Երեկ Գյումրու «Ջազ» ակումբում գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանը, ներկայացնելով իր «Վարձու ինքնասպաններ» գիրքը, ասաց, որ իր վեպերից ամենահաջողվածն է:
Նա ասաց նաև, որ այսուհետ նոր «Mea culpa»-ներ դժվար թե բեմադրվեն, քանի որ խոչընդոտող տարբեր պատճառներ կան, և ինքը որոշել է հանդես գալ միայն գրականության ժանրում: «Ես կարող եմ իմ գործունեության մասին խոսել միայն ու միայն գրականության մասին, թատրոնի մասին չեմ կարող խոսել: Չեմ կարող պատասխանել էն հարցին, որը ցավոք սրտի շատ են տալիս, թե ինչո՞ւ նոր ներկայացում չկա: Որովհետև մարդիկ, հանդիսատեսը, ընթերցողը իրենք չգիտեն ինչպես է ներկայացումը արվում, կարծում են` ես նստում, գրում եմ, դա բեմադրվում է, եթե ես չգրեմ, չի բեմադրվի: Ոչ, ներկայացումը, թատրոնը վերջին 20 տարում կախված է լոկ պրոդյուսերից: Պրոդյուսերը գիտեք որ սպոնսորը չէ, նա իմ պես, բոլորի պես շահագրգռված է, որ ներկայացումը լինի: Կազմակերպել այսօր ներկայացում նույն, կամ ուրիշ դերասաններով, որոնք խաղացել են «Խաթաբալադայում», «Mea culpa»-ում… էդ մարդիկ հարցնում են, ես պատասխանում եմ և ուզում եմ էդ հարցը փակել էն իմաստով, եթե մարդիկ չեն ցանկանում` էդ նույն դերասանները, եթե հնարավորություն չկա բոլորին ի մի բերել, պատկերացրեք մի տարի շարունակ բոլորին, լինեն վեց- յոթ դերասան, ամբողջ անձնակազմին ապահովես ֆինանսապես, ապահովես տեղով, կտրես նրանց բոլոր տեսակի գործերից, որպեսզի ստեղծվի նոր պիես»,- ասաց Վահրամ Սահակյանը:
Նա խոսեց նաև ժամանակակից գրականության մասին ` քննադատության արժանացնելով գրողներին: «Ես վաղուց չէի կարդացել ժամանակակից գրականություն, ժամանակակից ասելով ի նկատի ունեմ, կան գրողներ, որոնք տարիքով բավականին մեծ են` 65-80 տարեկան, որոնք համարյա չեն գրում, կան գրողներ, որոնք մի քիչ ավելի երիտասարդ են`30-40: Ես կարդացել եմ նրանց գործերը, չեմ ուզում վատ բան ասել, չեմ ուզում սերունդների մեջ սեպ խրել, բայց պահ է գալիս, որ չես կարողանում հանդուրժողական վերաբերմունք ցույց տալ, որովհետև հայ արձակը, պոեզիան, քիչ չեն եղել այս փոքրիկ երկրում գրողներ, Համո Սահյան, անուններ չտամ, որոնք, իսկապես համաշխարհային մեծություններ են…Եվ այսօր մխրճվել այդ գրականության մեջ` լինելով անտաղանդ, լինելով անշնորք, լինելով անտաշ, ինձ թվում է հանցագործության պես մի բան է: Ես` որպես պրոֆեսիոնալ մարդ, կարող եմ էս խոսքերը ինձ վերապահել, շատ վատ, անուժ, ցածր գրականություն է:Եվ գիտեք, թեմաներ են շոշափում, ոնց որ թե մտածված, իրենք շատ լավ գիտեն, որ էդ թեմաները շոշափելուց ոչ մեկը իրենց չի ասի` ինչո՞ւ ես վատ գրում, ինչո՞ւ ես տգեղ գրում, արևելյան ոճի թեմաներ են` հիվանդ երեխա, մեռնող պապ, հոգնած տատ, պապս, տատս, դա գրականություն չէ», -ասաց Վահրամ Սահակյանը:
Կարդացեք նաև
Նա իր խոսքում անդրադարձավ նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին` ասելով, որ դա ապտակ չէ, այլ մահափորձ է նորմալ, առողջ մտածողության դեմ: «Ստացվել է էդ մահափորձը, էնպես չի, որ չի ստացվել: Էդ մտածողությունը, հետո ինտիմ հարցերի շուրջ` իմ կնիկը ինձի դավաճանավ, էնի զանգավ, խոսեց, էդ ամեն ինչը..նոր բառեր են հնարել` ճեղճություն, դա խեղճը չէ, էդ ճեղճն է, էն , որ ինքը գիտի ինքը ատամնաթափն ա, ինքը գիտի, որ ինքը անապահովն ա, իրեն բոլորը խճղում են, պրես է անում մարդկանց, և էդ ամեն ինչը լցնել երիտասարդության …
Մարդկանց ահավոր մեծ քանակ կա ամբողջ աշխարհում, իրենք ինչ ազդեցության տակ ընկնեն, էդպես էլ կշարունակեն իրենց կյանքը, երիտասարդ, որ վատ, խեղճ ընտանիքից է, կասի` էս է էլի կյանքը, որ ես ամուսնանամ իմ կնիկը ըսենց, դա ի՞նչ խոսելու թեմա է»,- քննադատեց գրող-հրապարակախոսը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ