Ամիսներ առաջ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ լքեց կուսակցության վարչությունը: Այս ամենից հետո խոսակցություններ պտտվեցին, թե «Ժառանգությունում» ուրախ են, որ արևմտյան գաղափարներ կրող անդամները լքում են կուսակցությունը և նորեկ-կուսակցականները, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանը մեկնել է արտերկիր սովորելու, ուստի արևմտյան գաղափարակիրների բացակայության պայմաններում ավելի հեշտ կլինի միաձայն որոշումներ ունենալ քառյակի դիրքորոշումների նկատմամբ:
Այժմ Ստեփան Սաֆարյանը ղեկավարում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը, զբաղվում քաղաքական վերլուծություններով: Aravot.m-ը ժամանակին ակտիվ ժառանգականից հետաքրքրվեց` ի՞նչ հարաբերություններ ունի «Ժառանգություն» կուսակցության հետ: Նա պատասխանեց. «Նորմալ հարաբերությունների մեջ եմ: Ես կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, ինչը նշանակում է, որ կարելի է ասել կուսակցական որևէ ղեկավար կամ կազմակերպչական աշխատանքների չեմ մասնակցում»: Այս հանգամանքը Ստեփան Սաֆարյանը պայմանավորում է իր կարգավիճակի փոփոխությամբ. «Վերջին հաշվով փորձում ես հավասար հեռավորություն պահպանել բոլորից և հնարավորինս լինել անաչառ քաղաքական մեկնաբանություններում: Իհարկե, ժամանակային պատճառներն էլ դերակատարություն ունեն»:
Մեր հարցին` շարունակո՞ւմ է մնալ «Ժառանգություն» կուսակցության անդամ, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Որպես այդպիսին կուսակցական պատկանելությունը չկա, կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, որևէ միջոցառման չեմ մասնակցում, բայց նաև, ես կուսակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել»:
Հետաքրքրվեցինք` կուսակցությունում տարաձայնություններն ավելի՞ են սրվել, քանի որ վերջին օրերին խոսվում է նաև Զարուհի Փոստանջյանի` կուսակցությունը լքելու մասին, մանավանդ նա ներկա չէր երեկ Սահմանադրական բարեփոխումների մասին «Ժառանգության» նախաձեռնած խորհրդաժողովին: Ստեփան Սաֆարյանը դժվարացավ այդ մասին որևէ հստակ տեղեկություն տրամադրել, բայց նաև չբացառեց տարաձայնությունների գոյության հանգամանքը. «Տարաձայնություններ և վեճեր միշտ եղել են, ունեցել ենք տարբեր պատկերացումներ, որոնք մեկս մյուսի հետ չենք կիսել, այնպես որ դրանից ես չեմ զարմանա, եթե Զարուհին էլ որևէ մեկի հետ տարաձայնություն ունենա կուսակցությունում»:
Կարդացեք նաև
Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ընդհանրապես կուսակցությունները սպառել են իրենց, քանի որ դրանց վարած քաղաքականությունն ավելի «իներցիոն է, քան նորացված», ինչի պատճառով «ներկայիս քառյակային ռազմավարությունը շոշափելի արդյունքներ չի բերում, այլ արժանանում է իշխանության հեգնանքին, ցինիզմին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ