«Մեզ մոտ անկումը լինում է շատ ավելի մեծ թվերով, քան առաջընթացը»,- այսպես մեկնաբանեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այն հանգամանքը, որ համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը զիջել է վեց կետով։
Նշենք, որ 2014-2015 թվականների համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 6 կետով զիջել է իր դիրքը` 144 երկրի շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը, մինչդեռ նախորդ տարի Հայաստանը 148 երկրի շարքում զբաղեցնում էր 79-րդ տեղը:
Հավելենք նաեւ, որ մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանը 2 կետով առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների եւ բարձրագույն կրթության ոլորտներում, եւ 1 կետով առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշում: Սակայն, 24 կետով հետընթաց է գրանցել աշխատուժի շուկայի արդյունավետության եւ 21 կետով` ֆինանսական շուկայի զարգացվածության ցուցանիշում:
Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանն իր մրցունակության դիրքերը զիջել է ճգնաժամային իրավիճակներում՝ 2009-2010 թվականներին. «Սակայն այս արձանագրված հետընթացը չի կարելի համարել սպասելի երեւույթ, այնուամենայնիվ, մենք գրանցել են այդ անկումը»։
Կարդացեք նաև
Պրն Խաչատրյանի խոսքով՝ եթե աշխատուժի շուկայի արդյունավետությունը 24 կետով հետընթաց է գրանցել, նշանակում է, որ աշխատուժը կորցրել է իր որակական հատկանիշները, հետեւաբար էլ կորցրել է իր մրցունակ լինելու հատկությունը. «Նաեւ լուրջ խնդիր է, երբ ֆինանսական շուկան զարգացվածության տեսանկյունից ունի խնդիրներ, քանի որ դրա բաղադրիչները՝ բանկային համակարգ եւ այլն, մեզ համաշխարհային շուկայում չեն դարձնում մրցունակ։ Այսպիսի տեմպերով մենք հաստատ չենք կարողանա առաջ տանել ֆինանսական կենտրոն դառնալու գաղափարը։ Սա կտանի նրան, որ մոտ ապագայում մեր տնտեսությունը թռիչքաձեւ աճի հնարավորություն չի ունենա»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ