Այսօր կոնդեցիները հանդիպել են քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին` 7 տարի առաջ իրացված բնակարանների հարցը քննարկելու նպատակով:
2007 թվականին Կոնդ թաղամասի հարյուրավոր բնակիչների տները հանուն գերակա շահի քանդվեցին, սակայն կառուցապատող «Դաուն Թաուն» ընկերությունը, որը խոստացել էր իրացված գոտու բնակիչներին ապահովել բնակարաններով, կոնդեցիներին այդպես էլ տուն չտվեց:
Տարիներ ի վեր կոնդեցիները բողոքի ցույցերով նախագահականից գնում էին կառավարություն, այստեղից էլ կրկին ՀՀ նախագահի նստավայր: Կառավարության պատասխանատուներին գրված նամակները կոնդեցիներն այսօր կիլոգրամներով են հաշվում: Aravot.am-ի հետ զրույցում Կոնդի բնակիչներն ասացին, որ վերջերս ՀՀ նախագահին դիմելուց հետո, իրենց հարցով սկսել է զբաղվել քաղաքաշինության նոր նախարարը, որն էլ խոստացել է, ամենաուշը մեկուկես տարուց լուծել կոնդեցիների բնակարանների հարցը:
Այդ յոթ տարիների ընթացքում իրացված տների բնակիչները բնակվել են վարձով, սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կոնդի բնակիչներից մեկը` Գարեգին Սաֆարյանը, կառուցապատողը բնակարանների վարձը գրեթե կիսով չափ պակաս է տվել. «Կենտրոնի բնակիչը հո չէ՞ր գնալու Աբովյանում կամ Էջմիածնում տուն վարձեր: Կառուցապատողի տված գումարն ընդամենը 60 հազար դրամ էր, ստիպված մենք էլ վրան ավելացրել ենք, որ կարողանանք ոչ այնքան ծայրամասում կամ հենց կենտրոնում տուն վարձել»:
Կոնդեցիների խոսքերով, իրենց կփոխհատուցեն Սուրբ Հովհաննես եկեղեցու մերձակայքում կառուցվող նորակառույց շենքից` համաձայն պայմանագրի պայմանների:
Aravot.am-ի տեղեկություններով, «Դաուն Թաուն» ընկերությունն այլեւս կապ չունի այս տարածքի հետ եւ բոլորովին այլ ընկերություն է կոնդեցիներին փոխհատուցելու բնակարաններով: Մեր հարցմանն ի պատասխան, թե նոր կառուցապատողն ո՞վ է, քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Քաղաքաշինության նախարարը հանրապետության նախագահի հանձնարարականով է զբաղվում Կոնդի բնակիչների բնակապահովման հարցով: Կոնդի բնակիչների հետ արդեն երկու հանդիպում է եղել, առաջինը` մեկ շաբաթ առաջ: Երկու հանդիպումների ընթացքում էլ քաղաքաշինության նախարարը հարցի լուծման տարբերակներ է ներկայացրել:
Կարդացեք նաև
Հասկանալի է նրանց անհամբերությունը, բայց այդ տարբերակները դեռեւս պետք է քննարկվեն կառավարությունում, վարչապետի մոտ: Բայց թե ո՞ր տարբերակը կընդունեն, պարզ կլինի փոքր ինչ ուշ` հոկտեմբերին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ