ՀՀ արդարադատության նախարարությունում ամփոփվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված մրցույթի արդյունքները: Տասնհինգ օր շարունակ նախարարությունը ստանում էր ժողովրդավարությանը նվիրված կարգախոսներ և լուսանկարներ: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան հիսուն երիտասարդ: Մասնակիցների ակտիվությունը բարդ ընտրության առաջ էր կանգնեցրել: Ժյուրին ի վերջո որոշում էր կայացրել պարգևատրել բոլոր հաջողված կարգախոսների և լուսանկարների հեղինակներին:
Մրցանակակիրների մեջ կային նաև դպրոցականներ, ովքեր ցանկություն են հայտնել պարգևատրվել անձամբ նախաարարի կողմից: Նախարար, ընդառաջ գնալով պատանիների անմիջական ցանկությանը, սիրով ստանձնել է հավաստագրեր հանձնելու գործը: Նախարարը երիտասարդներին խնդրել է ևս մեկ անգամ սահմանել ժողովրդավարություն հասկացությունը: Նա կիսվել է նաև ժողովրդավարության վերաբերյալ իր տեսակետով. «Երկար եմ մտածել, թե ինչ է ժողովրդավարությունը: Կարծում եմ, մեկ բառով, այն՝ հանդուրժողականություն է, իսկ հանդուրժողականությունը. ժողովրդավարության կոնտեքստում, մեկ ուրիշի բնածին իրավունքի ճանաչումն է լինելու տարբեր, քան դու ես»:
Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի հաղթողներին մասնակցության և հետաքրքիր կարգախոսներ ու լուսանկարներ ներկայացնելու համար՝ մաղթելով հաջողություն և ակտիվ նեգրավվածություն ժողովրդավարական գործընթացներում:
Հանդիպման մասնակից UNICEF-ի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նվերներ է հանձնել իրենց կազմակերպության կողմից՝ մաղթելով երիտասարդներին չընկրկել խոչընդոտների առջև և միշտ հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին