ԿԳ նախարարության Կրթության պետական տեսչությունը իր՝ կայքում պարբերաբար հրապարակում է կրթական հաստատություններում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ տեսչության կայքի, մասնավորապես Երևան քաղաքի 31 հիմնական դպրոցներում մարտի 24-ից ապրիլի 11-ն իրականացված վերջին ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են «ինքնատիպ» խախտումներ: Օրինակ Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցում միջնակարգ կրթությամբ անձին հանձնվել է լաբորանտի հաստիք, մաթեմատիկայի ուսուցչի որակավորմամբ մասնագետը ֆիզիկա է դասավանդել: Գ. Բելինսկու անվան թիվ 38 դպրոցում մանկապարտեզի դաստիարակին աշխատանքի են ընդունել որպես դասվար, իսկ Մ. Մանուշյանի թիվ 48 դպրոցում ինժեներ-էլեկտրիկը գրադարանավար է աշխատել, հայոց լեզվի գրականության ուսուցչի որակավորմամբ անձը՝ սոցիալական մանկավարժ:
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում էլ 2012-2013 և 2013-2014 ուսումնական տարիներին III – IX դասարաններում «Ռուսաց լեզու» առարկան դասավանդվել է ռուսերենի խորացված ուսուցման համար նախատեսված դասագրքերով (հեղինակ` Բ. Եսաջանյան): Թիվ 197 հիմնական դպրոցում դասվարի թափուր տեղի համար կայացած մրցույթում հաղթող ճանաչված անձը, պարզվում է ,ավարտել է Գյումրիի Ա.Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանի դպրոցական բաժինը՝ «Տարրական դասարանների ուսուցիչ, ավագ ջոկատավար» որակավորմամբ եւ հեռակայում է Հյուսիսային համալսարանում:
Ավելի վաղ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը, խոսելով իրենց իրականացրած ուսումնասիրությունների մասին՝ Aravot.am-ին ասել էր, որ հայտնաբերված բոլոր խախտումներն ու դրանց հետևանքները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից դպրոցների տնօրեններին եւ կառավարման խորհուրդների նախագահներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոշ մարդիկ ազատվել են աշխատանքից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ