Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Հայրիկյանի կենդանության օրոք Հայրիկյանին թաղո՞ւմ եք»

Սեպտեմբեր 17,2014 12:01

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ իրեն անպարկեշտ է պահում»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ Գագիկ Հարությունյանի հետ լավ հարաբերություններ ունի, «բայց հայտարարում է, որ ինքն է 1990-ականներին իրականացրել սահմանադրական բարեփոխումներ: Բայց նույնիսկ Հայրիկյանի կենդանության օրոք Հայրիկյանին թաղո՞ւմ եք: Ես 1990-ականներին պաշտոնապես գլխավորել եմ այդ հանձնաժողովը, ՍԴ-ից էլ երկու հոգի իմ ենթականերից են եղել»:

Պարույր Հայրիկյանի համար անտրամաբանական է, որ ուզում են փոխել Սահմանադրությունը, այն դեպքում, երբ 2005-ին իրենք էին դրության տերը, այդ ժամանակ է ընդունվել այս Սահմանադրությունը:

Հայրիկյանը կողմ է նախագահական համակարգին: Այս առիթով նա պատմեց իր և Վազգեն Մանուկյանի՝ Արցախում հանդիպումից մի դրվագ. «Ես եղել եմ նախագահական համակարգին կողմ, եղել եմ նախագահի պաշտոն ստեղծելու համար կռիվ տվող, հիմա էլ դրա կողմնակիցն եմ: Վազգեն Մանուկյանն ինձ ասաց, թե հիմնական մասը խորհրդարանական համակարգի կողմնակից են, մի մասը կիսանախագահական, միայն դու ես նախագահականի կողմնակից: Ասացի, թե միշտ առաջադեմ գաղափարներին կողմ են լինում քչերը, ապուշություններին՝ շատերը»:

Պարույր Հայրիկյանն առաջարկում է ավելի հաճախակի դարձնել թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները՝ մեծացնելով ժողովրդի մասնակցությունը:
Հայրիկյանը կասկածում է, որ ՀՀ իշխանությունները կարող են սեպտեմբերի 21 նշել ու մանրամասնում. «Ինչպե՞ս կարող են սրանք սեպտեմբերի 21 նշել, եթե դեմ են գնում սեպտեմբերի 21-ին: Հիմա մենք Ռուսաստանից 94 տոկոսով դուրս ենք եկել, բայց նորից ՌԴ ենք գնում առանց որևէ հանրաքվեի»:

Այնուհետև Պարույր Հայրիկյանը խոսեց իր դեմ խանդի մասին. «Էս ի՞նչ անասնական խանդ է Հայրիկյանի նկատմամբ, կարող է՝ պատճառն այն է, որ ես կարող էի տասնութ տարի նստել ու չկոտրվել, բանաստեղծություններ, երգեր գրել: Էդ խանդը ինչքա՞ն պիտի ձեզ հետապնդի»:

Aravot.am-ի հարցին մտավախություն չունի՞, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախաձեռնել է, քանի որ նրա հիմնական նպատակը ԱԺ նախագահի աթոռն է, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում նախագահ և վարչապետ դառնալ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոնք ժամանակին նույն թիմի մարդիկ էին: Նրանց բոլորի և քաղաքական գործիչների հիմնական մասի համար, ովքեր քաղաքականությանը նայում են որպես բիզնեսի, այս բոլորի համար ցանկացած փոփոխության հիմքում ընկած է իրենց անձնական նկատառումը: Բայց կան մարդիկ, որ կարող են բանտում լինել, բայց չմտածել իրենց բանտի մասին, այլ ժողովրդի: Դա մարդկային է, որ բոլոր մարդիկ նաև քաղաքական գործիչներն իրենց շատ քայլերի հիմքում տեսնեն իրենց անձնական շահը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930