Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել:
Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները:
Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա մեջ ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացրած գնով են բերել. «Համարյա բոլոր քաղցրավենիքներն արդեն 100 դրամով թանկ ենք ստացել, կոնֆետների բոլոր տեսականիներն էլ 1 կիլոգրամը 100 դրամով թանկացրել են»:
100 դրամով թանկացել են նաեւ «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները: Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանքն արտադրողներն էլ մի քանի օր հետո գինը բարձրացրած են ապրանքն առաքում: «Հիմա առայժմ «Բարի Սամարացու» երշիկեղենն ենք 100 դրամով թանկ վաճառում, բայց վստահ եմ, որ մյուսներն էլ հաջորդ անգամ թանկացրած կբերեն. սպասում ենք: Հաճախորդները որ տեսնում են այսպիսի կտրուկ թանկացումներ, իրենց ամբողջ ջղայնությունը մեզ վրա են թափում, կարծում են, թե խանութն է թանկացրել, բայց մենք մեղք չունենք: Գոնե 30-50 դրամ թանկացնեն, 100 դրամն անմիջապես աչք է ծակում: Անկեղծ ասած՝ այ սենց, որ 100, 70 դրամով թանկացնում են, մեր գործն էլ լավ չի գնում, քիչ է ծախվում, մարդիկ սկսում են քիչ օգտագործել այդ տեսակի սնունդը»,- ասաց խանութներից մեկի վաճառողուհին:
Հացի գներում վերջին մեկ շաբաթում մեր այցելած խանութների աշխատողները թանկացում չեն գրանցել, փոխարենը նկատել են, որ քաշն է նվազել. «Դե, հացի գինը չեն բարձրացնում, բայց քաշը պակասեցրել են: Մենք էլ հո գիտենք, որ հացն ինչ քաշ ունի, ու դրան համարժեք գին պիտի լինի: Բայց կշռել ենք, ու ահագին քաշը քցել են: Որ ասում էլ ենք՝ էս ի՞նչ եք անում, խի՞ եք խաբում մարդկանց, ախր մենք էլ ենք, չէ՞, էդ նույն հացն առնում, ասում են՝ բա ի՞նչ անենք՝ կամ պիտի ահագին թանկացնենք, կամ էլ սենց անենք»:
Կարդացեք նաև
Ն. Բ.
«Առավոտ» օրաթերթ
16.09.2014