Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժում» գնած մահակի պատմությունը

Սեպտեմբեր 17,2014 14:30

Մարդուն մեղադրանք են առաջադրել
«կռանալուց» հետո կասկած հարուցելու համար

2014 թվականի հուլիսի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի դատավճռով Գագիկ Ավագյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման երեք ամիս ժամկետով:

Գ. Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Նա կվերցվի կալանքի՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Գագիկ Ավագյանն այս տարվա մայիսի 4-ին ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից:
2 օր հետո ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է թիվ 13145214 քրեական գործը:
Մայիսի 20-ի որոշմամբ Գագիկ Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ գործի նյութերի, Գ. Ավագյանը մայիսի 4-ին ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող, արհեստագործական եղանակով պատրաստված մետաղյա մահակ, որը նույն օրը Երեւանի Բուզանդի 1/3 հասցեի մոտ հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների կողմից:
Գագիկ Ավագյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Նախաքննության ընթացքում Գագիկ Ավագյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի մայիսի 4-ի առավոտյան գնացել է «Վերնիսաժ» տոնավաճառ՝ առեւտրով զբաղվելու:

Ըստ գործի նյութերի, նա տոնավաճառում գտնվելու ընթացքում՝ այնտեղ շրջելիս վաճառասեղաններից մեկին նկատել է սեւ գույնի մահակ, որն իրեն հետաքրքրել է: Նա զննել է, տեսել, որ այն բացովի մահակ է, հարմար է կրելու համար, ուստի 2000 ՀՀ դրամ գումար վճարելով՝ գնել է այն. «Մահակն ամրացրել է գոտկատեղին եւ Բուզանդի փողոցով գնալիս է եղել տուն: Իրեն մոտեցել են ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնց խնդրանքով ինքը ցուցադրել է մահակը, ինչից հետո իրեն ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ինքը տեղյակ չի եղել, որ այդ մահակը հանդիսացել է սառը զենք, այլապես այն չէր կրի իր մոտ եւ առհասարակ ձեռք չէր բերի: Արարքի համար զղջացել է, խնդրել է մեղմ վերաբերվել»:
Ոստիկանության աշխատակիցներն այս գործով վկաներ են:

Վկա, ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկան Արշակ Առաքելյանը ցուցմունք էր տվել, որ ծառայություն են կատարելիս եղել Կենտրոն վարչական շրջանում. «Շրջագայության ժամանակ «Վերնիսաժի» հարկայինի շենքի դիմաց նկատել են ամբաստանյալին, ով անցնում էր իրենց դիմացով եւ երբ կռացել է՝ վերնաշապիկի փողքը դուրս է եկել: Նկատել են սեւ առարկա՝ մեջքի վրա դրած: Դա իրենց մոտ կասկած է առաջացրել, մոտեցել են, խնդրել են, որպեսզի իրենց ցույց տա այդ առարկան, նա ցույց է տվել, տեսել են, որ դա եղել է մետաղյա բացովի մահակ, ինչի հետ կապված՝ ամբաստանյալն իրենց ասել է միայն, որ տեսել է այն, գնել է եւ ուղղակի որոշել է տանել տուն»:

ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկան Էդգար Կարապետյանի ցուցմունքով էլ ծառայություն իրականացնելիս նկատել են ամբաստանյալին:

Երբ վերջինս կռացել է, մեջքի վրա նկատել են սեւ գույնի երկաթի նման իր: Մոտեցել են, խնդրել են ցույց տալ: Ըստ գործի նյութերի, ցույց տալուց հետո պարզվել է, որ այն բացվող մահակ է եւ երբ հարցրել են՝ ինչ նպատակով է գնել, ամբաստանյալը պատասխանել է, որ այն պետք է տուն տաներ, ուստի իրենք սառը զենք պահելու կասկածանքով ամբաստանյալին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Դատաքրեագիտական փորձաքննության թիվ 1536-14 եզրակացության համաձայն էլ՝ մեղադրյալ Գ. Ավագյանի մոտից հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված մետաղյա մահակը պատրաստված է «արհեստագործական եղանակով, դասվում է հարվածող-փշրող սառը զենքերի» շարքին:

Դատարանի իրավական գնահատակն էլ նույնն էր, որ ամբաստանյալ Գագիկ Ավագյանն ապօրինի կերպով կրել է «հարվածող-փշրող սառը զենքերի» շարքին պատկանող զենքը: Հետեւաբար, Գագիկ Ավագյանը ենթակա է պատժի՝ կատարած արարքի համար:
Գագիկ Ավագյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Հակոբյանը դիմել է վերաքննիչ դատարան եւ պահանջում է բեկանել եւ փոփոխել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Գագիկ Ավագյանի (ՀՀ քր. օր. 235 հոդ. 4-րդ մասով – ազատազրկում 3 ամիս ժամկետով) վերաբերյալ 18.07.2014թ. դատավճիռը, նշանակված պատիժը մեղմացնել, պայմանականորեն չկիրառելով պատիժը, սահմանել ՀՀ քր. օր. 70 հոդվածով նախատեսված փորձաշրջան, կամ քննարկել եւ փոփոխել եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Մարդուն մեղադրանք են առաջադրել «կռանալուց» հետո կասկած հարուցելու համար”: Գոհ եղեք, որ երեք ամիս են տվել: “Չկռացող”-ներին 6 տարի են տալիս: Շանթ Հարությունյանին հարցրեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930