Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ընդդիմությունը շատ ավելի անտաղանդ է, քան իշխանությունը»

Սեպտեմբեր 17,2014 14:38

«Ընդդիմությունը շատ ավելի վատ, անտաղանդ է հիմնավորում, թե ինչու պետք չեն սահմանադրական փոփոխությունները, քան իշխանությունները հիմնավորում են, որ պետք են»,-«Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, թե քառյակի ուժերը դեռ սպառիչ չեն տվել այն հարցի պատասխանը, թե ինչու էին ժամանակին կողմ խորհրդարանական համակարգին, հիմա՝ դեմ:

Ստեփան Սաֆարյանն առանձնապես հույսեր չի փայփայում քառյակի հետ: Նրա կարծիքով՝ քառյակի քաղաքական ուժերին ավելի շատ միավորում են մարտավարական, քան ռազմավարական նպատակները: Ըստ նրա՝ քառյակում կան սկզբունքային տարաձայնություններ. «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, լավագույն դեպքում չեն բացառի հեղափոխություն ներքևից տարբերակը՝ փողոցային շարժումներով, ժողովրդական լայն մասնակցային շարժումներով, բայց ԲՀԿ-ն այդ հարցի լուծումն ավելի սահուն է տեսնում՝ 2017-2018 ընտրափուլերի միջոցով իշխանափոխության տարբերակով:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ «Որքան սրվի սահմանադրական փոփոխությունների հարցը, այնքան քառյակի ներսում ճգնաժամն ավելի տեսանելի է դառնալու: Իսկ դա սրվելու է, քանի որ ՀՀԿ-ի համար դա ոչ ամենևին երկրորդական խնդիր է»:

Պարոն Սաֆարյանը կարծում է, որ ԲՀԿ-ն իր գործողությունները կառուցում է այնպես, որ նահանջի տեղ ունենա. «ԲՀԿ-ի նպատակն է վերստին կիրառել տարիներ առաջվա փորձը. իրեն հասու եղանակներով ստանալ քվեների մեծամասնություն: Եթե այդ հարցը չլուծեց 2012-ին, ապա կլուծի 2017-ին՝ խորհրդարանում ստանալով մեծամասնություն և այդ կերպ կպարտադրի իշխանությունը փոխանցել իրեն: Հետևաբար` սահմանադրական բարեփոխումների հարցը, որը թույլ է տալիս ՀՀԿ-ին լուծել իր վերարտադրման խնդիրը, դառնալու է ներքաղաքական կոնֆլիկտի հիմնական պատճառն ու արմատը»:

Ստեփան Սաֆարյանը կանխատեսում է տարաձայնություններ քառյակի ներսում ու նշում. «Քառյակը որևէ այլ համարձակ գործողության չի գնա, քան մեկ կամ երկու հանրահավաք կազմակերպելն է, որը ավելի շատ հասարակությանը հաշվետվություն ներկայացնել կլինի, որ աշնանը ինչ-որ բան արել են»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված ուղերձները հստակություն մտցնո՞ւմ են ԲՀԿ գործելաոճում, ինչպես ՀԱԿ-ից են հայտարարում, թե ԲՀԿ-ն ցույց է տալիս, որ շարունակելու է քառյակի ձևավորած օրակարգով, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Համակարծիք չեմ այդ գնահատականներին, թե ԲՀԿ-ն պատրաստվում է ընդդիմություն դառնալ: ԲՀԿ համար օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ այլընտրանքի կարգավիճակն առավելագույնն է, որ նա կարող է անել քաղաքական դաշտում: Այդ կուսակցության ներքին ու արտաքին գործոնները նրան երբեք թույլ չեն տա լիակատար անցում կատարել ընդդիմադիր դաշտ, հետևաբար ՀԱԿ-ը կամ ինքնախաբեությամբ է զբաղվում, կամ այլ տարբերակ չունեն հասարակությանը ներկայացնելու, որ ԲՀԿ-ին հիմա կպոկենք իշխանությունից»:

Ստեփան Սաֆարյանն այս առիթով հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի՝ խոշոր գործարար լինելու հանգամանքը. «Անցյալում ոչ քիչ առիթներ են եղել այդ զոհաբերությունն անելու համար, հիմա կասկածում եմ, որ նա դա կանի: Քաղաքական ուժերը պարտավոր են պահել այն, ինչ ունեն: Եթե կարող են ունեցածը դնել զոհասեղանին և շատ անորոշության մեջ մտնել քաղաքական դաշտ, դա շատ ռիսկային կլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930