Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ունես սիմֆոնիկ նվագախումբ, ազատ ես քո գործունեության մեջ»

Սեպտեմբեր 17,2014 13:30

Ըստ իտալացի դիրիժոր Պիետրո Ռիցոյի,
նույնը չես ասի օպերայինի դեպքում

Եվրոպական որոշ երկրներում մշակույթը ոչ թե ժամանցի նշանակություն ունի, այլ տվյալ երկրի տնտեսական հենարանն է, ասել է թե՝ բյուջեի ձեւավորման աղբյուրը: Օրինակ, շուրջ կես դար է՝ ինչ Ավստրիայի պետական բյուջեն հիմնականում ձեւավորվում է օպերային արվեստի հաշվին: Դա արտահայտվում է թանկ տոմսերով, նախապես «լցված» դահլիճներով, բազմաբնույթ փառատոներով եւ հյուրանոցային տուրիստական ենթակառուցվածքների մշտական հագեցվածությամբ: Իսկ Ավստրիայի փոքրիշատե մեծ քաղաքներում գործող օպերային թատրոններում իրենց «հանգիստն» է անցկացնում ոչ միայն տեղի, այլեւ աշխարհի երաժշտասեր հասարակայնությունը:

Այս օրերին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող 8-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հրավիրված իտալացի ճանաչված դիրիժոր Պիետրո Ռիցոյի (լուսանկարում) հետ «Առավոտի» հանդիպման նպատակներից մեկն էր ճշտել՝ ի վերջո թանկ հաճույք համարվող օպերային արվեստի համար աջակցության ո՞ր մոտեցումն է արդյունավետ. պետությա՞ն կողմից, թե՞ մասնավորի: Մանավանդ հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիմնադրման 80-ամյակը լրացած ազգային օպերային թատրոնը վերջին շրջանում վերակազմակերպումների մեջ է:
Մեր զրուցակիցը, որի երկացանկը, իբրեւ օպերային դիրիժոր, ընդգրկում է շուրջ 45 օպերա, նախ հայտնեց, որ իր ստեղծագործական կատարողական գործունեության 90%-ը կապված է օպերային թատրոնի հետ, հետո էլ նշեց. «Չեմ կարող միանշանակ ասել, թե որն է ավելի արդյունավետ, բայց մի բան հաստատ պարզ է. Եվրոպայում օպերային թատրոնները 99 տոկոս աջակցություն են ստանում պետությունից, ԱՄՆ-ում՝ մասնավոր անձանցից: Երկու դեպքում էլ մոտեցումը ճիշտ է: Ամենակարեւորը թատրոնի խաղացանկն է: Անհրաժեշտ է դասական օպերային գրականության հայտնի նմուշների կողքին ներկայացնել օրվա հրամայականը հանդիսացող ժամանակակից ներկայացումներ: Այս եզրահանգման եմ եկել ոչ միայն իմ երկրում, այլեւ ղեկավարելով Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Բեռլինի, Ստոկհոլմի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի եւ այլ հայտնի օպերային թատրոնները: Հանդիպել եմ նաեւ հայազգի իսկապես օպերային դեմքերի, այդ թվում՝ Վիեննայում՝ Հասմիկ Պապյանին ու Ադրինե Սիմոնյանին, Գերմանիայում՝ Կարինե Բաբաջանյանին…»:
Հարցին, թե մեներգիչների հետ կնքած պայմանագրերի դեպքում ո՞ր աշխատաոճն է արդյունավետ՝ երկարաժամկե՞տը, թե՞ կարճաժամկետը, դիրիժորը պատասխանեց. «Միանշանակ չեմ կարող ասել: Կան ներկայացումներ, որ բեմադրվում են 3-4 ամսում, հետեւաբար մեներգչի հետ իմաստ չունի երկարատեւ պայմանագիր կնքել: Կան թատրոններ էլ, որտեղ բարձրակարգ արվեստագետին իրենց մոտ պահելու համար, նույնիսկ փոքր զբաղվածության դեպքում, կնքում են շուրջ 3 տարվա պայմանագիր»: Պիետրո Ռիցոն ասաց, որ ինքը ղեկավարում է նաեւ բալետային ներկայացումներ. վերջերս Խաչատրյանի «Սպարտակը» ղեկավարել է Հելսինկիում: Հիշեց, որ իր պրոֆեսորը՝ Յորմա Պանուլան, ժամանակին այդ բալետի պրեմիերան Հելսինկիի օպերային թատրոնում ղեկավարել է հեղինակի ներկայությամբ:

Իբրեւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, Պիետրո Ռիցոն հանդես է եկել Միլանի, Վենետիկի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի եւ այլ սիմֆոնիկ ու ռադիոնվագախմբերի հետ:

Համեմատելով օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորությունը, արվեստագետը ընդամենը մեկ տարբերություն է տեսնում. երբ ունես սիմֆոնիկ նվագախումբ, ազատ ես քո գործունեության մեջ, ինչը չես կարող ասել օպերայինի դեպքում: Այնտեղ մի տեսակ «կախում» ունես մեներգիչներից, երգչախմբից, բեմադրիչից… նույնիսկ լուսային ինժեներից:
Պիետրո Ռիցոն անհամբեր սպասում է իր ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 17-ին կայանալիք համերգին: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ինքը քաջածանոթ է հայոց պատմությանը, մասնավորապես՝ մշակույթին: Նրա խոսքերով՝ «Հայաստանը խորհրդային տարիներին այդ համակարգի եզակի երկրներից էր, որ պահում էր իր մշակույթը՝ անկախ թելադրող մեքենայից: Դրանում համոզվեցի այս օրերին փորձեր անցկացնելով ֆիլհարմոնիկի հետ, որտեղ երաժիշտների մեծ մասը երիտասարդ է: Չէ՞ որ նման պրոֆեսիոնալիզմը նրանք «վաստակել» են իրենց նախորդներից: Որպես մենակատարներ հանդես կգան ճանաչված անուններ. Մեծ Բրիտանիայից ջութակահար Բորիս Բրովցինը եւ դաշնակահար Էշլի Վոսը»:

Պիետրո Ռիցոն հատկապես նշեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբից հրավեր ստանալու առաջարկի մասին. «Ուրախությամբ ընդունեցի առաջարկը, որի համար երկու առիթ կար. Երեւանյան փառատոնին հրավիրված արվեստագետների հնչեղ անունները եւ վերջերս ձեր նվագախմբի փայլուն ելույթները Իտալիայում, որին ծանոթ եմ մամուլից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930