Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկը տեղ չի գտել աշխարհի մոտ 900 առաջատար համալսարանների ցուցակում, որ հրապարակել է կրթական խնդիրների հետազոտություններով զբաղվող բրիտանական Quacquarelli Symonds՝ QS հեղինակավոր կենտրոնը:
Փոխարենը, այս ցուցակում տեղ են գտել միանգամից երեք ադրբեջանական համալսարաններ: Ճիշտ է, հարևան երկրում գործող այս երեք ուսումնական հաստատություններն էլ QS-ի հրապարակած ցանկի ետնամասում են: Բաքվում գործող «Կովկաս» համալսարանը ադրբեջանական բուհերի թվում լավագույնն է` զբաղեցնելով համաշխարհային ցանկի 675-րդ հորիզոնականը: Բաքվի պետական համալսարանը 713-րդն է, իսկ ադրբեջանական մեկ այլ ուսումնական հաստատություն` «Խազար» համալսարանը` 737-րդը:
Սրանք բրիտանական կազմակերպության կողմից կազմված ցանկի միակ հարավկովկասյան համալսարաններն են: Վրացական համալսարանները ևս, ինչպես և հայկականները, դուրս են մնացել աշխարհի առաջատար բուհերի ցանկից:
Ուսումնական հաստատությունների վարկանիշային այս աղյուսակը բրիտանացի հետազոտողները կազմում են ամեն տարի, հաշվի առնելով մի քանի չափանիշներ` ակադեմիական շրջանակներում տվյալ ուսումնական հաստատության ձեռք բերած հեղինակությունը, դասախոսների և ուսանողների թվաքանակի հարաբերակցությունը, արտասահմանցի ուսանողների և դասախոսների թիվը, ինչպես նաև տվյալ համալսարանի համբավը գործատուների շրջանում:
Գեւորգ Ստամբոլցյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում