Մաշտոց, դպրոցի ուսուցիչը, տնօրենը պետք է անպայման երեխաներին ուղղորդի, որ գնա Մեսրոպ Մաշտոց ներկայացումը նայի:Սա կարծում եմ պարտադիր պայման պետք է լինի բոլոր դպրոցներում»,-ասաց տնօրենը:

Լյուդվիգ Հարությունյանն էլ որպես նորարարություն նշում է կարծիքների տետրը, որտեղ հանդիսատեսը կարող է գրել իր դիտողությունները, առաջարկները, պահանջները:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարտիրոսյան says:

    Ինչ հնամաշ տրաֆարետային զիբիլ պիեսներ կան, մեյդան են հանում ու սպանեցիք թմրամոլ ու ագրեսիվ ջահելություն բեմում ցույց տալով, էլ ուրիշ թեմա չկա? Մեղք չի հանդիսատեսը? Արդեն հոգնեցինք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930