Եթե կտրոն ունեցար՝ կապացուցես, որ տուգանքը վճարել ես, եթե ոչ՝ ստիպված կլինես հնգապատկված տարբերակով տուգանքը մուծել:
Մենք՝ սիրողական վարորդներս, վերջին տարիներին շատ գոհ էինք պետավտոտեսչության աշխատակիցների վարքից, նրանք այլեւս չեն կանգնում կիսախարխուլ մի անկյունում կամ ծառերի հետեւը եւ կանգնեցնում իրենց ուզած ավտոմեքենան՝ իբր, փաստաթղթերի ստուգում կատարելու, որի տակ շատ բան կար թաքնված: Այժմ մինչեւ խախտում չկատարվի, նրանք քեզ չեն կանգնեցնի, իսկ խախտում կատարելն էլ պատժվում է տուգանքով: Մենք շատ գոհ ենք, թեկուզեւ պատժվում ենք, մուծում ենք տուգանքը եւ զգոնանում՝ այլեւս այն չկրկնելով:
Ինձ հետ պատահած տհաճությունը հետեւյալն է՝ «զեբր» անցման գծերին չհասած՝ հոծ գիծը խախտել եմ 5 սմ-ով՝ իներցիայից ելնելով, եւ տուգանվել 5000 դրամով: Որոշումը ստանալուց մի քանի օր հետո մուծել եմ տուգանքը (որոշում N1301140253, 15.11.2013թ.), սակայն 9 ամիս հետո հարկադիր կատարման ծառայությունից ստանում եմ որոշում (ելք N001-00394876, 26.08.2014թ.), որ տուգանքը հնգապատկվել է, գումարը տուգանքի հետ դարձել է 30.000 դրամ ու արգելանք է դրվել բանկում ունեցած իմ գումարի վրա: Պարզաբանումը հեռախոսային զանգով չընդունվեց, եւ առաջարկեցին ներկայանալ ԴԱՀԿ:
Ես՝ 78 տարեկան ծերուկս, ստիպված քաղաքի մի ծայրից գնացի մյուս ծայրը, հերթագրվեցի, սպասեցի ուղիղ 2 ժամ, որից հետո ներկայացրի մուծածս տուգանքի կտրոնը, որը տեւեց ընդամենը կես րոպե, ու զայրացած հեռացա:
Քանի որ այսպիսի տասնյակ դեպքեր են լինում, ապա պետք է ենթադրել, որ այս ամենը ոչ թե պետավտոտեսչության մի փնթի կամ ավելի ճիշտ՝ անգրագետ աշխատակցի պատճառով է, այլ դիտավորություն է. չէ՞ որ կարելի է մինչ ԴԱՀԿ որոշում ուղարկելը՝ հետեւողական ձեւով նայել համակարգիչը, որտեղ ֆիքսված է այս ամենը, եւ ապա նոր ուղարկել: Եվ վերջապես՝ ինչո՞ւ է առանց դատարանի վճռի այն ուղարկվում հարկադիր կատարողներին, չէ՞ որ դատարանը պետք է վճիռ կայացնի տուգանքը հնգապատկելու վերաբերյալ: Պետավտոտեսչությունը կոպիտ սխալ է թույլ տալիս՝ իրեն չվերագրված գործողությունը օրենքի վերածելով:
Կարդացեք նաև
Այս ամենի պատասխանը մեկն է՝ պետավտոտեսչության աշխատակիցները մտածում են, որ մուծածս կտրոնը հնարավոր չէ 9 ամիս պահել, իսկ եթե այդ կտրոնն անձամբ չի ցուցվում, ապա տուգանքը հնգապատկվում է:
ԴԱՀԿ-ում 2 ժամ անցկացրածս ժամանակ պարզվեց, որ ոչ միայն ես, այլեւ հերթի սպասող անձանց մեծ մասը նույն խնդրով էր. մուծել էին տուգանքը, բայց ամիսներ հետո եկել եւ փորձում էին ապացուցել, որ իրենք ժամանակին վճարել են:
Ես այս ամենի համար կտայի դատարան, սակայն ափսոս, որ Հայաստանի Հանրապետությունում չկա բարոյական օրենքների խախտման համար օրենսդրություն, հակառակ դեպքում՝ եթե այս միջադեպը քաղաքակիրթ երկրում լիներ, ապա պետությունը ինձ կփոխհատուցեր հազարավոր դոլարներ, հատկապես այն բանի համար, որ գրավ դրված ոսկե զարդեղենի եւ բանկում եղած գումարի վրա ապօրինաբար արգելանք է դրվել եւ գործարարների բիզնեսը խափանել:
ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
բժիշկ, կենսաթոշակառու
«Առավոտ» օրաթերթ
16.09.2014