Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակն այս տարի շնորհվել է Ֆելիքս Ահարոնյանին` առաջադրված Իտալիայի Լինչեի ազգային ակադեմիայի կողմից, Իգոր Կարաչենցևին (Ռուսաստան) և Բրենթ Թալիին (ԱՄՆ): Վերջիններս էլ առաջադրվել են Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանի կողմից:
Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության այն գիտնականներին, որոնք նշանակալի ներդրում են ունենում գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար ու տրվում է երկու տարին մեկ անգամ:
Հաղթողներին այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում իրենց մրցանակները հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Յուրաքանչյուր հայաստանցու համար ամենամեծ զգացողություններից է, երբ նա իր երկրով հպարտանալու ծանրակշիռ առիթներ ունի: Ակնհայտ է, որ երկրի զարգացման կարևորագույն չափորոշիչներ են ստեղծագործական արդյունքները, համարձակ նախաձեռնությունները, մտքի թռիչքը: Այսպիսի առիթներ են տալիս գիտությունը, արվեստը, ստեղծագործական աշխատանքը: Իհարկե, կան նաև այլ հանգամանքներ»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ նախագահը:
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ մրցանակի հավակնորդներին ընտրելու նպատակով կառավարության որոշմամբ ձևավորվել է 9 ականավոր գիտնականներից բաղկացած միջազգային հանձնաժողով, որի նախագահը ի պաշտոնե հանդիսանում է ինքը՝ ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ռ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Վ. Համբարձումյանի անվան 2014 թ. միջազգային մրցանակի համար 7 դիմում-հայտ է ներկայացվել տարբեր երկրներից (ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իռլանդիա, Հնդկաստան, Ուկրաինա), որոնցից յուրաքանչյուրը, կանոնակարգի համաձայն, ուղարկվել է երկու անկախ փորձագետի: Ստացված գիտական կարծիքները քննարկվել են հանձնաժողովի անդամների հետ, որի արդյունքում էլ հանձնաժողովը որոշել է մրցանակը կիսել այս երեք գիտնականների՝ Ֆ. Ահարոնյանի, Ի. Կարաչենցևի և Բ. Թալիի միջև:
Վերջիններս պատրաստ են իրենց ստացած դրամական պարգևները ներդնել նաև գիտության մեջ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին գիտնականները:
«Ինձ շնորհված 250 հազար դոլարից 50 հազարը ես կտրամադրեմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային՝ գիտության զարգացման համար: Եվ քանի որ աշխատում եմ Գերմանիայում և Իռլանդիայում գործող գիտական խմբերում, մնացած գումարն էլ կհատկացնեմ տարբեր երիտասարդ գիտնականների այդ խմբերում ներգրավելու և գիտական աշխատանքներ կատարելու համար»,- ասում է Ֆ. Ահարոնյանը:
Ի. Կարաչենցևն էլ գտնում է, որ դրամական մրցանակը կարելի է այնպես օգտագործել, որ երիտասարդ հայ աստղագետներին հնարավորություն տրվի Հյուսիսային Կովկասում գործող վեց մետրանոց դիտակայանում աշխատել. «Կարևոր է, որ երիտասարդ աստղագետներ գան ու յուրացնեն ոչ այնքան դյուրին գիտությունը»,- ընդգծեց Ի. Կարաչենցևը:
Իսկ Բ. Թալին պատրաստվում է իրեն հատկացված գումարը փոխանցել իր կողմից հիմնված բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև հայ գիտնականների այցելություններին Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, որտեղ և նա իրականացնում է իր գիտական գործունեությունը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ