ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը` Գագիկ Ավետիսյան, Եվա Դարբինյան, Սերգեյ Չիչոյան կազմով, այսօր հրապարակեց Արման Գալուստյանի գործով բերված վերաքննիչ բողոքի հիման վրա կայացրած դատական ակտը:
Դատախազը պահանջել էր բեկանել հունիսի 4-ի դատավճիռը, Արման Գալուստյանին մեղավոր ճանաչել եւ նրան դատապարտել ազատազրկման 3,5 տարվա:
Հունիսի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել էր Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործը, դադարեցրել քրեական հետապնդումը:
Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա մայիսի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արման Գալուստյանը՝ Ռոբերտ Գալուստյանի որդին (հայտնի է «Բենզին Ռուբո» անունով) Էրեբունի թաղամասում վարձակալել էր «Կալինա» մակնիշի 35OV128 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենան, որը վարել է տուժող Արտավազդ Վաղարշակյանը: Արման Գալուստյանը պայմանավորվել է վարորդի հետ սպասել իրեն, մինչ իր վերադարձը, վարորդն էլ պահանջել է երաշխիքային գումար, սակայն Արմանը հրաժարվել է: Ծագել էր վիճաբանություն, Արման Գալուստյանը, ըստ գործի նյութերի՝ հարվածել էր տուժողի դեմքին, նրան պատճառել միջին ծանրության վնաս:
Կարդացեք նաև
Ըստ դատաբժշկական փորձագետների՝ վարորդը ստացել էր քթոսկրի կոտրվածք: Գալուստյանը դիմել էր փախուստի, իսկ Ա. Վաղարշակյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր դիմել:
Այսօր վերաքննիչ դատարան չէր ներկայացել Արման Գալուստյանը: Նրա պաշտպան Սամվել Աբրահամյանը դատարանին ներկայացրել էր դիմում Արման Գալուստյանից, որով նա հայտնում էր, որ հոգեկան ցնցումների մեջ է գտնվում, առողջական վիճակը վատ է, ուստի իր շահերը կներկայացնի պաշտպանը: Դատախազ Հովհաննիսյանը, ըստ էության չառարկեց, թողեց դատարանի հայեցողությանը:
Դատախազի բողոքը մերժվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ