Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորելը երբեք ուշ չէ

Սեպտեմբեր 17,2014 10:13

Մի քանի տարի առաջ Լոնդոնում համաժողովի կազմակերպիչները հրավիրել էին մեզ՝ մասնակիցներիս, ռեստորան, որը կոչվում էր «Bleeding heart» («Արյունաթոր սիրտ»), եւ երբ ես հարցրեցի՝ արդյոք դա այն ռեստորա՞նն է, որի մասին հիշատակում է Չարլզ Դիքենսը իր «Փոքրիկ Դորիթը» վեպում, տանտերերը խիստ զարմացան: Իսկ երբ ես ասացի, որ պատանեկության տարիներիս կարդացել եմ Դիքենսի երկերի ժողովածուի 30 հատորը (ռուսերեն՝ բնականաբար), նրանք ինձ երեւի չհավատացին:

Բայց փաստը մնում է փաստ. մուգ կանաչ ժողովածուն, որը ծնողներս բաժանորդագրվել էին այն ժամանակ, երբ ես նոր էի ծնվել (1960 թվականին), հիմա էլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում իմ գրապահարանում: Շատերը կարդացել են միայն «Օլիվեր Թվիստը», բայց Դիքենսի մնացած գործերը՝ սկսած «Սուրբ ծննդի վիպակներից» եւ վերջացրած «Էդվին Դրուդի առեղծվածը» անավարտ դետեկտիվով պակաս արժեքավոր չեն: Այդ գործերը կապել են ինձ եւ, վստահ եմ, շատ-շատերին անգլիական մշակույթի հետ:
Հայաստանյան քաղաքականացված միջավայրում երկրները, նրանց ժողովուրդները կապվում են ոչ թե մշակույթի, այլ ինչ-ինչ բացասական կարծրատիպերի հետ: Օրինակ՝ երբ ասվում է «Բրիտանիա», շատերը մեր երկրում պատկերացնում են ոչ թե Շեքսպիրին, Դիքենսին կամ Սոմերսեթ Մոեմին, այլ «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը, որը լուրջ նավթային շահեր ունի Ադրբեջանում, եւ որը մեծապես ազդում է իր երկրի քաղաքականության վրա: Դե, Ռուսաստանն էլ այդ դեպքում «Գազպրոմն» է ու «Ռոսնեֆթը» եւ ոչ թե Տոլստոյը ու Դոստոեւսկին:

Պատանեկությանս նույն տարիներին, երբ չկար համացանց եւ մեր երկիրն աշխարհից փակվել էր «երկաթյա վարագույրով», մի խելացի մարդ ինձ ասաց. «Ամեն երկրում կա ամեն ինչ: Պետք է իմանալ վատը, բայց փնտրել եւ ընդօրինակել լավը»: Հասկանում եք, չէ՞: Ոչ թե ձեւավորել ինչ-որ նախապաշարված կարծիք եւ փաստեր փնտրել, որոնք կհաստատեն այդ կարծրատիպը:

Այսօրվա երիտասարդները շատ ավելի լայն հնարավորություններ ունեն աշխարհը ճանաչելու, տեղեկատվություն գտնելու, փաստերը համադրելու: Ովքեր ցանկություն ունեն՝ լայնորեն օգտվում են այդ հնարավորությունից: «Առավոտի» այսօրվա ներդիրը նվիրված է բրիտանական կրթական ծրագրերին՝ դրանք այդ հնարավորություններից մեկն են:

Մեր սերնդի առաքելությունը ես համարում եմ մեր ստացած՝ գուցե ոչ այնքան «նպատակաուղղված», գուցե չափից դուրս լայն գիտելիքների փոխանցումը հաջորդ սերունդներին: Չնայած անձամբ ես ավելի մեծ հաճույքով շարունակում եմ իմ ինքնակրթությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Մտքի մարզման համար պահանջվում էն ավելի մեծ «ներդրումներ»,քան մարզիկի մարզման պարագայում,դրա հմար է,որ մեր որոշ պատգամավորներ հրաժարվում էն դրանից։

  2. Լավատես says:

    Սովորելու համար ամենակարեվորը հարգանքի զգացումն է՝ լինի դա գրքի հեղինակի, ուսուցչի, բարեկամի թե թշնամու կամ մրցակցի հանդեպ: Տնտեսական թե քաղաքական վատ իրավիճակը բացարձակապես նշանակություն չունի տուն վերադառնալու մտքի հետ, եթե մարդիկ հարգանք ունենային ղեկավարության հանդեպ: Վատ չէր լինի մենք էլ մեր թագավորը կամ թագուհին ունենայինք, թեկուզ առանց որեւէ իրավասությունների, բայց որին բոլորս հարգեինք, էլ ոչ մի խնդիր դժվար չէր լինի լուծել:

  3. Տիգրան says:

    «Ամեն երկրում կա ամեն ինչ: Պետք է իմանալ վատը, բայց փնտրել եւ ընդօրինակել լավը»:
    Մենք վարվում ենք այլ կերպ: Չենք ճանաչում, չենք տեսնում դրսի լավը, հետեւաբար եւ չենք ընդօրինակում այդ լավը: Փոխարենը տեսնում ենք դրսի միմիայն վատը եւ բնօրինակից ավելի լավ կապկում այն՝ ներկայացնելով դա սակայն իբր թե լավ բան եւ ավելի ու ավելի ապակողմնորոշում հայ ժողովրդին: Ժողովուրդն էլ չգիտակցելով, թր խաբված է, միաբերան ձայնակցում է իրեն խաբողներին: Արդյո՞ք կազատվենք սրանից:

  4. Մարատ says:

    Հանգամանքների բերումով բոլորովին վերջերս ո՛չ թե ժամանցի համար, այլ անհրաժեշտությունից ելնելով եղա Չեխիայում եւ Գերմանիայում, ընդ որում՝ մի ՛՛խուլ՛՛ երկրամասում:
    Ակնդետ եւ անմիջականոևեն առնչվեցի եւրոպական արժեքներին. դա հումանիզմն էր առօրյա եւ ամենուրեք եւ Մարդը՝ որպես ամենակարեւորն այդ արժեքներից:
    Ու հերի՛ք է սովորելու եւ ընկալելու փոխարեն վայրահաչել եւրոպական արժեքների վրա:

  5. marine says:

    Երկիրը պետք է ունենա գոնե նվազագույն արդյունաբերական,գյուղատնտեսական
    ենթակառուցվածք,որպեսզի գրականությունը,արվեստը սպառվեն,օգտագործվեն այդ
    ենթակառուցվածքները շահագործող ինժեներների,որակյալ բանվորների,հումանի-
    տարների կողմից:Ամայացած միջավայրում,կոմեդիանտների ղեկավարության տակ
    արվեստի,գրականության պահանջարկ չկա:Հարյուրավոր գիտական կենտրոնների,
    բազմահազարանոց աշխատատեղ ունեցող գործարանների ոչնչացումը և նրանց հա-
    մար կադրեր պատրաստող կրթական օջախների արդեն ֆիկտիվ գոյությունը ինձ
    հիշեցնում է Ռեյ Բրեդբերիի ,,Ժպիտը,,պատմվածքի նախերգանք,երբ գազանացած
    ամբոխը պատառոտում էր Լեոնարդոի,,Մոննա Լիզան,,:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930