Սիսիանցիների համար ուխտատեղի է դարձել նրանց լեզվով ասած` Քառասուն աղբյուրը: Այն կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ ուր գրված է նաև «ի խորհուրդ խաղաղ կյանքի հավերժության»: Մեծ ու փոքր սիսիանցիները միշտ գալիս են այդտեղ` լսելու հավերժության սիմֆոնիան` «ջրերի լեզվով»: Գալիս են շատ-շատերը` մանավանդ հիմա, երբ Սիսիանը հռչակվել է 2014 թ երիտասարդական մայրաքաղաք, ուր այս տարի կրթական, մշակութային, ճանաչողական և այլ բնույթի բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվում: Ասել է թե` Սիսիանն այս տարի հյուրերի պակաս չունի: Եվ Սիսիան եկողները այցելում են 40 աղբյուր:
Այցելում են և… ոգևորությանը անմիջապես հետևում է հիասթափությունը: 40 աղբյուրից մի քանիսն արդեն չեն գործում, ինչ-ինչ պատճառներով ցամաքել են: Մի քանիսն էլ «զարդարվել» են մոլախոտերով, իսկ գետինը, ուր թափվում են աղբյուրների ջրերը, մամռակալել են: Բայց դա ասես քիչ է, պակասն էլ լրացրել է աղբը:
Սիսիանցի Համլետ Առաքելյանը թե`«Սրբատեղին այսպես չեն պահում: Ես մասնակցել եմ 40 աղբյուրի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել 1985 թ., ինչ ոգևորություն էր այդ օրը քաղաքում, ինչպիսի խոսքեր հնչեցին այդ օրը, մարդիկ ասում էին, որ աչքի լույսի պես կպահեն 40 աղբյուրը: Հիմա ուր են այդ խոսողները, քաղաքի հիմիկվա երիտասարդները: Չէ որ նրանց պապերի պատվին է կառուցվել 40 աղբյուրը»:
Իսկ Երևանի «Ալմաստ» ժողգործիքների համույթի անդամները մեքենաներից իջել, 40 աղբյուրի մոտ են լուսանկարվում: Նրանց հետ է սիսիանցի բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը: Տեսնելով 40 աղբյուրի վիճակը, նա ասում է ` «Իմ ցավն է»:
Ցավին միշտ էլ սպեղանի լինում է: Գուցե մի օր հավերժության խորհրդի 40 աղբյուրը լինի մաքուր, բոլոր աղբյուրները գործեն և հավերժության սիմֆոնիան հավերժության այցեքարտ ունենա:
Ալվարդ Մեսրոպյան
Գորիս
«Հայրենական Մեծ պատերա՞զմ», «սովետական ժողովրդի տարած հաղթանա՞կ»:
20-60 մլն զոհ տալը «հաղթանա՞կ» է: 1-2 մլն հայի գլուխ կերած ՍՍՀՄ կոչված հրեշը ինչպե՞ս կարող էր «հայի հայրենիք» լիներ: