«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
– Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում ոչ իշխանական քառյակի համագործակցությունը և ի՞նչ կանխատեսումներ ունեք քաղաքական թեժ աշնան հետ կապված:
– Հայաստանի քաղաքական դաշտում կա իշխանություն` իր նախագահով, վարչապետով ու Ազգային ժողովում իր մեծամասնությամբ, և կա հասարակություն` իր քաղաքական կառույցներով, որը դժգոհ է այդ իշխանության գործունեությունից: Եվ այդ քաղաքական դժգոհությունը կրողներն այն քաղաքական ուժերն են, որոնք այսօր միավորված են քառյակում: Կան նաև քաղաքական այլ ուժեր, որոնք այդ ամենին չեն մասնակցում և դիտարկում են, թե ինչ է տեղի ունենում: Քառյակը ինչ-ինչ հարցերի շուրջ եկել է որոշակի ընդհանրության: Եվ այդ ընդհանրության հիմքում, կարծում եմ, նաև իրենց շահերն են, իրենց քաղաքական պատկերացումներն ու ապագան: Այդ տրամաբանությունից ելնելով՝ իրականացվել են որոշակի գործողություններ, որպեսզի հասարակական և քաղաքական դժգոհությունները միավորվեն և հրամցվեն իշխանություններին, որոնք էլ կարողանան քաղաքական հետևություններ, նաև գործողություններ անել: Հուսով եմ, որ իշխանություններին գործողություններ անել տալու նրանց այդ նպատակն իր մեջ ունի երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելու ցանկություն: Արդյունքում կլինի հանրահավաք՝ իր օրակարգով, և այդ օրակարգը ձևավորված է առաջին հերթին այն հիմնախնդիրներից, որոնք հուզում են հասարակության յուրաքանչյուր անդամի: Հարցը վերաբերում է անգամ կենցաղային խնդիրներին, որոնք այնքան են սրվել, որ այսօր քաղաքական կառույցների օրակարգ են ձևավորում:
Ձեր ուշադրությունը հրավիրեմ մի վատ երևույթի վրա՝ քաղաքական գործունեության դրսևորման այնպիսի գործիք, ինչպիսին հանրահավաքն է, իշխանությունների կողմից արժանանում է ուշադրության ոչ թե իր բովանդակային մասով, թե ինչ հարցեր են արծարծվում, այլ այն հանգամանքով, թե որքան մարդ է դրան մասնակցում: Մեխանիկական մասը դարձել է ավելի կարևոր: Դա խոսում է իշխանությունների որոշակի ողջամտության բացակայության մասին: Այդ հանրահավաքներում կարող են հնչել հարցեր, որոնք կենսական անհրաժեշտություն են երկրի համար, բայց քանի որ դրան քիչ մարդ է եկել, կարող են ուշադրություն չդարձնել:
Կարդացեք նաև
– Բայց եթե հանրահավաքներին շատ մարդ է մասնակցում, դա կարող է սպառնալիք հանդիսանալ իշխանությունների համար: Դրա համար էլ իշխանությունները կարևորում են այդ հանգամանքը:
– Դուք կարող եք ձեր դատողություններն անել, բայց ես շարունակեմ: Հասկանալով ձևավորված այդ վատ ավանդույթը՝ մենք փորձելու ենք համատեղել և բովանդակային, և կազմակերպչական հատվածները, որպեսզի իշխանությունները սթափ գնահատական տան երկրում տեղի ունեցող գործընթացներին, որովհետև իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններն այսօր կարծես թե բացակայում են: Այն բոլոր իրադարձությունները, որին մենք ականատես ենք անցած տարվանից՝ գազի թանկացում, 300 մլն դոլար պարտքի ֆիքսում, էլեկտրաէներգիայի երկու անգամ թանկացում, արտաքին պարտքի ավելացում, բերում է նրան, որ այս իշխանություններն ընդհանրապես քաղաքացու շահերը մի կողմ են դրել: Մենք կփորձենք սթափեցնել իշխանություններին, որ հասկանան, թե այդ հարցերը հուզում են հասարակությանը, և հասարակությունը պատրաստ է իր շահերը պաշտպանելու և իշխանություններին հիշեցնելու, որ Հայաստանում միայն իրենք չեն ապրում, որ կան նաև ՀՀ քաղաքացիներ, կա ժողովուրդ: Մենք ասելով՝ նկատի ունեմ քաղաքական այն ուժերին, որոնք գնալու են այդ հանրահավաքին: Նաև՝ այն ուժերը, որոնք չեն մասնակցում, բայց ինչ-որ մի պահի կարող են քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցել, պարզապես հիմա էստաֆետը տրված է քառյակին:
Ինչ վերաբերում է զարգացումներին, ապա դրանք կարող են տարբեր լինել, սակայն ավելի սուր զարգացումների համար անհրաժեշտ է մի կարևոր նախապայման՝ որ քառյակի բոլոր ուժերն իրենց օրակարգում ունենան այն մի հարցը, որը կոչվում է ամբողջական իշխանափոխություն, և որի շուրջ քառյակում կոնսենսուս չկա: Որ պահին այդ չորս ուժերն իրենց օրակարգում դնեն ամբողջական իշխանափոխության հարցը՝ հիմնավորելով, թե իշխանություններն անարդյունավետ են աշխատում, գործում են ցածր օգտակար գործողության գործակցով, չեն զբաղվում այն բաներով, որոնցով պետք էր զբաղվել, և զբաղվում են բաներով, որոնցով պետք չէր զբաղվել, այդ ժամանակ ես կարող եմ ասել, որ քառյակի քաղաքական ուժերը կիրականացնեն իրենց առաքելությունը: Եթե, իհարկե, ունեն հասարակական լրջագույն փոփոխություններ ու Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ ստեղծելու առաքելությունը:
Արմինե Ավետյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում