«Մեզ համար նախընտրելի կլիներ, որ ՀՅԴ-ի մեր գործընկերները լինեին Ազատության հրապարակում հարթակում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` այսօր Քառյակի նիստից հետո:
Նա հայտարարել էր, որ Քառյակի հանրահավաքին ՀՅԴ-ն չի մասնակցի, չի մասնակցի նաեւ Քառյակի մարզային այցելություններին:
«Քառյակը Քառյակ է, կոնկրետ հարցերի վերաբերյալ ունենք կոնկրետ դիրքորոշում, սա կոալիցիա չէ»,- ասաց նա:
Aravot.am-ի հարցին՝ շատ էին խոսում այն մասին, որ իշխանությունները փորձում են կազմաքանդել Քառյակը, կարո՞ղ ենք այսօր ասել, որ իշխանություններին հաջողվեց դա անել՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չենք կարող, ես էլի եմ կրկնում: Խորհրդարանում բազմաթիվ այլ հարթակում խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունը շարունակվում է: Այս հարցում՝ սահմանադրական փոփոխությունների հարցում գաղտնիք չէ, որ կան տարաձայնություններ: Այդ իսկ պատճառաբանությամբ ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Նա ասաց, որ իշխանությունը միշտ էլ իր հայտնի մեթոդներն ունի, բայց պետք է ամեն ինչ անենք, որ կայանա հանրահավաքը:
Կարդացեք նաև
Հարցին՝ շարունակելո՞ւ եք վստահել ՀՅԴ-ին եւ տեսնո՞ւմ եք համագործակցություն՝ նա պատասխանեց, որ ՀՅԴ-ի հետագա քայլերի համար չի կարող պատասխանել, բայց հանրահավաքին չէր կարող շրջանցվել սահմանադրական փոփոխությունների թեման, իսկ դա է եղել միակ խնդիրը, որի պատճառով ՀՅԴ-ն չի լինի մարզային հանդիպումներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ