Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերը բոյկոտում են ՀՀ-Սփյուռք համաժողովը. «Սփյուռքի աչքին թոզ փչելու շոու է»

Սեպտեմբեր 17,2014 14:14

Այսօր սփյուռքահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց, որ այդ համաժողովին Սփյուռքի նախարարությունը հրավիրում է հիմնականում սփյուռքում գործող այն կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք սերտ կապի մեջ են իշխանությունների հետ. «Հրավիրվում են հիմնականում Դաշնակցությունից, հնչակյաններից եւ ռամկավարներից: Չեն հրավիրվում այն լրատվամիջոցները, որոնք ավանդական կուսակցությունների հետ կապ չունեն:

Խնդիրը համաժողովի կազմակերպման ձեւի մասին է: Հայաստան – Սփյուռք համաժողովի օրակարգը Սփյուռքի հետ երբեք համաձայնեցված չէ, եթե համաձայնեցված է, ապա այն կառույցների հետ, որոնք իշխանությունների հետ կապ ունեն: Թե համաժողովների զեկույցները, թե քննարկվող հարցերը նախապես գրված են: Սփյուռքի աչքին թոզ փչելու խնդիր են լուծում:

Սփյուռքը Թուրքիայից սահմանների վերադարձման պահանջ ունի: Բայց
Հայաստանի կառավարությունը ժխտում է այդ պահանջը, պահանջի որակը իջեցնում է սահմանի բացման չբացման, տնտեսական հարցերի մակարդակին, մի քանի եկեղեցի վերադարձնել, չվերադարձնելու մակարդակին»:

Ըստ նրա, Հայաստանը եւ Սփյուռքը լուրջ համագործակցելու դաշտ ունեն, բայց ոչ նախապես գրված ու գրաքննված զեկույցներով.«Լրիվ այլ մակարդակի վրա պետք է բերվեն համագործակցության եզրերը: Բայց Սփյուռքին հիշում են միայն Telethon փող հավաքելու մարաթոնի ժամանակ, երբ ավարտվեց մարաթոնը, Սփյուռքն արդեն գոյություն չունի մինչեւ հաջորդ տարվա Telethon:

Ծիծաղելի է, որ սփյուռքահայերը տարբեր երկրներից գան Հայաստան ու մասնակից դառնան շոուի, որը կոչվում է համաժողով: Սփյուռքի նախարարությունը ծափահարողների կարիք ունի այս ընթացքում, էականն այն է, կանչում են համաժողովի, որ Սփյուռքի տիկին նախարարուհու զեկույցը լսեն ու ծափահարեն: Ասում են՝ «Արի տուն» ենք կազմակերպել, առանց հաշվի առնելու, որ այդ տնից մարդիկ գնում են, ինչքան ես ծախսել այդ նախագծի վրա, քանի՞ ընտանիքի կարող էիր վարկավորել , որ Սփյուռքից գային ու այստեղ ապրեին կամ կարող էիր Հայաստանի հայ ընտանիքների պահեիր, որ այստեղից չգնային»:

Սկայպով ասուլիսին միացավ նաեւ Ռուսաստանից «Ժամը» պարբերականի խմբագիր Անա Գիվարգիզյանը ու նույնպես հայտարարեց, որ անիմաստ է համաժողովին մասնակցելը.«Մենք գործում ենք, բայց չենք ցանկանում մասնակցել, որովհետեւ չենք ուզում մեր ժամանակը ծախսել մի միջոցառման վրա, որտեղ կանխավ դերերը բաժանված են, որոշումներն էլ՝ արդեն ընդունված»:

Հունաստանից «Հայաստան» թերթի խմբագիր Դավիթ Այվազյանն էլ սկայպով փոխանցեց, որ նմանատիպ համաժողովները անարդյունավետ են. «Շարունակվում են չլուծված հարցեր մնալ, բայց հիմնահարցերը՝ Հայաստանի անվտանգությունը, հայրենադարձության հարցը, արտագաղթի խնդիրը, որը հրատապ միջոցներ է պահանջում, օրակարգից դուրս են մնացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930