Հայաստանում հեծանիվ վարելը ընդունված չի եղել: Սակայն վերջին շրջանում, հատկապես մայրաքաղաքի փողոցներում, սկսել են հաճախակի երեւալ հեծանվով մարդիկ:
Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին Սիրողական հեծանվային սպորտի եւ զբոսաշրջության ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը, փոխնախագահ Հարություն Ռաֆայելյանը եւ Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:
Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան գոյություն ունի արդեն երկու տարի եւ այդ ընթացքում որոշակի արդյունավետությամբ աշխատել է հիմնականում երեք ուղղություններով՝ հեծանիվը որպես փոխադրամիջոց, հեծանվային զբոսաշրջություն եւ սիրողական հեծանվասպորտի զարգացում: Վերջինը կարող է նպաստել պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացմանը:
«Մենք այս երկու տարիների ընթացքում կազմակերպել ենք տարբեր մրցումներ եւ միջոցառումներ՝ նպատակ ունենալով առաջին հերթին պարզելու, թե հասարակությունը որքանո՞վ կընդունի հեծանվային սպորտը: Հուրախություն բոլորիս, դրանց բավականին մեծ թվով հեծանվորդներ են մասնակցում: «Երեւանի գավաթի» ավարտին պրոֆեսիոնալ եւ սիրող երկու հեծանվորդների գործուղեցինք Հնդկաստան՝ մասնակցելու միջազգային մեկնարկների: Արդեն սկսել ենք աշխատել բոլոր մարզերի հետ՝ հեծանվի միջոցով քարոզելու առողջ ապրելակերպը, պատանիների եւ երիտասարդների մեջ սեր արթնացնելու հեծանվի նկատմամբ: Որպես այս մեծ ծրագրի առաջին քայլ, սեպտեմբերի 20-21-ին Դիլիջանում կազմակերպում ենք «Մարզային գավաթ» մրցումը: Տավուշի մարզը, Դիլիջանը պատահական չենք ընտրել: Համոզված ենք, որ Դիլիջանն իր «Ազգային պարկով» հետագայում կարող է հեռանկարային լինել եւ ծառայել սպորտի զարգացմանը, դառնալ հեծանվային սպորտի միջազգային մրցումների, նաեւ՝ լեռնային հեծանվի, անցկացման հիանալի վայր, մի բան, որով Հայաստանը ետ է մնացել հարեւան երկրներից՝ Վրաստանից եւ Ադրբեջանից», – ասաց Արման Անտոնյանը:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Բերեզովսկին նույնպես ողջունեց ֆեդերացիայի ծավալած գործունեությունը եւ նախաձեռնությունները՝ նշելով, որ սիրողական հեծանվորդներից ավելի շատ մարդիկ կարող են գալ պրոֆեսիոնալ հեծանվասպորտ: Խոսելով պրոֆեսիոնալ հեծանվասպորտում մեր մարզիկների հաջողությունների մասին՝ Ալեքսանդր Բերեզովսկին նշեց, որ տնտեսական եւ քաղաքական այս բարդ իրավիճակում, երբ ֆեդերացիայի բյուջեն ընդամենը 13 միլիոն դրամ է, ֆեդերացիան շարունակում է աշխատել եւ որոշակի արդյունքներ արձանագրել: «Մեր մարզիկները շարունակում են մասնակցել միջազգային մրցումների եւ անում հնարավոր ամեն բան՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում աշխարհին հիշեցնելու, որ կա Հայաստան երկիր: Հայաստանը 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկու արծաթ է նվաճել, իսկ այս տարի կրկին երիտասարդ Էդգար Ստեփանյանը մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ Կորեայում բրոնզ նվաճեց: Մենք փնտրում-գտնում ենք հովանավորներ եւ նպատակ ունենք նրանց աջակցությամբ 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել: Եթե կարողանանք մեր հովանավորների համաձայնությունն ու ֆինանսավորումն ստանալ՝ մասնակցելու վարկանիշային մրցաշարերին, կաշխատենք Ռիո դե Ժանեյրոյում գոնե մեկ մասնակից ունենալ, մի բան, որ Հայաստանը վաղուց չի ունեցել», – ասաց Բերեզովսկին:
Խոսելով մեզանում հեծանվի մշակույթը զարգացնելու մասին՝ Արման Անտոնյանն ընդգծեց, որ դրա համար առաջնային երեք պայման է անհրաժեշտ՝ հեծանիվ, հեծանվային արահետներ եւ հեծանվային կանգառներ: «Հուրախություն բոլորիս, սառույցը, կարծես, կարողանում ենք կոտրել: Մեր գործընկերների միջոցով 18 հեծանվային կանգառներ են տեղակայվել մայրաքաղաքում: Երեւանի քաղաքապետարանի հետ մեկ տարուց ավելի աշխատում ենք հեծանվային ուղիներ ստեղծելու ուղղությամբ եւ նախնական տեղեկություններով փետրվարի 4-ին առաջինը կբացվի Մատենադարանից մինչեւ «Էրեբունի» թանգարան», – տեղեկացրեց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ