«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի թեմային առնչվող հարցերի շուրջ` մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան կարողանում է դիվանագիտորեն խուսափել պատասխանատվությունից:
«Թուրքիայի ղեկավարությունը ցավակցում է հայերին, բայց ներողություն չի հայտնում: Ցավակցությունն այն է, որ դու կատարվածի հետ կապ չունես: Իսկ երբ ներողություն ես խնդրում, դու ընդունում ես, որ ինչ- որ բանով մեղավոր ես: Թուրքիայի նման հայտարարությունների առանցքն այն է, թե 1-ին համաշխարհային պատերազմ էր, բոլորն էլ զոհեր են տվել` հայերն էլ, եւ այլ: Սա շատ խորամանկ եւ վտանգավոր հայտարարություն է, քան պարզապես մերժումը, քանի որ մերժումը չաշխատեց: Թուրքերն այսպիսի հայտարարություններով լավ PR են իրականացնում իրենց համար:
Վստահեցնում եմ ձեզ, որ էն մարդիկ, որոնք չեն խորանում մանրամասների մեջ, իսկ դա աշխարհի քաղաքագետների մեծ մասն է, ասում են` տեսեք, թուրքերն ինչ-որ բան անում են: Խնդիրն այն է, որ թուրքերը միայն ներողությունով չպետք է սահմանափակվեն: Ինձ համար եթե ամբողջ թուրք ժողովուրդն իր ղեկավարության հետ միայն ներողություն խնդրի, դա բավարար չէ: Տեղի է ունեցել հանցագործություն: Ցեղասպանությունը հանցագործություն է եւ կա տուժող կողմ` Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը: Այսինքն, ներողությունից հետո պետք է հստակ քայլեր իրականացվեն` տուժող կողմին հատուցելու, կորցրածը վերականգնելու: Իսկ հատուցումը երեք մակարդակի է` անհատական, որովհետեւ շատ-շատ ընտանիքներ են տուժել, համայնքային` կառույցների, եկեղեցիների եւ պետական:
Մենք որպես պետություն տուժել ենք: Ու այստեղ նստածներս առայսօր տուժում են Ցեղասպանությունից: Որովհետեւ այն տարածքները, որ մենք կորցրել ենք, դրա պատճառով ցանկացած ներմուծում Հայաստան շատ թանկ է նստում եւ մենք գնում ու շուկայում թանկ ենք առնում: Ցանկացած արտահանում շատ ավելի դժվար է: Տարածքի բացակայությունը մեզ համար անվտանգության խնդիրներ է ստեղծում: Մենք բոլորս տուժած ենք եւ շարունակում ենք տուժել Ցեղասպանությունից 100 տարի հետո», – ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ