Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Առանց հայկական հարցի տարածքային բաղադրիչների լուծման, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ապագա չունի»

Սեպտեմբեր 17,2014 17:20

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այս համոզմունքը հայտնեց այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես այս մասին խոսում եմ տարիներ ի վեր: Հայաստանի Հանրապետությունը կամ կարող է լինել մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես: Այսպես արնաքամ կլինի արտագաղթով, տնտեսական տկարացմամբ եւ այլն: Սա պատահական հարց չէ: Այն ժամանակին գիտականորեն ուսումնասիրվել է: ԱՄՆ-ում մի ամբողջ հանձնաժողով է աշխատել պրոֆեսոր Վեստերմանի գլխավորությամբ: Նրանք եկել են այն սահմանի կոնֆիգուրացիային եւ չափին, որով Հայաստանը կարող է կենսունակ պետություն լինել: Եթե որեւէ մեկը կարծում է, թե Հայաստանի Հանրապետությունը 42 հազար քառակուսի կիլոմետրով, ելք չունենալով դեպի ծով, շրջապատված թշնամիներով, կարող է բարեկեցիկ ու ապահով ապագա ապահովել իր քաղաքացիների համար` անգամ դեմոկրատական Հայաստանը, սխալվում է: Էլ չեմ ասում, որ դեմոկրատիան ինքնին հարցականի տակ է դրվում, որովհետեւ երբ դու նման փոքր երկրում` փակ սահմաններով, ունենում ես տնտեսական մոնոպոլիաներ, իսկ դա նպաստում է մոնոպոլիաների ձեւավորմանը, տնտեսական մոնոպոլիան բերում է քաղաքական մոնոպոլիայի», – համոզված է Արա Պապյանը:

Շարունակելով անդրադառնալ Հայաստանի անկախ եւ հզոր պետություն դառնալու հետ կապված խնդիրներին` բանախոսն ասաց. «Եթե Հայաստանը լինի անկախ պետություն, շատերը շահագրգռված կլինեն Հայաստանի հզորացմամբ եւ մեծացմամբ: Բայց եթե Հայաստանը դառնում է կախյալ պետություն, բնականաբար Հայաստանի հզորացումը արդեն բերում է մի ուրիշ ճամբարի հզորացման… Իմ համոզմամբ, Հայաստանի անկախ պետության գոյության միակ իմաստը հայկական հարցի լուծումն է: Որովհետեւ եթե մենք պիտի ունենանք պետություն, որը պիտի զբաղվի ճանապարհները ասֆալտելով, կոյուղագծեր, ջրագծեր քաշելով եւ ուրիշի զորքով պաշտպանելով սեփական հայրենիքը, դա կարող ենք ավելի մեծ հաջողությամբ անել` մտնելով այլ երկրի կազմի մեջ: Ասենք` Ռուսաստանի կամ Թուրքիայի: Եթե մենք անկախ պետություն ենք, պետք է պետական եւ ազգային խնդիրներ լուծենք, այլ ոչ թե թաղապետարանին վայել: Աշխարհի ամենաաղքատ երկրները 33-ն են, որոնք ելք չունեն դեպի ծով: Եվ դրանցից մեկը մենք ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930