«Ցանկացած խնդիր, որը տեղի է ունենում Ռուսաստանում եւ ցանկացած տնտեսական ցնցում, որը տեղի է ունենում ռուսական բանկային եւ ֆինանսական շուկայում, անուղղակի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա այն պարզ պատճառով, որ ունենք բավականին շատ ռուսական կազմակերպություններ, որոնք գործում են Հայաստանի շուկայում»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում, մեկնաբանելով, թե ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ կիրառած նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա, այսպես պատասխանեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Տնտեսագետը նաեւ նշեց, որ բանկային համակարգի միջոցով եւ առանց բանկային համակարգի Ռուսաստանից Հայաստան մտնող տրանսֆերտները եւս նվազման միտում ունեն։
Պրն Խաչատրյանի խոսքով՝ պատժամիջոցների նման անուղղակի հետեւանքներից սկզբնական շրջանում խուսափել չի հաջողվի. «Իսկ եթե Ռուսաստանում խոշոր նախագծերը սկսեն թերակատարվել կամ դրանց մեջ օտարերկրյա աշխատուժի ներգրավվածությունը նվազի, ապա այդ ժամանակ արտագաղթի հետհոսք կլինի դեպի Հայաստան, որի արդյունքում էլ Հայաստանի զբաղվածության տեսանկյունից կարող է լարվածություն առաջանալ»։
Տնտեսագետը հույս է հայտնում, որ պատժամիջոցները նաեւ իրենց դրական ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի տնտեսության համար. «Այն խորշերը, որոնք ազատվում են ռուսական շուկայում, հայկական կազմակերպությունները կարող են արտահանման միջոցով փորձել գրավել»։ Տնտեսագետը խորհուրդ է տալիս է լինել ավելի ճկուն, արագ կողմնորոշվել, ռուսական շուկայի ուսումնասիրություններ անել՝ մրցունակ լինելու նպատակով. «Չնայած սրան, մեր պոտենցիալը եւ ճկունությունը այդքան էլ մեծ չէ»։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ