«Ռուս-ուկրաինական հարաբերություններն առանցքային են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ողջ ընթացքում» այսօր՝ սեպտեմբերի 17, «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Նա նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է, որպեսզի Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն պահպանեն երկխոսության խողովակը. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու մեջ: Հայաստանը պարզ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները, իսկ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանն իրենց հերթին կարեւորում են Հայաստանի դերը միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցում»:
Անդրադառնալով Մերձավոր Արեւելքի իրավիճակին՝ պարոն Նահապետյանը նշեց, որ իսլամական պետությունն ընդգծվել է որպես տարածաշրջանի եւ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների համար սպառնալիք: Նա հավելեց, որ նախատեսվում է օգտագործել հումանիտար, ռազմական եւ դիվանագիտական բոլոր միջոցները, որպեսզի արմատախիլ արվի կազմավորումը.
«Այս խնդիրներն առնչվում են Հայաստանի հետ: Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորումը լուրջ սպառնալիք է ստեղծել Սիրիայում հայկական համայնքի համար, Իրաքում եւ Սիրիայում իսլամական պետության ակտիվացման ավելացումն ուղղակիորեն շաղկապված է անվտանգության հետ Հարավային Կովկասում: Դրա նախադրյալները նախ Իրանի եւ Թուրքիայի որոշակի ուղղակի ներգրավվումը ճգնաժամին, Իրաքի եւ Սիրիայի մասնատման հեռանկարները, եւ դրա արդյունքում՝ մահմեդական արմատականության կտրուկ աճ եւ ազդեցության ավելացումը ողջ տարածաշրջանում, եւ իհարկե՛, մեզ համար վերոնշյալ բոլոր երկրներում հայկական համայնքի շուրջ իրավիճակի շարունակական լարվածության ավելացումը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ