Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ամսի 15-ից հետո հնարավոր է ՀՅԴ-ն նորից միանա Քառյակին»

Սեպտեմբեր 17,2014 13:48

Այսօր Քառյակի նիստից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով Քառյակի այսօրվա որոշումը, որ ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եւ Քառյակի մարզային այցելություններին՝ ասաց. «Մենք ունենք  սահմանադրական փոփոխությունների մեր փաթեթը եւ պատրաստ էինք այդ փաթեթը համաձայնեցնել եւ Քառյակով ներկայացնել, որը տեղի չունեցավ: Մենք չէինք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք անցկացնել: Հանրահավաքն ի վերջո կոնկրետ նպատակ ունի եւ կոնկրետ խոսք պետք է հնչեցնի: Սահմանադրական փոփոխությունների հարցն այնքան կարեւոր է եւ տեսակետներն այնքան տարբերվում են իրարից: Մինչեւ հիմա մենք խոսում էինք 12 կետերի ամփոփման մասին»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, Քառյակը Քառյակ է մնալու տարբեր հարցերի շուրջ. «Մենք առաջարկում էինք, որ նույն դաշտում գտնվելու հարցը պետք է հստակ որոշվեր: Դա կլիներ 15-ից հետո՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնելու ժամկետից հետո: Երբ մեզ համար պարզ կդառնար՝ մեր առաջարկած փաթեթը ընդունվեց, թե չէ: Մենք դա էլ ենք առաջարկել Քառյակին, որ որոշակիություն կարող է առաջանալ 15-ից հետո: Հնարավոր է, որ 15-ից հետո իշխանությունները չընդունեն մեր փաթեթը, այդ պարագայում մենք, բնականաբար, դեմ կլինենք սահմանադրական փոփոխություններին: Եվ այդ ժամանակ մեր տարաձայնությունները Քառյակում կվերանան»:

Պարոն Ռուստամյանը նշեց, որ եթե իշխանությունները կողմ լինեն, արդեն կլինեն իրենք տարբեր դաշտերում եւ տարբեր դիրքերում:

Հարցին՝ կոալիցիա հնարավո՞ր է կազմեք նորից իշխանության հետ դրանից հետո՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք կոալիցիայի հետ կապված 7 կետերի հարցը վաղուց են դրել. «Մենք մնում ենք ընդդիմադիր դաշտում, որովհետեւ ունենք լուրջ խնդիրներ իշխանության հետ: Քառյակի մեջ լինել չլինելն էլ կախված է սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ: Իրենք իրավունք ունեն քարոզել ժողովրդին իրենց տեսակետը, մենք էլ իրավունք ունենք քարոզել ժողովրդին մեր տեսակետը, թող հանրաքվեով որոշվի»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք արդեն ունեն սահմանադրական փոփոխությունների պատրաստի փաթեթ, բայց դեռ մեջտեղ չէին հանում, որովհետեւ փոփոխությունների բովանդակության քննարկում Քառյակում տեղի չի ունեցել:

Հարցին՝ ինչո՞ւ չսպասեց Քառյակը մինչեւ ամսի 15-ը՝ նա պատասխանեց. «Որովհետեւ իրենք ամեն դեպքում դեմ են Սահմանադրական փոփոխություններին: Եթե ամեն դեպքում դեմ են, ինչի՞ն սպասեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930