Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունը մշակել է անապատացման դեմ պայքարի ռազմավարություն. «Արմենպրես»

Սեպտեմբեր 17,2014 13:24

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մշակել է Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն: Սեպտեմբերի 16-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթի նախագծի հանրային քննարկումը: Միջոցառմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ և խնդրով հետաքրքրվածներ:

Կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը կարևորեց անապատացման դեմ պայքարը: «Անապատացումը հողերի դեգրադացիան է չորային պայմաններում: Անապատացումը Հայաստանում խիստ արդիական հիմնահարցերից է, որը վերջին շրջանում ավելի է սրվել՝ կլիմայի փոփոխության հետ կապված: Անապատացումն առավել ընդգծված է գյուղական շրջաններում՝ առավել աղքատ բնակավայրերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

«Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում մեծ քանակությամբ անտառներ հատվեցին, ինչը նպաստեց սողանքային երևույթների ակտիվացմանը և այլ երևույթների: «Հենց այս հիմնախնդիրների լուծմանն էլ նվիրված է մեր ազգային ծրագիրը, որտեղ նշված են այն հիմնական գործոնները և մինչև 2020 թթ. գործողությունների ծրագիրը»,-նշեց նա:
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բնապահպանության նախարարության ազգային փորձագետ Աշոտ Խոյեցյանը վաղուց է ներգրավված անապատացման դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթացներում: «Ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային համագործակցությունն է և տարածաշրջանային փորձի փոխանակումը, որը շատ կարևոր է: Հայաստանի՝ բնակլիմայական պայմանների և մարդու անհաշվենկատ բնօգտագործման պատճառով լուրջ խնդիրներ են հայտնվել դաշտում: Դրա դեմ պետք է պայքարել ազգային մակարդակով»,-նշեց նա:

Ծրագիրը ներկայացվելու է համապատասխան գերատեսչություններին՝ քննարկման և իրականացման համար: «Այն կենթարկվի հանրային լսումների, քննարկումներ կանցկացվեն կառավարությունում, և պետք է հաստատվի ԱԺ-ում: Կարող են լինել քննադատություններ, առաջարկություններ, փոփոխություններ: Դա կօգնի, որ փաստաթուղթն ավելի նպատակային դառնա»,- հավելեց Խոյեցյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930