Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանաստեղծություն ուղարկողների ժամանակը

Սեպտեմբեր 17,2014 14:00

Շատ տարիներ առաջ էր։ Սեղան էինք գցել «Արմենիայում», Վարդգես Պետրոսյանին «Գարունից» ճանապարհում էինք Գրողների միություն: Վարդգեսի ընկերների նեղ շրջանակն էր, ու մենք՝ գրականության մեծերի սեղանին վախլիկ կուչ եկած, ձայն չունեցող գարունական ջահելներս։ Երգն էլ հո երգ չէր՝ մի խրոխտ կարոտ, վրեժ ու ցասում, ու գինին իր տաք թեւերի վրա առել, մեզ տարել էր Էրգիր, դարձրել խենթ մարտիրոսներ։

5-2--1Մուշեղ Գալշոյանը ոտքի վրա ավարտել էր «Գեւորգ Չաուշի երգը», ու մենք ամեն կողմից արդեն Ստամբուլ էինք մտնում, երբ Վարդգեսը, ծոծրակին առատորեն թափված մազի փունջը եռանդով ոլորելով, լաց ու ծիծաղի միջից ուրախ սրամտեց. «Գիտեք, չէ՞, վաղը եթե հայտարարեմ, թե զորահավաք է, եկեք, գնում ենք մեր հողերը ետ վերցնելու, էս երգողներից շատերը գալու փոխարեն Էրգրի մասին հայրենասիրական բանաստեղծություն կուղարկեն»:

Մեր վրա չառանք։ Ծիծաղեցինք, անցավ։ Մի կյանք ունեինք՝ էրգրին մատաղ։ Մեր պարտությունների պատմությունից մենք մեր հերոսական երգերի նմանությամբ ու պատկերով էինք Հայրենիքը սիրում։ Ու չէինք կասկածում։ Ստամբուլն էլ՝ յոթը սարի ետեւում, ով կմտածեր։ Բայց արի ու տես, ժամանակի մեքենան առաջ ընկավ ինքն իրենից, ու Խաչ պատերազմին անժամանակ կանչեց մեզ։ Հողը սրբազան տարավ քաջերին։ Մեր խենթ, միամիտ մարտիրոսներն էին, դարերի մշուշի միջից, արի ու տես, սրտով էին շոշափել մարմնավոր, հաստատ երկիրը Նաիրի։ Գնացին մանուշակագույն մայրամուտների հետքով, ու մառախուղի քողը պատանք դարձրին։ Մարդ ու անասունի վրա փխրուն խաղաղություն իջավ։ Վրա հասավ հաղթանակի գալիքը կերտելու ժամանակը։ Թաքստոցից դուրս եկան մգլոտ շապիկներով բանաստեղծություն ուղարկողները։ Դեղին կուռքերի առաջ մի պատառ հացի խաթեր չորեքթաթ մուրացողները։ Կերպարանափոխությունը ժանտախտի պես կտրեց հողի շունչը։ Ծառան թագավոր հռչակվեց, իր մնացորդին դրեց քանորդի տեղը, քանորդին գոյադուլ հայտարարեց: Վարդգեսն էլ զոհ գնաց իր մարգարեության խորշակին։ Իր տնկած որոմը իրեն էլ խժռեց, քծնանքի հասցեն մնաց Աթոռը։ Կոմունիստական ինտերնացիոնալի մարդակեր այտուցը՝ թարախակալ ու զազրահոտ, նորից պլզեց։ Ու քանի որ մգլոտ շապիկներով բանաստեղծություն ուղարկողները շատ էին, իսկ հաստատուն, իրական Նաիրին սրտով շոշափած խենթ մարտիրոսները քիչ, մեր Երկրի մեջքը թուլացավ, ոսկորը խխմեց, ծուծքը չորացավ, արյունը կանգ առավ սրտի մեջ։ Ինքն իրենից ծեծված, ինքն իր դեմ պայքարից հոգնած, ջլատված, ինքն իր բախտի հետ թշնամացած մեր Հայրենիքը, մահվան մահճում, ահա, պառկել, կենդանության նշան ցույց չի տալիս։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

Այս խորագրի տակ պարբերաբար կտպագրենք հրապարակախոս Շուշան Ղազարյանի գրառումները՝ քաղաքական ու մշակութային տարբեր իրադարձությունների մասին:

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930