Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի հռչակագրի մեխը երկրների ինքնիշխանության պահպանումը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումն էր

Սեպտեմբեր 17,2014 10:29

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի մտահոգությունն այն է, որ «Ռուսաստանը չշարունակի իր միանձնյա գործունեությունը  եւ այդ մոտեցումը չտարածի մյուս սահմանակից երկրների վրա»:

– 2010թ. Լիսաբոնի, իսկ 2012թ. Չիկագոյի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին Սերժ Սարգսյանի չմասնակցությունը ՀՀ իշխանությունները պայմանավորել էին գագաթնաժողովի շրջանակներում հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումներով: Դուք վերջերս նշել էիք, որ Ուելսում ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում հայկական պատվիրակությունը կցանկանայիք, որ ղեկավարեր նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչո՞վ եք բացատրում Ս. Սարգսյանի քայլը` Ուելսի գագաթնաժողովին նրա մասնակցությունը, այն էլ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու ձգտումների ֆոնին:

– 1991-ից սկսած՝ այն պահից, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, պաշտոնական Երեւանը չի թաքցրել, մշտապես բացահայտ ասել է, որ ցանկանում է հավասարազոր հարաբերություններ ունենալ թե ՀԱՊԿ-ի, թե արեւմտյան երկրների հետ: Այս հիմնարար սկզբունքը երբեք չի փոխել: Հատկապես այս տարի շատ կարեւոր էր, որ Հայաստանը ցույց տար իր այդ սկզբունքին հավատարիմ մնալը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի հայտարարվեց, թե Հայաստանը ցանկություն ունի միանալու Եվրասիական միությանը: Դեպի Արեւմուտք մեկ քայլ պետք է լիներ: Հաշվի առնելով Ուկրաինայում ճգնաժամը, որի հետեւանքով լարվել են Ուկրաինայի եւ Արեւմուտքի հարաբերությունները, բարդացել է նաեւ Հայաստանի գործը Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հետ հարաբերություններում, այս լույսի ներքո կարեւոր էր Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ես հավատացած եմ, որ նույնիսկ եթե դու ինչ-որ բաների հետ համաձայն չես` ճիշտ է այնտեղ տեղում լինելը, ճիշտ է տեսակետդ բարձրաձայնելը, անհամաձայնությունդ անձամբ հայտնելը: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը հենց այդ որոշումն ընդունեց իր մասնակցությամբ:

– Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ուշագրավ ակնարկ արեց մինչեւ հռչակագրի ընդունումը: Նա ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ԼՂ կարգավորման գործընթացում եւ առաջին անգամ ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին «բռնապետ» անվանեց, իսկ Թուրքիայի նոր իշխանությանը` Ադրբեջանի իշխանությանը պաշտպանող: Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի այս ուղերձը մասնավորապես՝ դաշինքի անդամ առաջատար երկրների կողմից ընկալելի՞ էր:

– Ես մեծապես հույս ունեմ, որ նրանք ընկալեցին այդ ուղերձը: Ինչո՞ւ էի ես ցանկանում, որ Սերժ Սարգսյանը մեկներ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Որովհետեւ Ղարաբաղյան հակամարտությունը ամենաքիչ հայտնին է արեւմտյան երկրներում՝ որպես սառեցված հակամարտություն: Հաշվի առնելով վերջին ամիսներին շփման գծում լարվածությունը` ես շատ էի ցանկանում, որպեսզի միջազգային հանրությանը հիշեցվի այդ հակամարտության մասին:

– Դուք դիվանագետ եք, եւ գիտեմ, որ սահմանափակված եք Ձեր խոսքում, բայց, այնուամենայնիվ, կտամ այս հարցը եւ կուզենամ հնարավորինս անկեղծ լինեք: Դուք չե՞ք կարծում, որ վերջին տարիների իրողությունները հաշվի առնելով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այլեւս նույն մակարդակի վրա չեն կարող գնահատվել Արեւմուտքի կողմից` հաշվի առնելով երկու երկրներում թե ժողովրդավարության մակարդակը, Ադրբեջանում առկա ճնշումները հասարակական-քաղաքական շրջանակների, մամուլի նկատմամբ, թե ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում կառուցողական լինելու հանգամանքը: Հայտնի է, թե Ադրբեջանը ինչ գումարներ է հատկացնում ռազմական ոլորտին եւ հասարակության շրջանում ինչպիսի հայատյացության քարոզ է տարվում: ԵԱՀԿ ՄԽ-ն հավասարակշռություն է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սա հասկանալի է, բայց չե՞ք կարծում, որ արեւմտյան մյուս կառույցների կողմից այսուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը ճիշտ չէ:

– Ադրբեջանում վերջին ձերբակալությունների եւ այնտեղ տիրող մթնոլորտի առնչությամբ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, նաեւ մենք` Մեծ Բրիտանիայի կառավարությունը, հայտնել ենք մեր տեսակետը, մեր մտահոգությունները: Հատկապես մտահոգված ենք, քանի որ այնտեղ ձերբակալվել են հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, որոնց հետ այստեղ` Հայաստանում գործող հ/կ-ները Բրիտանիայի կառավարության օժանդակությամբ ծրագրեր էին իրականացնում: Այս առումով մենք բավական մտահոգ ենք, թե Ադրբեջանում ինչ է կատարվում: Մեր դերը կայանում է նրանում, որպեսզի երկու կողմերին էլ փորձենք փոխանցել մեր նկատառումները, մեր մտահոգությունները, օժանդակություն ցուցաբերենք, միջավայր ստեղծենք, փոխանցենք մեր փորձը հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, փորձենք երկու կողմերին բերել համաձայնության: Սա հակամարտություն է, որը պետք է լուծեն Հայաստանն ու Ադրբեջանը միասին:

– ՆԱՏՕ-ում ընդունված հռչակագրում նշվեց, որ դաշինքի անդամ երկրները պաշտպանում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, եւ շեշտվեց. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների եւ միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»: ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կարող է ազդել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա այս փուլում:

– ՆԱՏՕ-ն, իհարկե, Ղարաբաղյան հակամարտության միջնորդ չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջնորդը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հռչակագրին, ապա հռչակագրի լեզուն այնպիսին է, որ կողմերին դա կարող է դուր գալ կամ դուր չգալ, երկու կողմն էլ կարող են իրենց համար հաճելի կամ տհաճ ձեւակերպումներ գտնել: Իրականում ՆԱՏՕ-ի հռչակագրի մեխը, հիմնական ուղերձը երկրների ինքնիշխանության պահպանումն էր եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

– Դուք նշեցիք ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարման մասին եւ ակնարկեցիք, որ դրա արդյունքում նաեւ Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ: Կարծում եք՝ Հայաստանի ինքնիշխանությանը վտա՞նգ է սպառնում:

– Մեր մտահոգությունը գալիս է Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձություններից, թե ինչպես Ռուսաստանը այնտեղ միանձնյա եւ անօրինական ձեւով անեքսիայի ենթարկեց ուկրաինական տարածքի մի մասը, իսկ հիմա էլ շարունակում է անջատողականներին աջակցել: Ուկրաինան երկիր է, որը սահմանակից է Ռուսաստանին, մեր մտահոգությունն այն է, որ Ռուսաստանը չշարունակի իր միանձնյա գործունեությունը եւ այդ մոտեցումը չտարածի մյուս սահմանակից երկրների վրա: Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում կոնկրետ ուղերձ է տեղ գտել` երկրների ինքնիշխանության եւ անկախության պահպանման անհրաժեշտության մասին:

– Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հովանու ներքո կայացավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ուելսի եռակողմ հանդիպմանը Քերին իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: Ավելի վաղ շփման գծում լարվածության ֆոնին Սոչիում եռակողմ բանակցություններ կայացան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո: Արեւմուտքը մտավախություն չունի՞, որ ՌԴ-ի կողմից Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցող կողմերի նկատմամբ ազդեցության պահպանումը մյուս կողմից կարող է հակամարտության սառեցման տանել: Այսինքն` ՌԴ-ն բանակցող կողմերի վրա իր ազդեցությունը կմեծացնի ու կպահպանի, իսկ դրա արդյունքում կարգավորման գործընթացը կմնա նույն վիճակում:

– Կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները շարունակում են օժանդակել բանակցային այդ ձեւաչափին, թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների միջեւ Ուկրաինայի հարցում տարաձայնություններ կան, օրինակ` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ: Մենք ողջունում ենք Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, որովհետեւ շփման գծում լարվածության ֆոնին այդ հանդիպումը անհրաժեշտ էր, մենք շատ ուրախ ենք, որ Սոչիում Սարգսյանն ու Ալիեւը հանդիպեցին, դրանից հետո, ինչպես նշեցիք, թուլացավ լարվածությունը շփման գծում: Կարեւոր էր նաեւ, որ երկու նախագահները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ, եւ կայացավ եռակողմ հանդիպումը Ուելսում: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա, եթե բանակցող կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, ցանկանում են, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը շարունակի աշխատել, ուրեմն իրենք պետք է ցույց տան իրենց վերաբերմունքը: Եթե կողմերը համարում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով պետք է հասնեն համաձայնության, ուրեմն պետք է ցույց տան իրենց համաձայնությունը:

– Հայկական կողմը երբեւէ չի վիճարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները` խաղաղ կարգավորման հասնելու հարցում, Բաքվից են պաշտոնական մակարդակով ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունից դժգոհություններ հնչում ժամանակ առ ժամանակ: Վերջին հարցը հայ-ադրբեջանական թեմայով` մամուլից տեղեկացանք վերջերս, որ Բաքու եք այցելել: Կմանրամասնե՞ք` Ադրբեջանի իշխանություններից կոնկրետ ո՞ւմ եք հանդիպել, ի՞նչ տպավորություններ ստացաք, մասնավորապես պաշտոնական Բաքուն ընդունո՞ւմ է ԼՂ կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Նաեւ հետաքրքիր է, թե Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կալանավորումներն ինչպե՞ս են արդարացնում օտարերկրացիների հետ հանդիպումներում:

– Բաքվի այդ հանդիպումը, այսպես ասած` ներքին էր, նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ՄԹ դեսպանների համար: Մեզ էին միացել նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի մեր գործընկերները: Մեր նպատակն էր Միացյալ Թագավորության առջեւ կանգնած մարտահրավերները ի մի բերելը` թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով: Այդ հանդիպման նպատակն էր մեր գործունեության երկրներից դուրս գալը, այլ երկրներում առկա մարտահրավերները պատկերացնելը: Կազմակերպվեցին նաեւ մի քանի հանդիպումներ: Հանդիպել ենք փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ, վերլուծաբանների եւ որոշ պատգամավորների հետ: Նրանց միակ փաստարկը, որ բերվում էր այնտեղ վերջին ձերբակալությունների առիթով, մտահոգությունն էր կայունության համար, բայց նաեւ այն, որ աշխարհի տարբեր երկրներում ակտիվորեն թափ է առնում ռադիկալ իսլամիստների շարժումը, ուստի այս փաստն էլ է մտահոգության առիթ տալիս ու ըստ այդ վերլուծաբանների` դառնում ձերբակալությունների պատճառ:

– Մեղմ ասած` դժվար է ադրբեջանցի վերլուծաբանների պատճառաբանության մեջ տրամաբանություն գտնել` Ադրբեջանում ռադիկալ իսլամիստների եւ օրինակ` Լեյլա եւ Արիֆ Յունուսների դեմ «Հայաստանի օգտին լրտեսություն անելու» մեղադրանքների միջեւ, բայց ինչեւէ… Դառնանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Հայաստանի ԱԳ նախարարը մեկնեց Անկարա, մասնակցեց Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը եւ նրան հանձնեց ՀՀ նախագահի հրավերը` հաջորդ տարի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Թուրքիան ԼՂ խնդրի պատճառով փակել է ՀՀ-ի հետ սահմանը, նաեւ ԼՂ խնդրի պատճառով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կյանքի չկոչվեցին: Այսօր էլ Թուրքիայի նորընտիր նախագահը ԼՂ հակամարտությունը ներկայացնում է որպես նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում: Նման իրավիճակում Դուք հույս ունե՞ք, որ պաշտոնական Անկարայի կողմից Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ իրական քայլեր կարվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

– Այս երկուսուկես տարիների ընթացքում, ինչ ես դեսպան եմ Հայաստանում, Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ իմ հանդիպումներից տպավորություն եմ ստացել, որ Թուրքիան չափազանց հետաքրքրված, շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, եւ նրանք ցանկանում են Հարավային Կովկասում խնդիրները լուծված տեսնել: ԵՄ-ի, ինչպես նաեւ մեր մոտեցումն այդ խնդրի առիթով հետեւյալն է` Հայաստան-Թուրքիա արձանագրությունները պետք է վավերացվեն` առանց նախապայմանների: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան անընդհատ շեշտում է Ղարաբաղյան խնդրի լուծումը` որպես նախապայման արձանագրությունների վավերացման հարցում, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ շատ կարեւոր է վստահության կառուցումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ` որպես հարաբերությունների բարելավման կարեւոր գործոն: Էրդողանի իշխանության 14 տարիների ընթացքում, համենայնդեպս, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարման շրջանում տեսանելի ջանքեր են եղել Հայաստանի հետ վստահության կառուցման ուղղությամբ: Այս 14 տարիների ընթացքում «ներքեւից վերեւ»` մարդկային շփումների առումով, առաջընթաց կա:

– Տիկին դեսպան, կցանկանայի խոսեիք դեսպանատան ծրագրերի, Ձեր երկուսուկես տարվա գործունեության մասին: Ի՞նչ ծրագրեր են իրականացվել, որո՞նք են հետագա առաջնահերթ ծրագրերը, եւ առհասարակ՝ ի՞նչ արդյունքներ կան, եթե ամփոփեք Ձեր գործունեության շրջանը Հայաստանում:

– Մեր առաջնահերթությունը նախեւառաջ` քաղաքական շփումների, այցերի ինտենսիվացումն է Հայաստանի եւ Բրիտանիայի միջեւ: Վերջին երկուսուկես տարիների ընթացքում փոխադարձ բազմաթիվ այցելություններ եղան: Հայաստան այցելեց Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Պարոն Սարգսյանի երդմնակալությանը ներկա էր Լորդերի պալատում ՄԹ արտաքին գործերի նախարարության խոսնակ Սոլթերիի լորդ Ուոլիսը: Այս տարի փոխայցելություն եղավ միջխորհրդարանական խմբի անդամների միջեւ, ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնում հանդիպեց Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ: Ես գոհ եմ այն աշխատանքից, որն իրականացվել է այս տարիների ընթացքում: Իհարկե, կարելի էր ավելին անել, բայց կարծում եմ՝ քաղաքական ոլորտում հանդիպումների, շփումների առումով մենք իսկապես հաջողել ենք:

Մեր երկրորդ առաջնահերթությունը բարգավաճման ծրագրերն են, հիմնականում կոմերցիոն գործունեությունն է, որը միտված է հայկական շուկայում բրիտանական բիզնեսի առկայությանը: Մեր գործունեությունը ուղղված է ոչ միայն բրիտանական ընկերություններին Հայաստան բերելուն, այլեւ գործարար միջավայրի բարելավմանը: Այս բնագավառում մեր գործունեության մեջ ունենք փոքր հաջողություններ: Հիմնական նախագիծը, որին աջակցում ենք հիմա, Ամուլսարի նախագիծն է: Սա շատ լավ օրինակ է, երբ օժանդակելով մասնավոր, կոմերցիոն գործունեությանը՝ մենք նաեւ գլոբալ առումով ավելի լայն խնդիրներ ենք փորձում լուծել, այն է՝ Հայաստանում ստեղծել պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն օրինակ: Այսինքն՝ կոնկրետ օրինակով փորձում ենք Հայաստանի կառավարությանը ցույց տալ պատասխանատու հանքարդյունաբերության իրագործման հնարավորությունը եւ միաժամանակ տալիս ենք այն գործիքները, որոնցով կարելի է հասնել դրան: Այս առումով անհրաժեշտ է աշխատել շահագրգիռ կողմերի` հ/կ-ների, տեղի բնակիչների, հասարակության հետ: Պատասխանատու հանքարդյունաբերության թափանցիկությունը կոնկրետ կարեւոր նախաձեռնություն է, որին կառավարությունը պետք է միանա եւ ցույց տա իր մասնակցությունը:

Մեր երրորդ առաջնահերթությունը Միացյալ Թագավորության արժեքների տարածումն է սոցիալական մեդիայի միջոցով, լրագրության, ազատ խոսքի, ներառական կրթության, հաշմանդամների խնդիրների վերհանում, կանանց խնդիրներ եւ մարդու իրավունքների ոլորտներում:

– Ձեր կրթական ծրագրի` Chevening կրթաթոշակի մասին ի՞նչ կասեք: Ո՞րն է այդ ծրագրի առանձնահատկությունը: Առհասարակ՝ ի՞նչ հաջողություններ կան այդ ծրագրի շրջանակներում եւ հայաստանցիների մասնակցության առումով:

– Chevening կրթաթոշակային ծրագիրը 30 տարվա պատմություն ունի: Մեր նպատակն է աջակցել այն երիտասարդներին, ովքեր կարողություն ունեն փոխելու եւ կատարելագործելու ինչ-որ բան: Այդ ծրագիրն ապագա առաջնորդների համար է, բայց առաջնորդ ասելով նկատի չունենք ապագա նախագահներ, վարչապետներ կամ նախարարներ, այլ առաջնորդներ` յուրաքանչյուրն իր բնագավառում: Մեզ չեն հետաքրքրում այն երիտասարդները, որոնք գալիս են հարցազրույցի եւ ասում են, թե` «մեզ համար հետաքրքիր կլիներ սովորել Մեծ Բրիտանիայում»: Մենք սպասում ենք այն երիտասարդներին, ովքեր կգան մեզ հետ հարցազրույցի եւ կասեն, որ ցանկանում են անել այս կամ այն գործը, եւ դա իրականացնելու համար նրանց անհրաժեշտ է այս կամ այն գործիքը:

Այս 30 տարիների ընթացքում ավելի քան 40 հազար ուսանող մեկ տարի եւ մի փոքր ավելի ժամկետով ուսանել են Միացյալ Թագավորությունում: Այդ 40 հազար ուսանողների մեջ մենք հաջողել ենք ունենալ վարչապետներ, նախարարներ, գլխավոր դատավորներ, այսինքն` առաջնորդներ հանրային կյանքում: Օրինակ` Հայաստանի գլխավոր դատախազը Chevening-ի կրթաթոշակային ծրագրի մասնակից է: Լավ օրինակ է Անգելինա Հարությունյանը, որը մեր անցյալ տարվա Chevening կրթաթոշակառուներից է, նա պաշտպանական ոլորտում է կրթություն ստացել եւ այժմ Ազգային ժողովում պաշտպանության հանձնաժողովի նախագահի խորհրդականն է:

– Իսկ ո՞րն է Ձեր անձնական ամենագլխավոր ուղերձը Հայաստանին՝ հայ հասարակության տեսլականի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունը եվրոպական համամարդկային արժեքների կրո՞ղ է:

– Իմ գործունեության կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, որ իմ եվրոպացի գործընկերներին Միացյալ Թագավորությունում, ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում շարունակում եմ պնդել, որ շարունակեն իրենց գործունեությունը Հայաստանում, աշխատանքը Հայաստանի հասարակության հետ: Դա չափազանց կարեւոր է: Սա է իմ ամենագլխավոր ուղերձը, որն աշխատում եմ փոխանցել իմ գործընկերներին:

Հարցազրույցը վարեց
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930