Նոյեմբերյան քաղաքի բնակիչները մեզ բողոքել են, որ քաղաքի խմելու ջրագծի ներքին ցանցը նորոգող «Սպիտակ-1» շինարարական կազմակերպությունը ջրագծերը նորոգելու,ջրաչափեր տեղադրելու համար քարուքանդ է արել քաղաքի փողոցները: Արդեն սկսվել են աշնան անձրեւները,սելավները քանդված փողոցների հողը լցնում է քաղաքի կենտրոնի ասֆալտապատ շերտի վրա: Նոյեմբերյանի բնակչուհի Սուսաննա Փափախչյանը խիստ հուզված ասաց, որ մայիս ամսին ջրի ցանցը նորոգողները իրեն տան հարեւանությամբ վնասել են ջրագծի 3 հատված, եւ այդ վնասված տեղերից ջուրն իր տուն է լցվում: Նրա խոսքերով՝ ինքն այդ առթիվ դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանին, վերջինս ասել է՝ այդ վթարները մայր ջրատարում չեն, իրենք չպետք է դրանք վերացնեն:
Ս. Փափախչյանն ասաց, որ իր տան մոտից սելավաջրերի հոսքը հեռացնելու համար ինքը նախկինում տրակտոր է վարձակալել, թեքություն կառուցել.սակայն քաղաքի ջրագծի ներքին ցանցը նորոգողները վերացրել են այդ թեքությունը, եւ ջրերն իր տուն են լցվում, վնասելով տան պատի շերտի 1 մետր բարձրությամբ հատվածը: Բնակչուհին բողոքեց, որ մի քանի օր առաջ շինարարները իր տան առաջ հողապատնեշ են կառուցել,որի հետեւանքով սելավաջրերը լցվում են տնամերձ,այնտեղ ճահիճ է գոյացել:
Կարդացեք նաև
Նոյեմբերյանի բնակիչներն ասացին,որ նորոգման աշխատանքներն իրականացնող «Սպիտակ-1» ընկերության ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրոջ որդին է, ով շահել է ոչ միայն Նոյեմբերյանի, Բերդ քաղաքի, այլեւ՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի խմելու ջրագծերի ներքին ցանցերի վերանորոգման մրցույթները: Քանի որ աշխատանքների ծավալը մեծ է, ընկերությունը ստիպված Նոյեմբերյանում նորոգման գործը դանդաղ է կատարում: Բնակիչները հայտնեցին նաեւ,որ «Սպիտակ-1» ընկերությունն օգտագործում է Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արտաշատում գտնվող գործարանի արտադրած խողովակները: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ աշխատանքների պատվիրատուն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է, սակայն ինքը եւս ստորագրելու է աշխատանքների հանձնման ակտի ներքո:
Քաղաքապետը հավաստիացրեց՝ եթե գործը որակյալ չարվի ,ինքը ծրագրի կատարման ակտի տակ չի ստորագրելու: Նշենք,որ խմելու ջրագծի վերանորոգումը կատարվում է Ասիական բանկի 1 միլիոն 200 հազար դոլար վարկավորմամբ: Այդ ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում նորոգել, 25 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծում պլաստմասսե խողովակներով փոխել գործող ցանցը, վերանորոգել քաղաքի 4 ջրամբարները, առանձնատների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ, նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհ:
Զանգահարեցինք «Սպիտակ-1» ընկերության փոխտնօրեն Տիգրան Օխանյանին,ով ընկերության տնօրեն Ռոբերտ Օխանյանի որդին է: Նա ասաց, որ իրենք խմելու ջրագծի ներքին ցանցի նորոգման հետ կապած նոյեմբերյանցիներից բողոքներ չեն ստացել,նա բնակիչներին խորհուրդ տվեց խնդիրների դեպքում դիմել նորոգումը ղեկավարող աշխղեկներին: Նա ասաց, որ խմելու ջրագծի ներքին ցանցի նորոգումը արվելու է մեկ տարում, որ իրենք չեն խախտում վերանորոգման ժամկետը, աշխատանքի որակը վերահսկվում է ծրագրի վերահսկիչների կողմից: Նա հայտնեց, որ փողոցների արտաքին շերտի վերականգնումը կկատարվի ջրագծերը նորոգելուց, ջրաչափեր տեղադրվելուց հետո: Տիգրան Օխանյանն ասաց, որ «Սպիտակ-1»-ի տնօրենը ազգակից բարեկամ չէ Հովիկ Աբրահամյանին, չժխտելով սակայն,որ իրենց օգտագործած խողովակներն արտադրված են Արտաշատի գործարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ