Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը` քավության նոխազ

Սեպտեմբեր 17,2014 17:00

Ասում են՝ եթե օրենքը չի գործում, կա՛մ օրենքն է պետք փոխել, կա՛մ այն կիրառողներին: Հայաստանի Հանրապետությունում քանի որ օրենք կիրառողները, Կեսարի կնոջ նման, կասկածից վեր են, անընդհատ փոխում, լրացնում, վերաշարադրում են օրենքները եւ անգամ օրենքների օրենքը` Սահմանադրությունը:

Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահն ընդունեց նոր Սահմանադրություն, երկրորդ նախագահը 2 անգամ փոփոխություն նախաձեռնեց (մեկը՝ անհաջող), հիմա էլ հերթը երրորդ նախագահինն է: Համեմատության համար ասենք, որ ժամանակակից աշխարհի առաջին՝ ԱՄՆ Սահմանադրության (1787թ.) դրույթների ընդամենը 27 փոփոխություն է կատարվել, որոնցից առաջին 10-ը (Իրավունքների հռչակագիրը)՝ գրեթե անմիջապես ուժի մեջ մտնելուց հետո: Հայաստանի հետ գրեթե միաժամանակ իրական անկախություն ստացած ու Սահմանադրություն ընդունած Լեհաստանում մեկ անգամ է փոփոխություն կատարվել՝ Եվրամիությանն անդամակցելու կապակցությամբ, նույն նկատառումներով Իսպանիայի Սահմանադրության ընդամենը երկու դրույթ է փոփոխվել: Պատճառն այն չէ, թե այդ սահմանադրությունները կատարյալ էին, պարզապես հեղինակները գիտակցաբար դժվարացրել են Սահմանադրությունը փոփոխելու գործընթացը: ԱՄՆ-ում, ասենք, պարտադիր է նահանգների երեք քառորդի համաձայնությունը, իսկ դա բավականին բարդ խնդիր է: Իսկ մեզ մոտ ընտրողների 13%-ից էլ պակասի կամքը կարող է բավարար լինել երկրի Հիմնական օրենքի փոփոխության համար:

Այնուամենայնիվ՝ ո՞րն է առաջարկվող սահմանադրական փոփոխությունների իմաստը: Ընդդիմախոսները երեք հիմնական շարժառիթ են առանձնացնում՝ իշխանության վերարտադրություն, իշխանության հավերժացում, իշխանության բոլոր լծակների եւ խմբերի հարատեւում: Այս տեսակետը, մեղմ ասած, համոզիչ չէ: Իսկ մի՞թե գործող Սահմանադրությունը երբեւէ արգելք է հանդիսացել իշխանության վերարտադրման համար, կասկածի տակ դրել համակարգի հավերժացման հնարավորությունը կամ էլ որեւէ կերպ խոչընդոտել քրեաօլիգարխիկ խմբերի գործունեությանը: Ի՞նչ տարբերություն՝ ընտրությունները համամասնակա՞ն, մեծամասնակա՞ն, թե՞ համակցված տարբերակով կկեղծեն: Ուրեմն էլ ինչո՞ւ փոփոխել:

Փոփոխությունների կողմնակիցների կարծիքով՝ դրանք պարտադիր են՝ «իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ու հակակշիռների եւ զսպումների մեխանիզմներն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար»: «Coinchռe»՝ բելոտային տերմինաբանությունն եմ անմիջապես հիշում. «չեմ հավատում»: Չեմ հավատում, թե այս խնդիրների լուծմանը որեւէ օրենսդրական դրույթի բացակայությունն էր խանգարում, կամ թե՝ հերիք է Սահմանադրությունը փոխենք, եւ կունենանք հավասարակշռված ու հակակշռված օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններ: Իսկ իմ կարծիքով՝ փոփոխությունների երկու հիմնական ու ավելի առօրեական շարժառիթ կա: Առաջինը՝ անել այն, ինչ չհաջողվեց անել «Արմենիկումով», «հայ-թուրքական արձանագրություններով», Հայաստանը ԻՏ համաշխարհային կենտրոն դարձնելու եւ նման այլ դարակազմիկ ծրագրերի միջոցով՝ մտնել պատմության մեջ: Երկրորդը՝ ժողովրդին ու ընդդիմությանը «պարապ վախտի խաղալիք» տալ՝ թող խաղան, զբաղվեն, փուքսը դուրս գա:

Ակնհայտ է, որ նույնիսկ լավագույն Սահմանադրությունը բավարար երաշխիք չէ ժողովրդավարական երկիր լինելու համար: (Մեծ Բրիտանիան գրված Սահմանադրություն, որպես այդպիսին, ընդհանրապես չունի): Իրական ժողովրդավարության համար անհրաժեշտ է, որ գործեն օրենքները եւ արժանապատիվ ապրելու սկզբունքները: Պետք չէ մեր մեղքերի համար անընդհատ քավության նոխազ դարձնել Սահմանադրությունը:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930