Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. ԴԱՀԿ-ի արկածներից

Սեպտեմբեր 17,2014 12:47

Մի քանի ամիս էլ չէր անցել, ինչ հաղթական ավարտ ապահովելով՝ կարողացել էի կարմիր գծերի հետ կապված աներեւակայելի ու հիմարագույն պատմության վերջակետը դրել: Այդ մասին կարելի է կարդալ նաեւ այստեղ:

Կարծում էի՝  ինձ հետ նման պատմություն էլ չի կրկնվելու, բայց մի քանի օր առաջ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնից ծրար ստացա: Ծրարում իմ նկատմամբ վարչական վարույթ սկսելու եւ ինձանից 25000 դրամ + եւս 5000, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս, բռնագանձելու որոշում էր:

Որոշման մեջ իմ կողմից թույլ տրված վարչական որևէ իրավախախտում, ինչի համար ես պետք է ենթարկվեի տուգանքի, նշված չէր: Տեքստից միայն կարելի էր կռահել, որ նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել 2013թ նոյեմբերի 13-ին Ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար ինձ 5000 դրամ տուգանք նշանակելու որոշումը: Բայց այդպես էլ անհասկանալի էր մնում, թե մեկ տարի առաջվա որոշումն ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ի՞նչ պատճառով կարող է 25 000 դրամ տուգանք նշանակելու հիմք հանդիսանալ կամ ինչպե՞ս կարող է մեկ տարի անց այդ որոշման մեջ նշված 5000 դրամն այսօր ինքնաբերաբար դառնալ 25 000:

Հենց այնպես, առանց որեւէ պատճառաբանության, հիմնավորման ու բացատրության ավագ հարկադիր կատարող Սեւադա Ռուստամյանը գրում է բառացիորեն հետեւյալը. «ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից 13 նոյեմբեր 2013թ. կայացած թիվ 01134509 որոշման համաձայն պետք է Վարդան Լյուդվիկի Հարությունյանից հօգուտ Պետ. բյուջեի բռնագանձել 25000 դրամ»:

DAHK voroshum

Չպե՞տք է արդյոք այսօրվա որոշման մեջ ինձ՝ քաղաքացուս, բացատրվեր, թե ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար եմ պարտավոր մեկ տարի առաջ որոշված գումարի վեցապատիկը վճարել: Գոնե գրեին պահանջվող 5000 դրամը ժամանակին չվճարելու համար կամ օրենքով նախատեսված այլ պատճառաբանություն նշեին, բայց ոչ, առանց պատճառաբանության, հենց այնպես պարտավորեցնում են Ճանապարհային ոստիկանության կողմից մեկ տարի առաջ նշանակված 5000 -ի փոխարեն այսօր 30 000 վճարել:

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ հարկադիր կատարողն իր օգոստոսի 22-ին կայացրած որոշման համար որպես հիմք է նշում նույն՝ օգոստոսի 22-ին ճանապարհային ոստիկանությունից ստացած գրությունը: Այսինքն՝ հարկադիր կատարողն իր որոշումը կայացրել է ճանապարհային ոստիկանությունից գրությունը ստանալուց անմիջապես հետո: Թե ինչպես են նման կարճ ժամանակահատվածում հասցրել ուսումնասիրել ՃՈ-ից ստացած գրությունը եւ պարզել, որ ես, իրոք, ենթակա եմ նման տուգանքի, բաց է մնում:

Բանն այն է, որ մեկ տարի առաջ 5000 դրամ տուգանքի որոշումը, որ ստացել եմ 2013թ. նոյեմբերի 16-ին, շաբաթ երեկոյան, առաջին իսկ աշխատանքային օրվա ընթացքում՝ նոյեմբերի 18-ին պարտաճանաչ կերպով վճարել եմ, վճարման անդորրագիրն էլ՝ պահպանել:

Ստացվում է, որ հարկադիր կատարման ծառայությունում, որը հարկատուներիս հաշվին աշխատավարձ է ստանում, մեզ՝ քաղաքացիներիս աստղաբաշխական թվերի տուգանքներ նշակելուց, մեր հաշիվներն ու գույքը կալանքի վերցնելուց առաջ, հարկ չեն համարում մի քիչ էներգիա ու ժամանակ ծախսել՝ ուսումնասիրելու համար ճանապարհային ոստիկանությունից եկած գրությունների հավաստիությունը:

Հնարավո՞ր է արդյոք, որ ճանապարհային ոստիկանությունը չտեղեկացվի, որ իր կայացրած տուգանքի որոշման դիմաց քաղաքացին ժամանակին վճարել է: Բանկային համակարգի մասնագետները պնդում են, որ դա հնարավոր չէ: Էլեկտրոնային տարբերակով ողջ տեղեկատվությունը փոխանցվում է համակարգից համակարգ: Մնում է միայն թյուրիմացությունը: Շատ հնարավոր է, որ տեսուչն անուշադրության պատճառով վճարումը չնկատի եւ նման դեպք արձանագրվի: Իմ կողմից հարկադիր կատարման ծառայություն գրված դիմումում ինքս էլ շեշտը դրել էի հնարավոր թյուրիմացության ու հարկադիր կատարողի ծառայական պարտականությունները թերի կատարելու վրա: Եթե հարկադիր կատարողն իրոք ուսումնասիրեր ոստիկանությունից ստացած գրությունը, ապա չէր կարող չպարզել, որ իմ կողմից վճարումը ժամանակին կատարվել է:

Բայց թյուրիմացության կամ անուշադրության վարկածը հօդս ցնդեց այն պահին, երբ դիմումս հանձնելու համար մտա հարկադիր կատարման նամակների բաժին: Նամակների ընդունման բաժնում մնացել եմ մի քանի րոպե: Այդ կարճ ժամանակահատվածում տեսել եմ նույն խնդիրն ունեցող մի քանի տասնյակ մարդ: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան է կազմում նրանց թիվն օրվա ընթացքում: Պարզվում է՝ սա համատարած բնույթ կրող երեւույթ է:

Ինչեւէ, հանձնեցի նամակս: Մի երկու օրից ինձ զանգահարեց նույն ավագ հարկադիր կատարող Սեւադա Ռուստամյանը, որը բարեհամբույր մարդու տպավորություն էր թողնում: Տեղեկացրեց, որ իմ նկատմամբ վարույթը կարճվել է եւ հարցրեց՝ պե՞տք է արդյոք նամակիս գրավոր պատասխանել: Ես, իհարկե, ասացի, որ պետք է, իսկ նա մի տեսակ աղաչական համոզում էր, որ գրավոր պատասխան չուզեմ, քանի որ բողոքները շատ-շատ են ու ինքը չի հասցնում:

Փաստորեն, ճանապարհային ոստիկանությունն անհայտ պատճառով մեծ քանակության իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է փոխանցում հարկադիր կատարման ծառայությանը, վերջիններս՝ առանց ուսումնասիրություններ կատարելու, բայց իրենց որոշումների տեքստերում նշելով, իբր կատարել են համապատասխան ուսումնասիրություններ ու պարզել, որ ոստիկանության հիմնավորումները տեղին են՝ արգելանք են դնում քաղաքացու գույքի ու հաշիվների վրա:

Կարելի էր եւ չանդրադառնալ այս պատմությանը, եթե այն լիներ սխալմունքի կամ թյուրիմացության արդյունք եւ վերաբերվեր միայն ինձ կամ սահմանափակ թվով մարդկանց, բայց այն այսօր խիստ տարածված երեւույթն է եւ պատահականություն կամ սխալմունք լինել չի կարող: Այն կարող է միայն կազմակերպված լինել: Ո՞վ եւ ինչու՞ է կազմակերպել սա, ի՞նչ նպատակ են հետապնդում՝ մի օր, անկասկած, պարզվելու է, բայց մինչ այդ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր չեն պահպանել կամ չունեն վճարման անդորրագրերը բարդագույն խնդիրների առաջ են կանգնում, ովքեր ֆինանսական գործարքներով են զբաղված ու չեն կարող սպասել, մինչեւ «թյուրիմացությունը» շտկվի՝ արգելանքը հնարավորինս շուտ վերացնելու նպատակով ստիպված վճարում են պահանջված գումարը, իսկ շատերն էլ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, ինչը նույնպես տարածված երեւույթ է, տեղյակ անգամ չեն լինում, որ իրենց գույքը արգելանքի տակ է: Նրանք այդ մասին զարմանքով կտեղեկանան շատ ավելի ուշ՝ գույքի հետ որևէ գործարք կատարելիս ու փաստի առաջ կկանգնեն:

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930