Սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»):
Այս հոդվածով նախատեսվում է 2-6 տարի ազատազրկում՝որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանի նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել 308 հոդվածի 2-րդ մասով: Ա. Ազիբեկյանը ձերբակալվել է Երեւանում:
Այսօր Երեւան քաղաքի դատարաններից մեկը որոշելու է նրա նկատմամբ, որոպես խափանման միջոց, երկամսյա կալանք որոշելու հարցը: Մեր տեղեկություններով` Ա. Ազիբեկյանի եւ Ա. Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այդ ծառայության լրատվական ծառայությանը մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Կարդացեք նաև
Այս քրեական գործի հարուցումը կապված է 2014թ. ապրիլի 1-ին «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի եւ Գետահովիտ գյուղի բնակիչ Աշոտ Այդինյանի մասնակցությամբ միջադեպի, Անդրանիկ Խոջումյանի կողմից արձակված կրակոցների ապացույցների խեղաթյուրման հետ:
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Իջեւանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը նախկինում պաշտոնավարել է որպես ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզային բաժնի պետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ