Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

27 տարի սպասել են պսակադրության

Սեպտեմբեր 17,2014 16:00

27 տարի համատեղ կյանքից հետո 60-ամյա Քեթիի եւ 70-ամյա Յուրայի՝ եկեղեցում ամուսնությունը նրանց կյանքին նոր իմաստ է տվել. «Սուրբ Սարգիսում» նրանց պսակն օրհնվելուց ժամեր չանցած՝ զգացել են եկեղեցում ամուսնանալու խորհուրդը: Նախ՝ ամուսինների խոսքերով ասած՝ իսկապես նորապսակների պես են, սերը «ջահելացել, թարմացել է», եւ հետո՝ հիմա միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող են դարձել»:
«Եկեղեցուց հենց եկանք տուն, ես մի «չարաճճիություն» արեցի, սպասում էի, որ Քեթին մեծ վեճ կսարքեր, բայց ոչ միայն վեճ չեղավ, այլեւ չանդրադարձավ արածիս, մի բառ չասաց, թե՝ էս ի՞նչ ես անում, ինչո՞ւ նման բան արեցիր: Եթե առաջ, այսինքն՝ եկեղեցում ամուսնանալուց առաջ անեի «չարաճճիությունը», երեւի մեր տունը «կռիվ» ընկած կլիներ, բայց լավ պրծա»,- այսպես է ներկայացնում 70-ամյա Յուրան իրենց օրհնությունը՝ անդրադառնալով «Առավոտի» հարցին, թե ի՞նչ ազդեցություն է թողել եկեղեցում պսակադրությունն իրենց կյանքի վրա:

4-v2

«Նորապսակները» պատմում են, որ այս 27 տարիների ընթացքում միշտ էլ ցանկացել են միասին մտնել եկեղեցի ու այնտեղից դուրս գալ Աստծո օրհնությամբ՝ որպես ամուսիններ: Սկզբում, չնայած այս զույգի ցանկությանը, խորհրդային կարգերն են արգելել եկեղեցով ամուսնանալ, իսկ հետո, երբ կարգերն էլ փոխվեցին, այլ խոչընդոտներ էին պատահում: «Ոնց որ թարս լիներ, մի բան միշտ մեզ խանգարում էր. հայրս մահացավ, որոշեցինք միառժամանակ հետաձգել, հետո, երբ արդեն ծրագրել էինք, թե երբ կգնանք եկեղեցի, ավտովթար եղավ, ես երկար ժամանակ վերականգնվում էի: Համ էլ՝ տարիներով եղբորս էի փնտրում, որպեսզի ինքն էլ մասնակցեր մեր պսակին, ու այսքան ձգձգվեց»,- պատմում է Յուրան:

«Նորապսակներն» ասում են՝ թեեւ ծանոթանալուց մեկ շաբաթ անց արդեն օրինական ամուսիններ էին, «ԶԱԳՍ»-ում (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն) նույնիսկ վկաներով ամրագրել են ամուսնությունը, բայց մի բան կիսատ էր մնացել: «ԶԱԳՍ-ն ինձ համար ոչինչ էր: Գիտեք, առանց Աստծո օրհնության միությունը մեղք է համարվում, ու այդ գիտակցումով, զգացումով ապրել երկար տարիներ՝ հեշտ չէ: Կյանքում ինչ արել եմ, փորձել եմ Աստծո օրհնությամբ հաստատվի, միայն ամուսնությանս հարցն էր, որ տարբեր պատճառներով այսքան տարի մնացել էր, հիմա երջանիկ ենք, օրհնություն ստացանք այն եկեղեցում, որտեղ մկրտվել եմ»,- պատմում է Յուրան:
Տիկին Քեթին «հարսի շոր» չի հագել եկեղեցի գնալիս, բայց ինչպես ասում են՝ «հարսի շո՞րն է, որ նրան պիտի գեղեցկացնի», ասում է՝ կարեւորը օրհնված մատանիներով են փոխանակվել, միմյանց երդում են տվել՝ միշտ սիրել, հնազանդ ու տեր լինել՝ նեղության ու լիության ժամանակ:

«Քեթին ինձ համար «դոպինգ» է, ես մի օր առանց նրա չեմ կարող ապրել»,- ասում Յուրան, որին ընդհատում է Քեթին ու փայլող աչքերով ավելացնում. «Ճիշտ է ասում, Յուրան առանց ինձ կմեռնի»: Այս խոսքերից ոգեւորված՝ Յուրան ձեռքերը մեկնում է կնոջն ու ասում՝ «Ուտեմ մռութդ»: Հետո իրար հերթ չտալով՝ պատմում են, թե ոնց էին ծանոթության սկզբնական շրջանում վիճում, խռովում ու բաժանվում, բայց ամենաշատը 3 շաբաթ էին դիմանում իրարից հեռու:

Քեթին ասում է, որ ամուսինը գիտի՝ ինչպես շահի իր սիրտը, մինչեւ հիմա էլ իսկական «ջենտլմենի» պես է պահում. «Ծաղիկներ նվիրելու համար առիթի չի սպասում, ինչպես որ շատ տղամարդիկ են անում, օրինակ՝ ծնունդներին կամ այլ տոներին: Յուրային հատուկ տոն պետք չէ, ամեն օր էլ տոն ենք սարքում: Ամուսինս գիտի, որ ելակ շատ եմ սիրում, անգամ ոչ սեզոնին ինձ համար ելակ է գնում»: Յուրան էլ ավելացնում է. «Փոխադարձ է ամեն ինչ, ինքն էլ ինձ համար է ամեն ինչի պատրաստ, մութ ու ցուրտ տարիներին երբ հիվանդանոցում էի, Քեթին գիշերվա կեսին ամբողջ քաղաքը ոտի տակ է տվել, որպեսզի ինձ համար դեղ գտնի, ու գտել է»:

70-ամյա այս տղամարդն ասում է, որ կնոջը սիրահարվել է առաջին հայացքից, երբ տիկինն իրավաբանի կարիք է ունեցել, դիմել է Յուրային. Յուրան էլ միանգամից տիկնոջը գերել է ու իրենով արել արդեն 27 տարի. «Ամեն առավոտ հենց լույսը բացվում է, Քեթին առաջինն իմ անունն է տալիս, խենթանում եմ կնոջս ձայնի համար»:

Ամուսիններն իրենց երջանիկ են համարում, չնայած երբեմն-երբեմն տարբեր հարցերի շուրջ վիճում են, բայց խաղաղ ընտանիքի բանալին Քեթին համարում է, որ իր ձեռքում է: Որքան էլ Յուրան զայրացնի, տիկինն իմաստուն է գտնվում. «Յուրայի ամենաբացասական կողմը, որ ինձ հունից հանում է, այն է, երբ փորձում է օտար աղջիկների հետ սեթեւեթել, այդ պահին ես ինձ շատ անհարմար եմ զգում, բայց ինձ համար ավելի հեշտ է աչք փակել դրա վրա, քան մի բան ասել: Եվ հետո՝ ես էլ ինձ հետեւում եմ, որպեսզի տեսքս միշտ տեղը լինի, անպայման ամեն օր մարմնամարզություն եմ անում, «ֆորմայի» մեջ եմ լինում, այնպես որ՝ ամուսինս ինձնով միշտ հպարտանում է: Մի ժամանակ ինձ ասում էին՝ Քեթի, երիտասարդ ես, գեղեցիկ ես, ես ասում էի՝ քիչ եք ասում, իսկ հիմա՝ 60 տարեկանում, ասում եմ՝ երիտասարդությունն անցնում է, բայց գեղեցկությունը, միեւնույն է, մնում է»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝
ԱՎԵՏԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930