Սիսիանի տարածաշրջանի Հացավան գյուղական համայնքում թեեւ տարին բարենպաստ չէր գյուղատնտեսության համար, բայց ցորենի ու գարու բերքի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ` գրեթե նույնությամբ պահպանվել է: Գյուղապետ Շուշան Մարգարյանի խոսքով` 1 հա-ից միջինը 29-31 ցենտներ բերք է գրանցվել այս տարի: Սակայն գյուղացիները չեն կարողանում իրացնել ստացած բերքը եւ լուրջ խնդրի առաջ են կանգնել այսօր:
Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի հացավանցիների բերքը մթերման կետերում ու ալրաղացներում չեն ընդունում, պատճառների մասին էլ գյուղացիները տեղյակ չեն: «Ամեն տարի Սիսիանի ու Գորիսի ալրաղացներում տանում էինք հանձնում, բայց այս տարի չեն վերցնում կամ էլ, եթե հաջողվում է իրացնել հազիվ 110-115 դրամով, իսկ անցած տարի 135 դրամով էինք հանձնում: Ցորենի մթերման լուրջ խնդիր ունենք այս տարի, չեն վերցնում, ասում են մենք մասնավոր ընկերություն ենք մեզ պետք չի, իսկ գյուղացիներն էլ մաս-մաս`1 տոննայի չափով, փոխանակում են հագուստի, բանջարեղենի հետ եւ այլն, բայց դա հարցի լուծում չէ: Գոնե պետությունը միջամտի ու մեզ օգնի էս հարցում», – ասացին Հացավանի բնակիչները:
Հացավան գյուղական համայնքի ղեկավար Շուշան Մարգարյանը նշեց, որ իր ղեկավարման վերջին 6 տարվա ընթացքում կաղամբի եւ կարտոֆիլի, մսի իրացման խնդիր է եղել, բայց ցորենի ու գարու իրացման խնդիր այս տարիների ընթացքում չի եղել:
«Այսօր գյուղում մոտ 100 տոննա ցորեն կա, որ գյուղացիները չեն կարողանում վաճառել: Առաջ ցորենն իրացնում էին` նոր կարտոֆիլը կամ կաղամբը հավաքում, որ պահեստներում ազատ տեղ լինի, հիմա խնդիր է. ե’ւ փող չունեն իրենց բերքահավաքը սկսեն, ե’ւ ազատ տարածք չունեն», – ասաց Հացավանի գյուղապետը:
Իսկ գյուղացիները հույս ունեն, որ այս հարցում պետության աջակցությունը չի ուշանա, այլապես շատ լուրջ խնդրի առաջ կկանգնեն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ