ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում` սեպտեմբերի 17-ին, տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով դափնեկիրներ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին, Բրենթ Թալիին և արարողության հյուրերին դիմեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Մրցանակի հիմնադրումը նպատակ ունի հավերժացնելու Վիկտոր Համբարձումյանի հիշատակը, աշխարհին ներկայացնելու Հայաստանի գիտությունը և նպաստելու աստղաֆիզիկայի զարգացմանը Հայաստանում»,- մասնավորապես ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009թ-ին: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից:
2014թ. հաղթողներից Ֆելիքս Ահարոնյանը, ով առաջադրվել է Իտալիայի Լինչեի ազգային ակադեմիայի կողմից Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար, ստացավ 250 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: Հաղթողներ Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին, ովքեր առաջադրվել են Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանի կողմից Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար, ստացան 125 հազարական ԱՄՆ դոլար մրցանակ:
Մրցանակը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արդեն երրորդ անգամն է, որ Հայաստանի գիտական աշխարհն իր մասին բարձրաձայնում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկի` Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությամբ: Յուրաքանչյուր հայաստանցու համար ամենամեծ զգացողություններից է, երբ նա իր երկրով հպարտանալու ծանրակշիռ առիթներ ունի: Սահմանելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ՝ մենք լիովին գիտակցում էինք նրա հեղինակության կարևորությունը. բացի դրամական բաղադրիչից, մրցանակի արժեքն են նաև գիտական հանրության կողմից նրա ընդունումը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգտնեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին»:
2014թ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի համար եղել է 7 առաջադրում Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ուկրաինայից:
Կարդացեք նաև
Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), Գենադի Բիսնովատի-Կոգան (Ռուսաստան), Երվանդ Թերզյան (ԱՄՆ), Նորիո Կայֆու (Միջազգային աստղագիտական միության նախագահ, Ճապոնիա), Միշել Մայոր (Շվեյցարիա), Վահե Պետրոսյան (ԱՄՆ), Մարտին Ռիս (Մեծ Բրիտանիա), Քաթրին Ցեսարսկի (Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ, Ֆրանսիա) և Ռոբերտ Ուիլյամս (Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ, ԱՄՆ):
Ֆելիքս Ահարոնյանը ֆիզիկոս և աստղաֆիզիկոս է, ով ներկայումս իր հետազոտություններն է իրականացնում Դուբլինում (Իռլանդիա) և Հայդելբերգում (Գերմանիա): Ծնվել է 1952թ. մայիսի 23-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: 1991-1992թթ-ին հրավիրվել է Չիկագոյի համալսարան (ԱՄՆ): Ֆելիքս Ահարոնյանը Հայդելբերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (MPIK) Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի տեսության (HEAT) խմբի ղեկավարն է: Համատեղությամբ աշխատում է նաև Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտում (DIAS): 2008թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, իսկ 2012թ-ին՝ Իռլանդիայի թագավորական ակադեմիայի անդամ: Հայկական աստղագիտական ընկերության և Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի անդամ է: Նրա գիտական հետազոտությունների հիմնական ոլորտներն են` աստղամասնիկային ֆիզիկան, բարձր էներգիաների ֆիզիկան, տիեզերաբանությունը և տեսական ֆիզիկան: Նա Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA) ներկայացուցիչն է JAXA-NASA-ESA-ի Astro-H ռենտգենյան արբանյակի գիտական խորհրդատվական կոմիտեում, H.E.S.S. համագործակցության գործադիր խորհրդի և KM3NeT կոնսորցիումի խորհրդի անդամ է, Միջազգային աստղագիտական միության D բաժանմունքի (Բարձր էներգիաների երևույթներ և հիմնարար ֆիզիկա) փոխնախագահ, Աստղամասնիկային ֆիզիկայի եվրոպական կոնսորցիումի (APPEC) գիտական խորհրդատվական հանձնաժողովի անդամ, Բարսելոնայի համալսարանի Տիեզերքի մասին գիտությունների ինստիտուտի միջազգային խորհրդատվական հանձնաժողովի նախագահ, Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի Եվրոպական համատեղ լաբորատորիայի համատնօրեն: Նա «Ժամանակակից ֆիզիկա D» միջազգային գիտական ամսագրի խմբագիր է: Տպագրել է ավելի քան 650 գիտական հոդված և երկու գիրք: 2005թ-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, 2006թ-ին` Եվրոպական միության Դեկարտի անվան մրցանակի, 2010թ-ին` Ամերիկյան աստղագիտական ընկերության Ռոսիի անվան մրցանակի Վ. Հոֆմանի և Հ. Ֆյոլկի հետ համատեղ:
Իգոր Կարաչենցևը Ռուսաստանի հատուկ աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող է: Ծնվել է 1940թ. փետրվարի 17-ին Կիևում: Ավարտել է Կիևի պետական համալսարանը: Իր գիտական գործունեությունը Կարաչենցևը սկսել է Բյուրականի աստղադիտարանում, որտեղ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ: 1971թ-ից աշխատում է Ռուսաստանի հատուկ աստղադիտարանում: Գիտական հետազոտությունների ոլորտներն են` թզուկ գալակտիկաները, գալակտիկաների տեղական ծավալը, գալակտիկաների համակարգերը, թաքնված նյութը, գալակտիկաների փոխազդեցությունները, դիտողական տիեզերաբանությունը և թաքնված էներգիան: Տպագրել է մոտ 500 գիտական հոդված, ինչպես նաև «Գալակտիկաների զույգեր» մենագրությունը: Ղեկավարել է 14 թեկնածուական թեզ: Արժանացել է Ռուսաստանի վաստակավոր գիտնականի կոչման, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բրեդիխինի անվան և Ամերիկյան աստղագիտական ընկերության Կրետիենի անվան մրցանակների: Միջազգային աստղագիտական միության և «Աստղաֆիզիկա» և «Աստղաֆիզիկական տեղեկագրի» խմբագրական կոլեգիաների անդամ է:
Բրենթ Թալին աշխատում է Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտում: Ծնվել է 1943թ. Տորոնտոյում: 1964թ-ին ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը: Գիտական հետազոտությունների ոլորտներն են` արտագալակտիկական հեռավորությունների սանդղակը, գալակտիկաների շարժումները, թաքնված նյութի բաշխումը, Տիեզերքի մեծածավալ կառուցվածքը, գալակտիկաների լուսատվության ֆունկցիան և թզուկ գալակտիկաները: Նա Մոտակա դաշտի տիեզերաբանության տեսության նախաձեռնողներից է, որը վերաբերում է գալակտիկաների առաջացման և էվոլուցիայի և հենց Տիեզերքի մասին մեր պատկերացումներին: 1977թ-ին Թալին և Ռիչարդ Ֆիշերը հայտնաբերել են գալակտիկաների զանգվածների և նրանց լուսատվությունների միջև առնչություն, որը աստղագետներին թույլ է տալիս հաշվել գալակտիկաների հեռավորությունները: 1988թ-ին Թալին հրապարակեց Մոտակա գալակտիկաների կատալոգ և Մոտակա գալակտիկաների ատլաս` գալակտիկաների եռաչափ բաշխումը պատկերելու առաջին խոշոր փորձը: Տպագրել է մոտ 350 գիտական հոդված: Նա Կանադայի Թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ է:
2010թ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներն էին Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), Նունու Սանտուշը (Պորտուգալիա), իսկ 2012թ-ին` Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն