Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ և օտարազգի արվեստագետները «Առանց սահմանների» միջազգային փառատոնում

Սեպտեմբեր 17,2014 19:39

Գերմանիայի Բոնն քաղաքում նախորդ տարվա հոկտեմբերին առաջին անգամ անցկացված «Առանց սահմանների» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանները սեպտեմբերի 22-28-ը փառատոնի շրջանակներում կներկայացնեն «Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն» խորագիրը կրող գիտաժողովը, ինչպես նաև «Ժամանակ և տարածություն» խորագրով կերպարվեստի գործնական աշխատանքը (workshop):

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, «Ժամանակ և տարածություն» խորագրով կերպարվեստի գործնական հանդիպում-աշխատանքին կմասնակցեն արվեստագետներ 5 երկրներից: Հայաստանից կմասնակցեն Համլետ Հովսեփյանը, Տիգրան Սահակյանը, Աշոտ Գրիգորյանը:
Սեպտեմբերի 23-25-ը նրանք կաշխատեն ՆՓԱԿ-ում: Իսկ նկարիչների հետ հանդիպումներն ու նրանց ստեղծագործությունների ցուցադրությունները կկայանան «Ականաթ» ցուցասրահում (սեպտեմբերի 23-ին) և «The Club» ակումբում (սեպտեմբերի 24-ին):

Սեպտեմբերի 26-ին ՆՓԱԿ-ում արդեն տեղի կունենա հայ և այլազգի արվեստագետների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

«Այդ արվեստագետներն առաջին անգամ են գալիս Հայաստան: Եվ մեզ համար շատ կարևոր է հայ արվեստագետների արվեստի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող մարդկանց շրջանում: Դա գուցե հետագայում նաև համագործակցության հնարավորություն ընձեռի մեր արվեստագետներին: Եվ, բնականաբար, չի կարելի անտեսել նաև փառատոնի կարևորությունը փորձի փոխանակման տեսանկյունից»,- ասում է Ս. Հարությունյանը:

Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ հատկապես կարևորում է փառատոնի շրջանակներում կայանալիք «Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն» խորագրով գիտաժողովը:

Նա նույն փառատոնի շրջանակներում նախորդ տարի մասնակցել է ցուցահանդեսին զուգահեռ ընթացող «Մշակույթ. քաղաք. կրոն» խորագրով միջազգային գիտաժողովին և կարծում է, որ այն անփոխարինելի հարթակ է երկխոսության համար. «Նմանատիպ գիտաժողովները շատ կարևոր են հարաբերությունների առումով, նաև մշակութային նշանակություն ունեն: Ընդհանրապես մշակույթը չափազանց կարևոր տեղ ունի միջազգային երկխոսության հարցում. համերաշխության և խաղաղության հասնելու հրաշալի միջոց է: Մայր աթոռը պարբերաբար ներկայացնում է իր ժառանգությունը խոշոր թանգարաններում: Դա լավ առիթ է մեր մշակույթը ճանաչելի դարձնելու, ինչպես նաև հետաքրքրվողներին Հայաստան հրավիրելու առումով»,- ասում է քահանան:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930